ԱՄԻՐՅԱՆԸՙ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ ՓՈՂՈՑ ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Լրագրող Ժամանակի թելադրանքով տակավին ձայնձայնվում է Երեւանի առանձին փողոցների անվանափոխության հարցը, հասարակական եւ պետական պատկան օղակներում քննարկվում են առաջարկությունները: Ահավասիկ մեկ առաջարկ եւս. արդարացի կլինի Ամիրյան փողոցը վերանվանել արդի աշխարհում ամենաճանաչված հայորդու, սիրված արտիստ եւ երգահան, ապրող լեգենդ, մեծն Շառլ Ազնավուրի անունով: Ճշմարիտ էՙ հայրենիքում նրա համար երախտագետ գյումրեցիները վեհաշուք արձան են դրել, մայրաքաղաքում հոյաշեն կեցավայր-տուն կառուցել, հրապարակ անվանակոչել... Հանրահռչակ շանսոնյեին աշխարհն է պատվում ու մեծարում: 2017-ի օգոստոսի 24-ին Հոլիվուդիՙ հանրահայտ արվեստագետների փառքի ծառուղում, «Կենդանի կատարում» անվանակարգում, բացվեց Շառլ Ազնավուր պատվո աստղը: Հանդիսությանը մասնակցում էր 93-ամյա կենսասեր մեր երգիչը... Ուրեմն թող որ Հանրապետության հրապարակի վրա բացվող հիշյալ փողոցը նույնպես կրի մեծահռչակ հայորդու անունը: Եվ թող Անկախության օրվա զորահանդեսներին բարձրախոսը ի լուր աշխարհի ազդարարի. «...Ահա Շառլ Ազնավուր փողոցով հրապարակ են մտնում մեր փառապանծ բանակի կուռ զորասյուները եւ ռազմական տեխնիկան...»: Անշուշտ, լավ եւ արժանավորապես է հնչում... |