RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 12385, Տպվել է` 1271, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՓՅՈՒՌՔՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում բարձր ելույթների ժամանակ ծափ տալ շատ չե՞ն սիրում, թե՞ համաժողովի մասնակիցները զգացին, որ տեղն ամենեւին էլ ծափ տալու չէ, պարզ չէ: Ամեն դեպքում, երբ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ասաց, որ առաջին անգամ համաժողովին մասնակցելու են եկել Մալազիայի, Թաիլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի եւ Մյանմարի հայ համայնքների ներկայացուցիչները, դահլիճում ոչ ոք չծափահարեց: Մինչդեռ մարդիկ առաջին անգամ էին եկել իրենց հայրենիք, արժեր, գոնե Մյանմարի հայ համայնքի ներկայացուցիչներին ծափահարել, հաշվի առնելով, թե նրանք ի՞նչ պայմաններում են թողել իրենց հարազատ երկիրըՙ ժամանելով օտար հայրենիք:

Ինչեւէ, անկախ ծափահարություններից, տիկին Հակոբյանը մեծ ոգեւորությամբ ասաց, որ համաժողովը նորեկներ ունի, այն էլՙ 8 երկրից: Սա նշանակում է, որ Սփյուռքի նախարարությունը հրաշալի է աշխատելՙ նախ աշխարհում հայապահպանության գործում, քանի որ անգամ Սուդանում կամ Մալազիայում եւ կամ խիստ տենչալի Սինգապուրում մարդիկ զգացել են, որ իրենք հայ են, բացի այդ, սա նշանակում է, որ նախարարությունը լավ է աշխատել տարբեր համայնքների հետ կապեր հաստատելու առումով: Մի խոսքով, տիկին Հակոբյանը որպես Սփյուռքի նախարար կարող է եւ ոգեւորություն ապրել, բայց սա մտահոգիչ չէ՞, նկատի չունեմ այն, որ Մալազիայից, Թաիլանդից, Մյանմարից առաջին անգամ եկել են համահայկական համաժողովին, իսկ գուցե շատերըՙ նաեւ հայրենիք, այլ այն, որ Մալազիայում, Թաիլանդում, Մյանմարում այնքան հայեր են արդեն ապրում, որ համայնքներ են ձեւավորել: Այդ ե՞րբ հասցրեցին, ու որն ավելի կարեւոր էՙ ինչո՞ւ հասցրեցին: Օրինակ Մյանմարում ավելի ապահով է, քան Հայաստանո՞ւմ, փաստորեն ավելի ապահով է, ապահով ու լավ, հակառակ պարագայում հայերն այնտեղ չէին մեկնի ու մշտական բնակությունն ամրապնդելու համար համայնք չէին ձեւավորի:

Իմ տպավորությամբ Հայաստան-Սփյուռք համաժողովը, մանավանդ ընդլայնվող աշխարհագրությամբ, համահայկական ամենատխուր միջոցառումն է: Ոչ ամենեւին բանախոսների ելույթներից ելնելով, այնտեղ ամեն ինչ մեղմ ասածՙ ուրախացնող է, անգամ երբ ելույթ է ունենում Արամ Ա կաթողիկոսը, երբ կարեւորը ոչ այնքան ինչն է, այլ ինչպեսը, այլ ներկաներով: Բացի նրանից, որ այս կոնկրետ համաժողովին անգամ Մալազիայից հայեր էին եկել, դահլիճում, եթե կարելի էՙ բեմում, նստած էին ընդամենը 5 հոգի: Սփյուռքի նախարարը եւ երկու նախագահ ու երկու կաթողիկոս, բոլորն էլ Հայաստանի ու հայոց, տխուր չէ՞:

Առհասարակ սփյուռք, այն էլՙ մեծ, ինչպես ասում ենՙ անծայրածիր, ունեցող ազգը կարո՞ղ է երջանիկ լինել, մանավանդ երբ մեկի աշխարհագրությունն ու թվաքանակը մեծանում է մյուսի դատարկվելու հաշվին: Անշուշտ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, օրինակ Կանադայի հայ համայնքն առաջարկում է Հայաստանում վիրտուալ դպրոց ստեղծել, ինչը պետք է որ դուր գա ՏՏ ոլորտին սիրահարված մեր կառավարությանը, ու հավանաբար կստեղծվի այդ դպրոցը, գուցե ստեղծվի նաեւ Համահայկական խորհուրդը, ինչի մասին շատ խոսվեց համաժողովի ընթացքում, ու այն սկսի գործելՙ մինչեւ կհասկանա, որ գործելու իմաստը չկա, քանի որ ամբողջ աշխարհի հայերին հնարավոր չէ միավորել: Բայց այդ ծրագրերն ու դրանց իրականացումը մեզ երջանիկ չեն դարձնելու, որովհետեւ քանի կա Սփյուռքը, Հայաստանը չի կարող երջանիկ լինել, հարուստ, բարեկեցիկ, ուրախ կարող է, երջանիկՙ ոչ:

Ի դեպ, համաժողովի մասնակիցները Ծիծեռնակաբերդ էլ գնացին, իսկ Ցեղասպանությունը Սփյուռքի հայրն է, այսքան տխուր է այս պատմությունը...

Առջեւումՙ Հայաստան-Սփյուռք 7-րդ համաժողովն է, հետո կլինի 8-րդը... Հետո Սփյուռքը կմաշվի, կամ Հայաստանը կպարպվի. երկուսը միաժամանակ չի կարող լինել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ