ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՀՀ-ՈՒՄ ԿԻԲԵՌՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումըՙ սեպտեմբերի 18-20-ը Երեւանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:
Մարդկությունը թեւակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության եւ անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարած թվայնացմամբ ու համակարգչայնացմամբ: Դրանով իսկ ստեղծվում են նոր աննախադեպ հնարավորություններ, որոնք իրենց հետ բերում են նաեւ որակապես միանգամայն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Մասնավորապես` կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործությունները ձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է որեւէ կետից, երբ ջնջվում են պետությունների ֆիզիկական սահմաններն ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդ սպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: Ուստի յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա որպես այդ առումով փոխգործակցելի պետություն: Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է իր ագրեսիվ հարեւանի ռազմական հարձակումներին: Այդ հարձակումները ֆիզիկական տարածությունից տեղափոխվել են նաեւ վիրտուալ տարածություն: Ուստի Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգությունը էապես պայմանավորված է նրանց ոչ միայն ավանդական պաշտպանական ներուժով, այլեւ կիբեռկարողություններով: Եվ միջազգային համագործակցությունը այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական, տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարեւոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելու Հայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահովմանը եւ միջազգային գործընկերության տեսակետից գրավչության մեծացմանը: Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը ամերիկյան «Մայկրոսոֆտ» ընկերության գլխամասային գրասենյակ եւ արգասաբեր հանդիպումները ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայ մտավորական Վահե Թորոսյանի հետ: Տվյալ առումով իր ներդրումն ունի նաեւ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության` Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Այդ բազմաշերտ ու բազմուղի համագործակցության կարեւոր բաղադրիչներից է գործընկերությունը կիբեռանվտանգության ոլորտում: Մասնավորապես` հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդ մասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել ամերիկյան համալսարանի Տեղեկատվության եւ կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է եւ պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարեւոր կառույց: Այդ համագործակցության շրջանակներում մեր համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության եւ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները մշակել են եւ նշված քոլեջում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնախմբում գիտական փորձարկման են ենթարկել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետեւ հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորերս լույս տեսած համարում: Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձեւավորման նախագիծը: Այս համակարգի ներդրումը ենթադրում է տվյալ ոլորտները կառավարող հատուկ պաշտոնյաների պատրաստում` միասնական գիտելիքի հիմքի վրա, ինչի համար կենտրոնում զուգահեռաբար մշակվում է «Կիբեռտարածության ռեսուրսների ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսվում է գործարկել 2018 թ. աշնանը: ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոն հանդիսացող Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվության եւ կիբեռտարածության քոլեջի հետ այս համագործակցությունը արգասաբեր հեռանկարներ է ստեղծում Հայաստանում կիբեռոլորտի մասնավոր ու պետական հատվածների կամրջման խթանման առավել առաջավոր ամերիկյան մոդելով գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման համար: Եվ այստեղ հույժ կարեւոր դեր կարող է խաղալ մեր Հայոց սփյուռքը, քանի որ կիբեռանվտանգության ապահովումը ոչ թե համապետական, այլ համազգային խնդիր է, որի լուծումը պահանջում է ամբողջ ազգի ոչ միայն մարդկային ու նյութատեխնիկական, այլեւ կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի եւ անձնական կապերի գործարկմամբ: Եվ դրա վառ օրինակներից է «Վիասֆեր Ինտերնեյշնել» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմՏեխ» համաժողովի նախագահ Թոնի Մորոյանի , «Սինոպսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ-հետազոտող դոկտոր Երվանդ Զորյանի եւ ոլորտի սփյուռքահայ այլ գործիչների հայրենանվեր գործունեությունը: Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքահայության ակտիվ ներգրավումը եւ նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միեւնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը: Ամփոփելով, պատիվ ունեմ դիմելու կիբեռտարածության մեր հարգարժան սփուռքահայ առաջավարներինՙ Հայոց պետականության վերստեղծման 100-ամյակին ընդառաջ, գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի անվտանգ զարգացմանն ուղղված վերոնշյալ Կիբեռանվտանգության ռեսուրսների ռազմավարական կառավարման ինստիտուտի ստեղծման գործում: |