«ՏԱՆԱՎՈԼԻՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ» Հ. Ծ. «Անհնարին էր անտեսել առյուծը ներկայացնող մեր հնագույն եւ ուժեղագույն սրբապատկերը կամ կուռքը: Ժամանակի ընթացքում առյուծի նկարով հին գորգեր, ծածկոցաշալեր եւ հարակից առարկաներ հավաքելն ու հետազոտելը դարձան կիրք եւ ստիպեցին, որ ես աշխարհի հետ կիսեմ իմ հայտնագործությունները», նշել է իրանցի արվեստագետ Պարվիզ Տանավոլին լրագրող Հադանի Դիտմարսի («The Art Newspaper») հետ զրուցելիս: Նա հույս է հայտնել, որ հուլիսին Թեհրանում բացված իր ցուցահանդեսը կշրջի աշխարհով մեկ: Ցուցահանդեսում ներկայացվել են իր հավաքածուից սկահակներ, ծաղկամաններ, խնկամաններ, ծորակներ, Դարեհ աքեմենյան թագավորի ոսկյա դաշույնը, մետաղադրամներ եւ առյուծի թեմային առնչվող իր բրոնզե, չուգունե եւ կավե աշխատանքները: «Մահմեդականությունը ընդունելուց հետո առյուծի պաշտամունքը կամ կարեւորությունը չնվազեց, այլ վերահայտնվեց պաշտամունքային եւ արարողակարգային միջոցառումներում որպես հին ու նոր ավանդույթները իրար շաղկապող օղակ: Առյուծը պարսկական ոգու խորհրդանշանն է, եւ ցուցահանդեսի նպատակն է հազարամյակներ ապրած այդ ոգին ցույց տալ համայն աշխարհին», հավելել է նա: Սերը պարսկական առյուծի նկատմամբ առաջացել է արվեստագետի մոտ 1968-ին, երբ Շիրազում ձեռք է բերել հին մի գորգ առյուծի նկարով: Այդ ժամանակից սկսած իր գործերում նա վերակենդանացնում, նոր շունչ է տալիս «պարսկական առյուծին»: Սկզբնական շրջանում ցանկացել է ցուցահանդեսը կազմակերպել Լոնդոնում, բայց խորհուրդ են տվել այն անցկացնել նախ Թեհրանում: Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական հաստատություններ: Լոնդոնի Բրիտանական թանգարանի «Իսլամական եւ ժամանակակից Մերձավոր Արեւելյան արվեստի» բաժնի պատասխանատուներից Վենեշա Պորտերը մեծապես նպաստել է պատրաստելու նշված ցուցահանդեսի կատալոգը: «Պարվիզը վարպետ արվեստագետ է, պատմամշակութային արվեստների պահապանը, ով բազմաթիվ գրքեր է գրել իրանյան արվեստի մասին: Նա նաեւ անզուգական հավաքորդ է: Ոչ ոք իր նման չի հանդգնել ի մի բերել նախա եւ հետ իսլամական ժառանգությունը», ասել է Պորտերը, ով նույնպես հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կշրջի աշխարհով մեկ եւ կներկայացնի իրանյան հին ու նոր արվեստը արեւմտյան երկրներում: Ցուցահանդեսին լուսանկարներով եւ տեսաժապավեններով իր մասնակցությունն է բերել նաեւ «The Persian Wildlife Heritage Foundation»-ըՙ վայրի բնության պահպանության հիմնադրամ-ընկերությունը: Նկար 1. Պարվիզ Տանավոլի Նկար 2. Տանավոլիի բրոնզե «առյուծը» (2012 թ.) |