RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 8062, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱԽ ՔՐԴՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերի մասնագետ

Եթե սեպտեմբերի 25-ին կայանա Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, ապա տարածաշրջանում ընթացող աշխարհառազմավարական փոփոխությունները մեծ թափ կհավաքեն: Նման փոփոխությունները այս տարածաշրջանում որպես կանոն հանգեցնում են պատերազմներիՙ էթնիկ ու կրոնական բախումների, բացառված չէ նաեւ հարեւան պետությունների ներխուժումը իրեն անկախ հռչակած Քրդստանի տարածք:

Ինչու եմ ասումՙ եթե, քանի որ հասկանալի է, որ շատ բան է դրված սեղանին, ու պաշտոնական Էրբիլը մինչեւ վերջին պահը բանակցություններ կվարի թե՛ պաշտոնական Բաղդադի եւ թե միջազգային կառույցների ու այլ պետությունների հետ` ստանալու համար այն ամենը, ինչը նրան հարկավոր է տարածաշրջանում իր դիրքը ապահովելու ու ազդեցությունը մեծացնելու համար: Հիմնական պահանջը անվտանգության երաշխիքներն են, որոնք նա ցանկանում է ստանալ ԱՄՆ-ից եւ մի քանի այլ պետություններից իր տնտեսական ու քաղաքական զարգացումը տարածաշրջանում ապահովելու համար: Այս հանրաքվեն կարելի է անվանել շանտաժ, որը էրբիլին ու Բարզանիների կլանին հարկավոր է անվտանգային ձեւավորվող նոր համակարգում իրենց դերը ամրապնդելու համար:

Եվ այսպեսՙ սեղանին դրված է նոր պատերազմի վտանգը, ինչը շատերին է ստիպում ուշադիր հետեւելու իրադարձությունների զարգացմանը Քրդստանի շուրջ, քանի որ այսպիսով կորոշվի նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգային զարգացման նոր դինամիկան: Այսինքն, ներկայումս ամբողջ աշխարհը Բարզանիին համոզում է չեղարկել այդ հանրաքվեն, փոխարենը պատրաստակամություն հայտնելով տալ Իրաքյան քրդերին այն ամենը, ինչ նրանք ուզում են, բայց ոչ պաշտոնապես հայտարարված անկախությունը:

Պետք է ընդունենք, որ դե-ֆակտո Իրաքը քանդված պետություն է ու դրա վերջնական կազմալուծման սկիզբը դրեց ԱՄՆ-ը 2003թ.ի ներխուժմամբ: Իսկ «Իսլամական» կոչվող պետության ահաբեկիչների կողմից Մոսուլի ու նրա շրջակայքի գրավումից հետո Իրաքյան պետությունը որպես ամբողջական միավոր վերջնականապես կործանվեց: Մոսուլի համար պայքարը ցույց տվեց, որ այդ պետությունում ռազմական հիմնական ու մարտունակ ուժը քրդական փեշմերգա կոչվող զորաջոկատներն են, իսկ Իրաքյան բանակ կոչվածը, որի ստեղծման վրա ԱՄՆ-ը միլիարդներ էր ծախսել, իրականության մեջ գոյություն չունի: Այդ պատերազմը քրդերին նաեւ հնարավորություն տվեց ցույց տալ ոչ միայն իրենց ռազմական ներուժը, այլեւ դուրս գալ պաշտոնական Քրդստանի ինքնավարության սահմաններից եւ վերահսկողություն հաստատել նաեւ Քիրքուկ կոչվող քաղաքի նկատմամբ:

Այսպիսով Բարզանին` օգտվելով Բաղդադի թուլացումից, կարողացավ վերահսկողություն հաստատել նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուկի տարածաշրջանի նկատմամբ, որը հարուստ է նավթով եւ գազով: Իսկ այդ վերահսկողությունը օդի նման անհրաժեշտ է Քրդստան պետությանՙ անկախ գոյության ու զարգացման համար: Սակայն վերահսկողությունը նավթային ռեսուրսների նկատմամբ դեռ բավարար չէ, հարկավոր է նաեւ հնարավորություն ունենալ այդ էներգակիրները արտահանելու: Ահա այստեղ է, որ պաշտոնական Էրբիլը դառնում է շատ խոցելի ու հայտնվում կախման մեջ իր հարեւաններից:

Զրկված լինելով ծով դուրս գալու հնարավորությունից, Իրաքյան Քրդստանը լուրջ ռիսկի է գնում իր անկախության հանրաքվեով, քանի որ կարող է փաստացի շրջափակման մեջ հայտնվել իր իսկ հարեւանների կողմից: Սակայն, մյուս կողմից էլ, բավականին կազմակերպված եւ ռազմապես ավելի ուժեղ լինելով, քան պաշտոնական Բաղդադը, Էրբիլը հասկանում է, որ ինքը նման կենտրոնի կարիք այլեւս չունի ու նա ցանկանում է դառնալ ինքնուրույն խաղացող այդ տարածաշրջանում: Վերջինս նաեւ ապացուցել է բոլորին, որ ունի նաեւ ռազմական բավարար ներուժ` ապահովելու իր երկրի սահմանների պաշտպանությունը հնարավոր ներխուժումից:

Ներկայումս Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ քաղաքական խաղ է սկսվել, որին ցանկանում են մասնակցել բոլոր նրանք, որոնք այս կամ այն կերպ կապված են Մերձավոր Արեւելքի հետ կամ ունեն այնտեղ քաղաքական շահեր: Քրդստանի հանրաքվեն իրական սպառնալիք է տարածաշրջանի հատկապես այն պետությունների համար, որտեղ մեծ թիվ են կազմում քրդերը ու այդ երկրների թվում առաջինըՙ Թուրքիան: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, քրդերի թիվը այդ պետությունում 14-20 մլն է, եւ սա ամենամեծ քրդաբնակ հավաքականությունն է տարածաշրջանում, հաջորդը Իրանն էՙ 7 մլն քրդերով, եւ ապա Սիրիան` 1-2 մլն բնակչությամբ:

Այսպիսով Իրաքյան Քրդստանի ի հայտ գալը կարող է վարակիչ լինել հարեւան պետությունների քրդերի համար: Սիրիայում ընթացող պատերազմը տեղի քրդերի զինված ուժերին արդեն իսկ հնարավորություն է ընձեռել ստեղծել իրենց կողմից վերահսկվող տարածքներ, եւ բացառված չէ, որ նրանք նույնպես ցանկանան միանալ անկախացած Իրաքյան Քրդստանին:

Տարածաշրջանի քաղաքական քարտեզի փոփոխության մասին վաղուց էին խոսում, սակայն այն դե-ֆակտո արդեն իսկ սկսել է իրականություն դառնալ Իրաքի եւ ապա Սիրիայի քայքայմամբ, սակայն Իրաքի քրդերը առաջինը կլինեն, ովքեր կփորձեն դրան լիգիտիմություն տալ ու պահանջել այլ պետությունների ճանաչումը: Բարզանին ու նրա կողմնակիցները հասկանում են, որ այս պայմաններում նրանք կարող են ստանալ այն տերությունների աջակցությունը, որոնք ցանկանում են երկարաժամկետ հեռանկարով ամրապնդվել տարածաշրջանում:

Տարածաշրջանային պետություններից քրդերին առաջին հերթին աջակցում է Իսրայելը, որը ակտիվ ներդրում ունի նաեւ փեշմերգա կոչվող զինաջոկատների կայացման հարցում: Արաբական պետություններից Սաուդյան Արաբիան է, որին ձեռնտու է շիական մեծամասնություն ունեցող Իրաքի ոչնչացումը: Քրդերի անմիջական հարեւան Իրանը արդեն հայտարարել է իր կոշտ դիրքրոշումը այս հարցում` սպառնալով փակել սահմանները Քրդստանի հետ: Թուրքիան թերեւս նույնպես դեմ է այս անկախությանը, քանի որ վախենում է դրա ազդեցությունից իր տարածքում բնակվող քրդերի վրա, սակայն, միեւնույն ժամանակ, ակտիվ կապեր է պահպանում Էրբիլի հետ` փորձելով մեծացնել իր ազդեցությունը վերջինիս վրա: Թուրքիան հանդիսանում է քրդական էներգակիրները դեպի միջազգային շուկա դուրս բերելու հիմնական ուղին, հետեւաբար Քրդստանի կախվածությունը այդ պետությունից առավել է, քան մյուս հարեւաններից:

Մեծ տերություններիցՙ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը թերեւս պաշտոնապես կոչ են անում հետաձգել հանրաքվեն, սակայն իրականում երկուսն էլ դեմ չեն քրդական անկախությանը, ընդունելով նաեւ այն փաստը, որ այդ պետության հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է ու մնում է փորձել դրանից հնարավորինս շատ դիվիդենտներ շահել: Իրավիճակը սրման միտում ունի ու այն կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխության: Եթե հանրաքվեն կայանա, ապա բացառված չէ, որ բախումներ կլինեն քրդերի եւ թե պաշտոնական Բաղդադի (որը հատկապես դեմ է Քիրքուկի միացմանը Քրդստանին) եւ թե հարեւան պետությունների ու հատկապես Թուրքիայի հետ: Նման բախումները կարող են տարածվել նաեւ Թուրքիայի սահմանից ներս` ընդգրկելով հարավ-արեւելյան քրդաբնակ նահանգները:

Այսինքն, այս իրադարձությունները սկսում են զարգանալ Հայաստանի սահմանից ընդամենը 300 կմ հեռավորության վրա եւ բացառված չէ, որ դրանք կարող են հասնել նաեւ հայ-թուրքական սահմանամերձ քրդաբնակ տարածքներ, ու մենք ականատեսը լինենք թուրք-քրդական ռազմական լարվածության աճի մի նոր շրջանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ