Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԲԱՐԶԱՆԻԻՆ Պ. Ք. Մերձավոր Արեւելքում իրավիճակը կարող է արմատապես փոխվել Որքան ավելի է մոտենում Իրաքյան ինքնավար Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեի օրը, այնքան ավելի պարզ է դառնում, որ Էրբիլի գործողությունները անհնար է կանգնեցնել: Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը անտեսում է հանրաքվեից հրաժարվելու Բաղդադի խորհրդարանի պահանջները, չնայած որ դրա անդամները նախազգուշացրել են Իրաքի ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին եւ վարչապետ Հեյդար ալ-Աբադիին հանձնարարել են բոլոր միջոցները ձեռնարկել հանրաքվեն չեղարկելու համար: Սակայն Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ինքնավար տարածքի ժողովուրդը չի ընդունում քրդերի ձայնն անտեսող Բաղդադի պահանջները: Այսպես է ուրվագծվում Բաղդադ-Էրբիլ գծի առաջին եւ ամենագլխավոր ինտրիգը: Երկրորդը կապված է Արեւմուտքի եւ Էրբիլի դիմակայության հետ: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ ՄԱԿ-ը Էրբիլին առաջարկել էին հանրաքվեի անցկացման այլընտրանքՙ փորձելով նրան տարհամոզել քվեարկության անցկացման հարցում: Այլընտրանքի մանրամասնությունները չեն բացահայտվում: Քրդերի տեղեկատվական կայքերի հաղորդումներից դատելովՙ ընդհանուր գծերով ամեն ինչ հանգում է հետեւյալ երկու կետերին: Առաջինը Բաղդադի եւ Էրբիլի երկխոսության վերսկսումն է նոր պայմաններով: Երկրորդը հանրաքվեի հետաձգումն է: Բարզանին այդ առաջարկությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Քրդստանի հանրաքվեին փոխարինող որեւէ այլընտրանք չի առաջարկվել: Նա նաեւ պատասխանել է «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկի այն խոսքերին, թե հանրաքվեն միջազգայնորեն օրինական չէ: Բարզանիի խոսքերով հանրաքվեի լեգիտիմությունը բխում է Քրդստանի ժողովրդից, այլ ոչ թե դրսից: Գոյություն ունի նաեւ երրորդ ինտրիգըՙ Էրբիլ-Անկարա-Թեհրան առանցքը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան մշակել է արձագանքման ծրագիր ի դեպս Իրաքյան Քրդստանի հանրաքվեում անկախության հռչակման: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, այդ ծրագիրը չի հրապարակվել, սակայն թուրք վարչապետը խոսել է առանց այդ էլ բարդություններով լի տարածաշրջանում հնարավոր նոր բարդությունների ծագման մասին: Թուրքիայի կառավարության ղեկավարը հանրաքվեի չեղարկումից Բարզանի որոշումը անվանել է «շատ վատ», «հայտնի է մեր զգայուն վերաբերմունքը Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման նկատմամբ, երկիր, որի հետ ունենք 350 կիլոմետրանոց սահման», ասել է Յըլդըրըմը: Նա ավելացրել է, որ Թուրքիայի դիրքորոշումը կհրապարակվի Անվտանգության խորհրդի եւ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստից հետո: Թեհրանը համանման դիրք է բռնել, թեեւ այն դեռ չի հստակեցվել: Բայց ամեն դեպքում Թուրքիային եւ Իրանին միավորում են այն երկյուղները, թե «քրդական պտտահողմը» կդիպչի նաեւ իրենց, քանի որ երկու երկրներում էլ մեծ թվով քրդեր են ապրում: Առանձնահատուկ դիրք է բռնել Իսրայելը: Վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը պաշտպանում է սեփական պետականություն ստեղծելու քուրդ ժողովրդի օրինական ջանքերը: Առավել կոնկրետ արտահայտվել է իսրայելական բանակի շտաբի պետի նախկին տեղակալ Յաիր Գոլանը. «Ես չեմ կարող ուրվագծել կոնկրետ սահմանները, չեմ կարող ասել, թե հնարավոր է արդյոք ի մի բերել Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին: Մեր դարաշրջանում գուցե դա տեղի չունենա, չգիտեմ: Սակայն նկատի ունենալով արեւելքում Իրանի գոյությունը եւ տարածաշրջանի ընդհանուր անկայունությունը, կարծում եմՙ դա այնքան էլ վատ գաղափար չէ»: Բայց Էրբիլը ինչո՞ւ հենց հիմա որոշեց անցկացնել անկախության հանրաքվե: Նախ եւ առաջ, նա արդեն ունի հզոր զինված ուժեր, որոնք մարտական փորձություն են անցել «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերում: Երկրորդ, նա ամրապնդել է իր տնտեսական բազան Իրաքի հյուսիսում գտնվող նավթի հանքավայրերի շնորհիվ: Ներկայումս քրդերը ձգտում են ամրանալ Կիրկուկի շրջանում: Ճիշտ է, նավթն առաքվում է Թուրքիա, որը կարող է փակել քրդերի եկամուտների այդ կարեւոր աղբյուրը: Այնպես որ Էրբլը հույսը թերեւս դնում է Արեւմուտքի վրա, որը կարող է չեզոքացնել թուրքական գործոնը: Երրորդ, Բար-Իլանի անվան համալսարանի կապի ֆակուլտետի դասախոսներից մեկի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ Էրբիլը զգում է Բաղդադի, Թեհրանի եւ Անկարայի թուլությունը, որոնք չեն համարձակվի իր վրա հարձակվել, թեեւ, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի խոսերից դատելով, գիտակցում են, որ Մերձավոր Արեւելքում կարող է հայտնվել մի նոր Իսրայել: Իսկ քրդերը գիտակցո՞ւմ են արդյոք, թե իրենց քայլերը ինչպիսի հետեւանքներ կունենան ոչ միայն Իրաքի, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար, հարց է տալիս իսրայելցի հայտնի հրապարակախոս եւ քաղաքագետ Ավիգդոր Էսկինը : Վերջինս նշում է, որ իրաքցի քրդերի օրինակը կարող է ոգեշնչել Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի քրդերին: Ժամանակին հենց քրդերի ակտիվությունը Թուրքիային ստիպեց ռազմական գործողություններ սկսել հարեւան Սիրիայի տարածքում: Ի դեպ, Սիրիայում եւս ամեն ինչ չէ, որ հանգիստ է: Այնտեղ քրդերը 2016 թ. մարտին հայտարարեցին իրենց ինքնավար շրջանի ստեղծման մասին: Իսկ այժմ պատրաստվում են անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քչերը գիտեն, որ Իրանի ներսում քուրդ ապստամբները մարտական գործողություններ են իրականացնում: Իրանցի զինվորականները ներկայումս բախումներ են ունենում տեղացի քրդերի կազմավորումների հետ եւ կարող են դեմ լինել հակամարտության գոտու ընդլայնմանը: Թուրքիան նույնպես կձեռնարկի ինչ-ինչ գործողություններ, կարծում է Ավիգդոր Էսկինը: Այսինքն խնդիրն առաջադրվում է առավել բացահայտ ձեւով: Էսկինի կարծիքով, Իրաքյան Քրդստանի անկախության կարգավիճակ ստանալու դեպքում կարող է ծագել Սիրիայում դաշնապետություն (կոնֆեդերացիա) ստեղծելու, Թուրքիան եւ Իրանը մասնատելու հարցը: Էրբիլը ի՞նչ կանի այդ ամենի պայմաններում: Այսօր նույնիսկ Վաշինգտոնն է նախազգուշացնում քրդական ինքնավարությանը. «Վիճելի տարածքներում անկախության հանրաքվեի անցկացումը հատկապես սադրիչ եւ ապակայունացնող երեւույթ է»: Այդ դեպքում կարող է պատերազմ ծագել Բաղդադի եւ Էրբիլի միջեւ: Ինչպես գրում է քուվեյթյան Al Rai Kuwait հրատարակությունը, «երբ տարածաշրջանի վերաձեւման գործընթացը դառնա անշրջելի, Իրաքի քրդերը ստիպված կլինեն անկախության հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 25-ին»: Դրան կհաջորդի դիվանագիտական-քաղաքական տեւական ու հյուծիչ պայքար, որի ելքն առայժմ անհայտ է: Բացառված չէ Թուրքիա-Իրան-Սիրիա նոր կոալիցիայի ստեղծումը, որի անդամները հանդես կգան Իրաքյան Քրդստանի դեմ: Մի խոսքով, Մերձավոր Արեւելքի իրադրությունը հերթական անգամ փոխում է իր բնութագրերը: |