25-ԱՄՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ, ԾՈՎԱԿԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո` ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են եւ շարքից դուրս եկել: Կարեւոր համարելով համայնքների զարգացումը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, կարգավորել են գյուղի հիմնական փողոցների լուսավորության հարցը: Ծրագրի արդյունքում` տեղակայվել է 50 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 1800 մետր երկարությամբ տարածք: Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը եւ բնակիչները: «Այն ճանապարհը, որն ընտրել ենք համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնելու համար, արդարացված է ե՛ւ տնտեսական, ե՛ւ բնապահպանական, ե՛ւ բարոյական տեսանկյունից: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ծրագրով լուծվում է միայն լուսավորության խնդիրը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով կարգավորվում են առավել կարեւոր հարցեր. Էներգախնայողություն, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, սեփական հողն ու երկիրը շենացնելու` գյուղացուն փոխանցվող վստահություն: Սա մի ծրագիր է, որի արդյունավետության հաշվարկն սկսվում է լուսավորվելու պահից եւ շարունակվում տարիների ընթացքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել` սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական եւ էներգախնայող այս համակարգի ներդրման շնորհիվ, գյուղերն էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը` խնայված միջոցներն ուղղելով համայնքային կյանքի աշխուժացմանը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը` 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: Ծովակ համայնքում 1827-1828 թվականներին բնակություն են հաստատել Արեւմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթածները: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից իրականացվել է նավթամթերքի եւ տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների եւ բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արեւմտյան բարձրադիր մասում: Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են մանր ու խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, կարտոֆիլի եւ հացահատիկային բույսերի, ինչպես նաեւ բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ: |