ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻՆ Հ. Ծ. Բրյուսելյան «EUobserver-ին» տված հարցազրույցի ընթացքում Գերմանիայի քաղաքացի, թուրք այլախոհ գրող Դողան Ակհանլին նշել է, որ Էրդողանի հարձակումները է՛լ ավելի մեծ ճանաչում են բերել իրեն: Վաթսունամյա գրողը ներկայիս գտնվում է Մադրիդում, այն բանից հետո, երբ Իսպանիայի ոստիկանությունը Ինտերպոլին ներկայացված Թուրքիայի հայտի հիման վրա ձերբակալեց նրան: Նա եկել էր Իսպանիա հանգստանալու: Թուրքիան Իսպանիայից պահանջում է արտահանձնել Դողանինՙ նրան համարելով «ահաբեկիչ»: Ակհանլին, գրում է Էնդրու Ռետմանը , ծնվել է Թուրքիայում, բայց 1991-ին Գերմանիա է փախչել խուսափելու համար հետապնդումներից: Նրան հալածում էին Հայոց ցեղասպնության եւ քրդերի հանդեպ կիրառվող ճնշումների վերաբերյալ ունեցած իր դիրքորոշման համար: «Թուրքական իշխանությունները չեն կարողանում հանդուրժել այն, որ ես Թուրքիայի խնդիրներն եմ վեր հանում», նշել է նա կայքի լրագրողին, ավելացնելով, որ իր գրքերն այնքան մեծ ճանաչում չէին բերել իրեն, որքան այդ հալածանքները: Նա շնորհակալություն է հայտնել հատկապես երկու կառույցներիՙ Գյոթեի անվան ինստիտուտին եւ PEN գրողների միջազգային ընկերակցությանը հոգալու համար իր ֆինանսական կարիքները Մադրիդում, որտեղ ամեն երկուշաբթի իշխանություններին պետք է ներկայանա ապացուցելու համար, որ Մադրիդում է: «Բռնությունը Թուրքիայում պասիվ չէ: Այն սպանում է մարդկանց մեր աչքերի առաջ: Ազգայնականությունը վտանգավոր մթնոլորտ է ստեղծել: Բայց Էրդողանը չի կարող շարունակել կառավարել Թուրքիան հենվելով միայն գյուղական բնակչության վրա: Եվրոմիության երկրները պետք է ավելի ակտիվորեն պաշտպանեն աշխարհիկ եւ ժողովրդավարական ուժերին», եզրակացրել է նա: Նկար 1. Դողան Ակհանլին |