ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Բրյուսելը սփյուռքահայերի մերձեցման հարթակ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելը ոչ միայն միջազգային կազմակերպությունների առանցքային կենտրոնակետն է, այլեւ սփյուռքահայության հավաքատեղի, հարթակՙ ուր նախորդ շաբաթ հյուրընկալեց մեր հայրենակիցներինՙ անցկացնելու Եվրոպահայերի չորրորդ համագումարը: Աշխարհասփյուռ հայերն համախմբվել էին Բրյուսելի «Հայ տանը»ՙ միասին կիսելու հայությանն առնչվող մտահոգություններն ու խնդիրները, խորհելու հայանպաստ ուղիներ, գաղափարներ փոխանակելու եւ քննարկելու բոլոր այն խոչընդոտներն ու դրանց հնարավոր լուծումները, որոնք եվրոատյաններին հասու կդարձնեն Հայ դատի պահանջներինՙ դրանց արդար լուծում գտնելու համար: Եվրոպահայերի համագումարն իր բնույթով կարելի է համարել ոչ միայն քաղաքական-գաղափարախոսական սկզբունքներ ընդգրկող հարթակ, այլեւ աշխարհասփյուռ հայերին միմյանց մոտեցնելու, միմյանց հետ նոր ծանոթություններ ստեղծելու եւ ամենակարեւորըՙ միասնական լինելու, հայեցի հոգեբանությունն ամրապնդելու ժամադրավայր: Բրյուսելի հայկական կենտրոնն այդ օրերին մարդաշատ էր: Հ.Յ.Դ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախձեռնությամբ կազմակերպած երկօրյա համագումարին մասնակցում էին Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Հաչիկյանը (նստավայրըՙ Վաշինգտոն), Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ եւ ամենակարեւորըՙ Եվրոպայի տարբեր երկրներում ապրող մեծաթիվ հայեր: Համաժողովի սկզբում Հ.Յ.Դ. Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ամենայն մանրամասնությամբ խոսեց հանձնախմբի կողմից տարված եւ տարվող տարաբնույթ աշխատանքների մասին: Նա շեշտեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի խնդիրը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու համար ֆրանսիական եւ ֆլամանական խորհրդարանների հետ հետեւողական քայլերի կարեւորությունը: Վերջին տարիներին հանձնախմբի նվիրումն անհամեմատ ընդգծուն է, եւ օրերս ֆլամանական խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբՙ Արցախի հիմնահարցը միջազգային հանրությանն առավել իրազեկելու համար: Հարկավ, յուրաքանչյուր նվիրվածություն չգնահատված չի մնում, հատկապես արցախցիների կողմից: Արցախի նախագահը դատարկաձեռն չէր եկել Բրյուսել: Նա իր հետ էր բերել իր հերթական «Երախտագիտություն» շքանշանը եւ մեծ խանդավառությամբ, հպարտորեն պարգեւատրեց Հ.Յ.Դ. Եվրոպայի հանձնախմբինՙ Արցախի անկախության ճանաչման գործում ակտիվ ներդրում ունենալու համար : Ընդհանրապես Արցախի նախագահն իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել եւ սատարում են Արցախին : Հիշեցնենք, որ նույն օրը մոսկովյան բանտում իր մահկանացուն էր կնքել Արցախի մեծ բարերար, Արցախը ծաղկեցնող Լեւոն Հայրապետյանը, ով ժամանակին նույնպես «Երախտագիտություն» շքանշանով էր պարգեւատրվել : Սակայն այդ օրը, դահլիճում, Արցախի նախագահն, Արցախին սատարողներին շռայլ խոսքեր հնչեցնելով, մեկ բառով անգամ հարկ չհամարեց հիշատակել Արցախին տարիներ ի վեր զորակցող Լեւոն Հայրապետյանի անունը... Արամ Ա. կաթողիկոսն իր խոսքում հիշատակեց, որ մեր պահանջը պետք է լինի միջազգային հարթակներում, որ մեր դատը մարդու իրավունքների դատ է եւ ժամանակը հասունացել է գործելու միջազգային օրենքներով եւ մեր պահանջատիրությունը տեղափոխել իրավական դաշտ: «Մեր ազգային պահանջատիրության հիմքը նաեւ Արցախի ժողովուրդին ինքնիշխանության պահպանման հի՛մքն է», խրոխտ ելեւէջներով ասում էր կաթողիկոսը, ընդգծելով, որ Հայ դատի պայքարին պետք է տալ մարտունակություն, ճկունություն եւ այն դուրս հանել նաեւ իսլամական աշխարհի այն երկրներ, ուր հնարավոր կլինի ազգային պահանջատիրության նպաստավոր գործեր կատարել: Կաթողիկոսն անցյալի պատմական վարուվերումներից խոսելիս ընդգծեց Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջատիրության դատը, ասելով, որ այն սովորական հայց չի, այլ մեր ժողովրդի արդար իրավական իրավունքը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Եվրոպահայերի համագումարը պատմական հզոր իրողություն որակելով նշեց, որ Ցեղասպանությունից հետո Եվրոպան իր դռները բացեց հայերի առջեւ, քանի որ ծանոթ էր հայի ստեղծարար ուժին: («Ազգ»ի խմբագրության կողմից «մեղրով կտրենք» տիկին նախարարի խոսքըՙ Ֆրանսիան, որ իբր «ամենահյուրընկալ» երկիրն է եղել հայերի համար, միայն 2-րդ համաշխարհայինից հետո է քաղաքացիություն տվել հայերին, մինչ այդ նրանց «ստեղծարար ուժը» չարաչար օգտագործելով «Ռենոյի» ավտոմեքենաշինական գործարաններում: Խմբ.): Արցախի միջազգային ճանաչման հիմնահարցը գերառաջնություն համարելով նա հիշեցրեց, որ Եվրոպան դատապարտել եւ չեղարկել է ստալինյան որոշումները, բայց մինչ օրս Արցախի բռնակցման խնդիրը չգիտես ինչու արդիական չէ, այնինչ Եվրոպան պետք է հետամուտ լինի իր հարեւան ժողովրդի արդար պահանջին: Համագումարին իր խոսքն էր բերել նաեւ Եվրոխորհրդարանի պատգամավոր, հայերի մեծ բարեկամ Ֆրանկ Էնգելը : Լյուքսեմբուրգի պատգամավորն իր ելույթի առաջին իսկ պահին հիշատակեց մալթացի լրագրող Դաֆնե Գալիցիային, ով նախորդ օրը սպանվել էր ավտոմեքենայի պայթունից, քանի որ բացահայտել էր Ադրբեջանի եւ Մալթայի վարչապետի կոռուպցիոն համագործակցությունը եւ նրանց կապերը Պանամայի օֆշորային գործում: Արդարության համար հարկ է նշեկ, որ Հայաստանի քաղաքական վերնախավը միջազգային հարթակներից ազնվություն եւ անաչառություն է հայցում, բայց ամենեւին անտեսում է նախ սեփական ժողովրդի նկատմամբ ազնիվ եւ անաչառ լինելու կարեւորությունը եւ «մարդկային արժեքներ» բարձրաձայնելուց առաջ անտեսում սեփական ժողովրդի մարդկային իրավունքները: Եվ եթե Եվրոխորհրդի պատգամավորն իր ելույթը սկսեց հիշատակելով Մալթայի լրագրողի մահվան փաստը, այդ իսկ պահին անգամ, Հայաստանի ներկայացուցիչներից եւ ոչ մեկի մտքով չանցավ հետեւել մարդկային արժեքներ գնահատող եվրոպատգամավորի օրինակին եւ հիշատակել բարերար Լեւոն Հայրապետյանի անունը: Չէ՞ որ ճակատագրի հեգնանքով երկուսն էլ նույն օրն էին մահացել: Համաժողովում ելույթներ ունեցան նաեւ իրավական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. առանցքային թեման դարձյալ Հայոց ցեղասպանության եւ Արցախի հիմնահարցը առավել լայն լսարանին հասու դարձնելու խնդիրներն էին: Եվրոպահայերի համագումարը երկրորդ օրը շարունակվեց Եվրոխորհրդարանում: Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆրանկ Էնգելն համոզմունք հայտնեց, որ նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. «Մինչեւ Հայաստանը չճանաչի Արցախի անկախությունը, ասաց նա, այլ երկրներ չեն ճանաչի»: Նույնակարծիք էր նաեւ Իսրայելի պատմաբան Յաիր Աուրոնը: Նա հավելեց, որ Իսրայելն առաջիկա տարիներին չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե անգամ քաղաքական փոփոխություններ էլ լինեն, միեւնույնն էՙ Իսրայելը Ցեղասպանության հարցում կատեգորիկ կմնա : Ըստ պատմաբանի, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Իսրայելում տարիներ ի վեր բազմաթիվ փորձեր են արվել: Խնդիրը քննարկվել է նաեւ անվտանգության եւ կրթական հանձնախմբերում: Ըստ նրա, եթե կառավարությունն ազատ կողմնորոշվելու իրավունք տա կոալիցիոն անդամներին, ապա խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման կողմ քվեարկողների թիվը բավարար կլինի. 120-ից 85-ը կողմ կքվեարկեն: Մինչ օրս ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից միայն 34 են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այնպես որ առջեւում դեռ շատ անելիքներ կան, նկատեց հրեա պատմաբանը: Եվրոխորհրդարանում Արամ Ա կաթողիկոսը նրբորեն տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է քննության ընդունել Սիսի կաթողիկոսության ու եկեղեցապատկան սեփականության վերադարձի հայցը: Կաթողիկոսը զարմանքով եւ վրդովմունքով նկատեց, թե ինչպես է հնարավոր, որ միայն մեկ դատավորով որոշում է կայացվելՙ քննության չառնելով 900 էջանոց լրջագույն հայցը: Բայցեւայնպես, Արամ Ա կաթողիկոսը վճռական շեշտեց , որ գոյություն ունեն սեփականության վկայականներ, որոնք հիմնավոր փաստաթղթեր են դատարանի համար: Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանն «ԱԶԳ» ի հետ զրույցում ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս որոշումը ոչ թե հայցի մերժում է նշանակում, այլ հայցը քննության չընդունել: Հայցը նախ Թուրքիայի բոլոր դատական ատյաններով պետք էր մերժված լիներ, եւ հետո միայն ներկայացվեր Ստրասբուրգի դատարան: Եվրոխորհրդարանում Հայաստան-Եվրոպա արտաքին քաղաքականության գրասենյակի աշխատակից Ջովանի Կրեմոնին ընդգծեց նոյեմբերին ԵՄ-Հայաստան ստորագրվելիք պայմանագրի կարեւորությունը, հուսալով, որ հայկական կողմն այս անգամ ավելի վճռական կլինի: Վերջում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը հույս հայտնեց, որ չորս տարի անց, եվրոպահայերի հաջորդ համագումարին, այստեղ քննարկված շատ հարցեր արդեն լուծված կլինեն: Ընդհանուր առմամբ համագումարը կարելի էր որակել որպես ծանոթության նոր կապող օղակՙ աշխարհասփյուռ հայերին մերձեցնող հարթակ: |