RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 7872, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՞Ն ՔՐԴԵՐԻ ՀԵՏ

Պ.Ք.

Հնարավոր է նոր պատերազմ

Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել իրաքյան շիա կազմավորումների եւ քրդական «փեշմերգա» ջոկատների բախումների մասին: Երկու կողմերից կան զոհեր: Իրաքյան եւ քրդական ուժերի բախումների պայմաններում «Իսլամական պետության» ջոկատները Քիրքուկից հարավ երեք գյուղ են գրավել: Սիրիայում պարտություն կրելովՙ ջիհադիստները սկսել են ակտիվանալ Իրաքի հարավում: Այս կապակցությամբ ԱՄՆ հետախուզության նախկին գործակալ Մայքլ Պրեգենտը հայտարարել. «Ինձ թվում էՙ Բաղդադը ավելի կարեւոր է համարում պայքարը քրդերի, քան Իրաքում մնացած ԻՊ հենակետերի դեմ»:

Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին աշխարհի քրդերին կոչ է արել օգնել Իրաքի հարձակմանը ենթարկվող իրենց հայրենիքին: Նրա խոսքերով, միջազգային ընկերակցությունը մտադիր է մոռանալ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում զոհված քուրդ մարտիկներին: Միեւնույն ժամանակ Բաղդադը կարգադրել է ձերբակալել քրդական ինքնավարության ղեկավարի տեղակալ Կոսրատ Ռասուլ Ալիինՙ սադրիչ համարելով նրա այն հայտարարությունը, ըստ որի իրաքյան բանակը եւ դաշնային ոստիկանությունը օկուպացիոն ուժեր են: Բացի դրանից, Բաղդադը կարգադրել է ձերբակալել երեք բարձրաստիճան քուրդ գործիչների, որոնց մեղադրում է սեպտեմբերի 25-ի հանրաքվեի կազմակերպման համար:

Նման քայլերը սահմանափակում են Էրբիլ-Բաղդադ երկխոսության հնարավորությունը: Ինչպես նշում է Քրդստանի հայրենասիրական ճակատի առաջնորդ Ջալալ Թալաբանին , քրդական եւ իրաքյան ուժերը պատերազմի եզրին են: Դա նշանակում է, որ իրաքյան բարդ ու բազմաքայլ խաղը թեւակոխում է նոր շրջափուլ, որտեղ իրենց առավել ակտիվ կդրսեւորեն արտաքին խաղացողները: Առաջին փուլին կմասնակցեն Իրաքը, Սիրիան, Թուրքիան եւ Իրանը: Ինչպես նշում է թուրքական Hurriyet թերթը, սեպտեմբերի 25-ի հանրաքվեի նախօրեին Անկարան վստահ էր, թե հաղթաթղթերը իր ձեռքին են: Մինչդեռ հիմա, ճիշտ է, ոչ պաշտոնական մակարդակով, Անկարան խոստովանում է, որ հանրաքվեից հետո Իրաքի հյուսիսում ամրապնդվեցին Իրանի դիրքերը:

Թուրքիան սկսում է հայտարարել իրաքցի թուրքոմանների իքնավարության իրավունքի մասին: Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ճամբարներ ունեցող եւ հենց Թուրքիայում մարտնչող ՔԲԿ-ին մեղադրում է Էրբիլի եւ «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ: Ավելին, Թուրքիան վախենում է Դամասկոսի եւ Բաղդադի դաշինքի պայմաններում շիաների ազդեցության ուժեղացումից: Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան, Սիրիան եւ Իրաքը ստիպված են համագործակցել սիրիական ուղղությամբ, որտեղ ունեն ընդհանուր շահեր: Արդյոք սա չի՞ նշանակում, որ քրդերն ամեն կողմից շրջապատված են այսպիսի պետություններով, որոնք չեն ուզում նույնիսկ ինքնավար տեսնել նրանց:

Արտաքին տպավորությունն այդպիսին է: Բայց այսօր խաղի մեջ են մտնում արդեն ծանրքաշայինները: Էրբիլից հարավ քրդերի եւ շիա աշխարհազորայինների բախումների կապակցությամբ արդեն մտահոգություն են հայտնել ամերիկացիները, նշում է «Ռեգնում» գործակալությունը: ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է. «Վիճելի տարածքների վրա դաշնային իշխանության վերականգնումը բնավ չի փոխում դրանց կարգավիճակը: Դրանք վիճելի կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ դրանց կարգավիճակը կարգավորվի Իրաքի սահմանադրությանը համապատասխան: Մենք ուշի ուշով հետեւում ենք իրադարձություններին եւ կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից ու բռնարարքներից»:

Չի լռում նաեւ Իսրայելըՙ միակ երկիրը, որը պաշտպանեց իրաքցի քրդերի անկախությունը: Ինչպես հաղորդում է Reuter՛s գործակալությունը, վարչապետ Բենիամին Նաթանյահուն բանակցում է տարբեր տերությունների հետՙ փորձելով կանխել Իրաքի զինված ուժերի հարձակումները Իրաքյան Քրդստանի վրա: Նաթանյահուն այդ հարցը հեռախոսազրույցներում քննարկել է Գերմանիայի կանցլեր Մերկելի, ՌԴ Պուտինի, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձանց եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

Որոշ տեղեկությունների համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ-ն հատուկ բանաձեւ է պատրաստում Իրաքյան Քրդստանի իրադրության վերաբերյալ: Ֆրանսիական Le Monde թերթի կարծիքով, եթե մարտերը նույնիսկ նոր տարածքներ չընդգրկեն էլ, միջազգային ընկերակցությունը պարտավոր է Իրաքին նախազգուշացնել, որ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարի շրջանակներում երկիր կարող են բերվել միջազգային ուժեր: Խնդիրն այն է, որ Դամասկոսը եւ Բաղդադը պետք է համաձայնության գան կամ պատերազմ սկսեն քրդերի դեմ, որոնք նույնպես մարտնչել են ջիադիստների դեմ: Ըստ երեւույթին իրականանում են փորձագետների այն կանխատեսումները, որոնց համաձայն Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» պարտությունը խաղաղություն չի բերի ոչ միայն այդ երկրներին, այլեւ ամբողջ տարածաշրջանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ