ՆՊԱՏԱԿԸ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԾԵԾ ՈՒ ՋԱՐԴ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ «ՍԱԴԻՍՏՆԵՐԻ» ՄՇՏԱԿԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ինչո՞ւ է մեզ պարտադրվում տխրահռչակ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը սպասելի էր: Ընդ որում ասել, թե այդ նախագիծը մեր հասարակությունը բաժանեց երկու մասիՙ այնքան էլ ճիշտ չէ: Իրականում հասարակության ճնշող մեծամասնությունը ընդգծված բացասական կարծիք ունի նման օրենք ունենալու հեռանկարի նկատմամբ, իսկ այն առաջ տանողները միայն դրա դիմաց տարբերՙ փակ եւ բաց հիմնադրամներից համապատասխան վարձատրություն ստացած զանազան ՀԿ-ներն են եւ Եվրոմիության պարտադրած «տնային աշխատանքը» փայլուն կատարելու ձգտում եւ գերազանցիկ աշակերտի տպավորություն ստեղծելու ցանկություն ունեցող ՀՀ արդարադատության նախարարությունը: Կարծես թե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի անընդունելի լինելու մասին բոլոր հիմնավորումները տրվել են եւ նրա խոցելի լինելը փաստարկվելՙ հակառակ փողոցային պայքարի արդյունքում պատգամավորուհուՙ օրենքի դեմ «արգումենտացիա» չլինելու մասին կարծիքի: «Արգումենտացիաները» բազում ենՙ «հոգեբանական բռնություն», «տնտեսական բռնություն» հասկացություններն ու դրանց կամայական կիրառման լայն դաշտը, ընտանեկան կյանքում ամեն մի վեճին, դրա մասին կողմնակիՙ այդ թվում կեղծ ահազանգի դեպքում, այսպես կոչված լիազոր մարմնի միջամտելու հնարավորությունը, մարդու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը, մարդուն սեփականություն հանդիսացող բնակարանից վտարելու դրույթը, երեխաների իրավունքների ոտնահարումըՙ ընտանիքից հեռացնելու ակնհայտ լայն հնարավորություններով, բռնության տեսակավորման անհասկանալի լինելը եւ այլն: Մի խոսքով, այս նախագծի արհեստական եւ պարտադրված լինելու, հայկական ընտանիքի վրա նրա կործանարար ազդեցության մասին բոլոր հիմնավորումներն այս օրերին տրվել են հոգեբանների, իրավաբանների, հասարակական գործիչների, մտավորականներլի լայն շրջանակի կողմից: Մինչդեռ օրենքի հեղինակներն ու այն «անցկացնելու» ջատագովների կողմից ոչ մի առարկայական հակափաստարկՙ բացառությամբ կանանց նկատմամբ ընտանիքում բռնության առանձին դեպքերի, որոնք, չգիտես ինչու, փոխանակ իրավական հետեւանքներ ունենան եւ բռնություն գործադրողները պատժվեն գործող օրենքով, դառնում են մուտանտ օրենքի նախագծի «հիմնավորում»: Միայն այն փաստը, որ բացահայտ դարձավ այս օրենքի արդյունավետության մասին տրված հարցին օրենքի նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի պատասխանից, բավարար էր, որ այն պարզապես աղբարկղ նետվեր: Հիշեցնենք, փոխնախարարը հայտնեց, որ 120 երկրներում այս օրենքը գործում է, իսկ դրա արդյունավետության մասին տվյալներ չկան: Ինչեւէ: Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, չհնչեց գլխավոր փաստարկը օրենքի նախագծի դեմՙ այն ընդունվելու դեպքում իսկական բռնարարները կամ օրենքի լոբբիինգն անողների բնորոշմամբՙ «սադիստները», որոնք ամեն օր իրենց կանանց կամ երեխաներին են ծեծում, հնարավորություն են ստանում խուսափել քրեական պատասխանատվություն կրելուց: Ինչի՞ մասին է խոսքը: Մինչ ոստիկանությունը նախազգուշացնում, հաշվառման է վերցնում, եզրակացություն է տալիս, տեղեկատվություն է տալիս լիազոր մարմնին ընտանեկան բռնության մասին, վերոնշյալ ծեծուջարդի սովոր «սադիստը» շարունակում է իր գործը ամեն օր: Անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանությունը կարող է կայացնել առանց այս օրենքի նախագծիՙ գրանցելով ծեծի մասին ստացված ահազանգը եւ սկսելով հետաքննություն: Հետաքննություն սկսելու փաստը արդեն իսկ զսպող գործոն կդառնա ընտանիքում սիստեմատիկ ծեծ կիրառողների նկատմամբ, իսկ հետագայում հետաքննությունը կարող է փոխարինվել քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ, որի դեպքում արդեն բռնություն կիրառողին կարող են սպառնալ ՀՀ Քրեական օրենսգրքի հետեւյալ երկու հոդվածները, որոնք, անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ խստացնել . «Հոդված 117. Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստՙ պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներովՙ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքովՙ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հոդված 118. Ծեծը Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներՙ պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներովՙ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքովՙ առավելագույնը երկու ամիս ժամկետով»: Հիմա հարց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը մեր վզին փաթաթող «քաղաքակիրթ» գրանտակերներինՙ ինչո՞ւ նրանք իրենց ողջ ջանքերը, կարողությունները չեն ուղղում մշտական ծեծ ու ջարդ իրականացնող մարդկանց «Քրեական օրենսգրքի» վերոնշյալ երկու հոդվածներով նախատեսված պատիժները գործադրելու ուղղությամբ, այլ փորձում են նոր օրենք մեզ պարտադրել, որտեղ ամեն ընտանեկան վեճ կարող է դառնալ անհարկի եւ անցանկալի միջամտության առիթ: Այսինքն, նրանք համերաշխ ենՙ իրենց իսկ բնորոշմամբ այդ «սադիստների» հետ, քանզի հենց վերջիններիս շնորհիվ են ստանում դրամաշնորհներ եւ այսպես ասած «ապրում»ՙ իրենց սնողների պահանջով մեզ բոլորիս նման օրենքներ պարտադրելով: Հետեւաբար, եզրակացությունը մեկն էՙ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նպատակը ոչ այլ ինչ է, քան այդ բռնությունը տվյալ ընտանիքներում հավերժ պահպանելը եւ այն գործադրողների մշտական գոյությունը, իսկ նման խնդիր չունեցող ընտանիքներում անառողջ լարվածություն սերմանելը, որն ի վերջո հանգեցնելու է այդ ընտանիքների քայքայմանը : Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա երեւի ժամանակն է գիտակցել, որ չի կարելի այդքան պարտաճանաչորեն կատարել ԵՄ-ի երբեք չվերջացող պարտադրանքները, որոնք մեծամասամբ հակասում են մեր ազգային, պետական շահերին, մեր մտածողությանն ու պատմականորեն հաստատված արժեհամակարգին: Աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ եւ տարածաշրջան ունի իր յուրահատկությունները եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ ամենուր գործեն արեմւտյան «արժեքները», որոնց մեծ մասը այդ նույն Եվրոպայում եւ Ամերիկայում չեն կիրառվում կամ կիրառվում են ըստ նպատակահարմարության, փոխարենը պարտադրվում են, որ անվերապահորեն կիրառվեն մնացած աշխարհում: Հ.Գ.- Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բառացիորեն հետեւյալն ասաց. «Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, իսկ այս օրենքինը` կանխարգելել հետագա զարգացումը, խորացումը եւ սրացումը»: Դրանով նա, ըստ էության, հաստատեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը վերոնշյալ «սադիստներին» չի առնչվելուՙ ինչպես փորձում էին դրա ընդունման անհրաժեշտությունը լալահառաչ տեսարաններ սարքելով հիմնավորել «քաղաքակիրթ» գրանտակերները: Այսինքն, արդարադատության նախարարը փաստորեն «փարատեց» բոլոր տարակարծություններն այն մասին, որ այս օրենքն իբր թե բռնություն գործադրողների դեմ էՙ այս օրենքը ուղղակիորեն առնչվելու է այն ընտանիքներին, որտեղ չկա ծեծ ու ջարդ եւ որտեղ ամուսինների յուրաքանչյուր վիճաբանությունը կամ երեխայի կամակորության դրսեւորումներին ծնողական արձագանքը կարող է միջամտության առիթ դառնալ: |