RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 7788, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍԻՆՙ ԱՌԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Մինչ Ռուբեն Սադոյանը կնշանակվեր Վրաստանում ՀՀ դեսպանՙ փոխարինելով Յուրի Վարդանյանին, ես անձամբ, խոստովանեմ, նրա մասին որեւէ բան չգիտեի, չգիտեի անգամ, որ նա ԱԺ պատգամավոր է, ընդ որումՙ երկարամյա: Հետեւաբար, երբ նախագահի որոշմամբ պարոն Սադոյանը դարձավ Նորին Գերազանցություն, ես Google որոնման համակարգով սկսեցի նրա մասին տեղեկություններ հավաքել: Առաջինն ինչ բերեց Google-ը այն էր, որ Ռուբեն Սադոյանը ԱԺ-ի պատգամավոր է եւ ինձ առաջարկեց մտնել ԱԺ-ի պաշտոնական կայքՙ ծանոթանալու պարոն Սադոյանի կենսագրությանը:

Ծանոթացա, ըստ այդմ Ռուբեն Ալֆրեդի Սադոյանը ծնվել է 1968-ին Երեւանում, ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, մասնագիտությամբՙ ֆինանսիստ-տնտեսագետ է (սա շատ կարեւոր է): Ավարտելուց հետո անմիջապես աշխատել է որպես հաշվապահ, երկար տարիներ աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում, հիմնադրել է ՍՊԸ-ներ, ապա աշխատանքի է անցել էլեկտրական ցանցերում, հետո նորից վերադարձել հարկային ոլորտ, մի խոսքով... Բանակում չի ծառայել: 2003-04-ին, երբ Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետն էր (սա շատ կարեւոր է), պարոն Սադոյանը աշխատել է որպես Կենտրոն-կանաչապատում ՓԲԸ -ի փոխտնօրեն: Դեՙ զբաղվել է Երեւանի կենտրոնի կանաչապատմամբ, այսինքնՙ եթե 2003-04-ին Երեւանի կոնկրետ կենտրոնը լավ չի կանաչապատվել, կամ առհասարակ չի կանաչապատվել, ապա մեղավորն արդեն գիտենք, թե ով է: Ապա, 2005-ին, պարոն Սադոյանը հիմնադրում է Յունիգրաֆ-Իքս ՍՊԸ -ն: ՍՊԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալել Երեւանի քաղաքապետարանի հետ (քաղաքապետը Բեգլարյանն էր), մասնավորաբար զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով:

Բայց այստեղ կանգ առնենք. բանն այն է, որ պարոն Սադոյանի (իսկ վերջինս, հիշեցնեմ, Վրաստանում մեր նոր արտակարգ եւ լիազոր դեսպանն է) մասին Google-ի բերած երկրորդ հոդվածը...բայց ավելի լավ է դրա միայն վերնագիրն ասեմՙ «Թե ինչպես շուն խփող Ռուբոն դարձավ ԱԺ պատգամավոր» : Խոստովանեմՙ հոդվածին ծանոթանալուց հետո եւ առհասարակ տեղեկանալով, որ պարոն Ռուբեն Սադոյանը որոշ շրջանակներում հայտնի է շուն խփող Ռուբո անունով, մեծ էր գայթակղությունն այս հոդվածը վերնագրելՙ «Թե ինչպես շուն խփող Ռուբոն դարձավ Վրաստանում ՀՀ դեսպան» : Ինչեւէ... Ի դեպ, Ռուբեն Սադոյանի հիշյալ մականունն ամենեւին էլ չափազանցված չէ, բանն այն է, որ Յունիգրաֆ-Իքսը իրականում զբաղված է եղել ոչ թե թափառող շների ստերիլիզացմամբ, այլ դրանց ուղղակի սատկացրել է, անշուշտ քաղաքային բյուջեի փողերով: Պարոն Սադոյանի մասին իմացա նաեւ, որ նրա ընտանեկան քավորը ինքըՙ Գագիկ Բեգլարյանն է անձամբ, դրա համար էլ շատ կարեւոր է, որ Սադոյանը քաղաքապետարանի հետ գործ է արել քաղաքապետ Բեգլարյանի օրոք միայն: Հետո դարձել է պատգամավոր: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ պարոն Սադոյանը մշտապես կողմ է քվեարկել իշխանական նախագծերին, եթե իհարկե նիստերին ներկա է գտնվել:

Վրաստանում մեր նոր դեսպանի մասին կարեւոր է իմանալ նաեւ, որ 2015-ին մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ պարոն Սադոյանն, ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀ բանկերին միլիոնների հասնող պարտքեր ուներ: Բանկերն էլ, չկարողանալով հետ ստանալ իրենց գումարները, դատի են տվել ԱԺ պատգամավորին: Կոնկրետ այդ տարի, կոնկրետ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվել Ամերիա բանկի հայցն ընդդեմ Ռուբեն Սադոյանի: Բայց սա չէ կարեւորը, այլ այն, որ գործը քննելու համար նշանակվել է դատավոր Գագիկ Խանդանյանը , որը, լրիվ պատահաբար անշուշտ, Գագիկ Բեգլարյանի խնամին է, իսկ վերջինս, հիշում ենք, Ռուբեն Սադոյանի քավորն է: Թե ի՞նչ եղավ այդ գործի հետ, ոչ ոք չգիտի, գոնե Google-ը հաստատ չգիտի, երեւի կորավ. ամեն դեպքում վարկած է:

Թե ինչ կլինի հիմաՙ մեզ համար մեղմ ասած կարեւոր Վրաստանում մեր գործերի հետ, կրկին ոչ ոք չգիտի: Ամեն դեպքում հոռետեսն ասում էՙ ավելի վատ է լինելու, լավատեսն ասում էՙ սրանից ավելի վատ չի կարող լինել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ