RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 7088, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՙ ՈՒՂՂՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության եւ «ՊրոԱրտ» ընկերության գործակցության արդյունքում ստեղծված եւ ավստրիական ճանաչված SONY DADC ընկերության գործարանում հրատարակվածՙ «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմն իր պատվավոր տեղն է գտել Դիլիջանի ամենահին շինություններից մեկում: 19-րդ դարում այն իշխանուհի Մարիամ Թումանյանի համար ծառայել է որպես ամառանոց, իսկ խորհրդային տարիներիցՙ ստանձնել է ժողովրդական արվեստի պահպանման առաքելությունը, հետագայում վերածվելով Ժողովրդական արվեստի կենտրոնիՙ Դիլիջանի մասնաճյուղ-թանգարանի: Այդ հարցում իր կարեւոր ներդրում է ունեցել Վանից գաղթած, Դիլիջանի հին փողոցի նախագծման աշխատանքներին մասնակցած, վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, ում անունն էլ կրում է թանգարանը: Այսօր թանգարանը ստեղծագործական մտքերի քննարկման յուրօրինակ հավաքատեղի է դարձել Դիլիջանի ստեղծագործողների համար:

Ութ ձայնասկավառակից բաղկացած, թվայնացված «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմը սերունդներին փոխանցվող ինքնատիպ ժառանգություն է: Այն դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի եւ ազգային երաժշտական ավելի քան 10 գործիքի համար գրված ստեղծագործությունների հավաքածու է:

Շուրջ 1000 օրինակով թողարկված ալբոմը ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների եւ մասնավոր հավաքածուների հիման վրա, ալբոմի ստեղծմանը մասնակցել են Հայաստանի լավագույն դիզայներները, թարգմանիչները, հնչյունային ինժեներները, երաժշտագետները եւ մշակութային գործիչները, իսկ ստեղծագործությունները ներկայացնում են հայտնի կատարողները:

Թանգարանի ցուցադրությունների շունչն ու ոգին լրացնող ազգային երաժշտությունը կնպաստի նաեւ հայկական նվագարանների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը եւ մարզում մշակութային կյանքի աշխուժացմանը: Ալբոմը նախատեսված չէ վաճառքի համար եւ տրամադրվելու է ազգային երաժշտության տարածմանն աջակցող հաստատություններին:

«Մշակույթը յուրաքանչյուր ազգի հոգեւոր նկարագիրն է: Ժամանակին համահունչ լինելով հանդերձՙ անհրաժեշտ է հնարավորության սահմաններում մաքուր պահել ազգը սնող աղբյուրը: Որքան էլ անսպասելի հնչիՙ այդ հարցում անչափ մեծ է մարզերի դերը: Մեր այստեղ լինելը պատահական չէ. եթե ձեզ հաջողվել է աչքի լույսի պես պահել 19-րդ դարի այս շինությունը եւ այն վերածել թանգարանի, ուրեմն ազգային գործիքների համար թվայնացված ալբոմն իր արժանի տեղն է գտել: Ստեղծված ձայնասկավառակներն իրական արժեք են, եւ հույս ունեմՙ կծառայեն ազգային երաժշտության եւ արվեստի պահպանման նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ կողմերի գործակցության արդյունքում, նույն սկզբունքով ստեղծվել էին նաեւ «Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ», «Արամ Խաչատրյան-110», «Կոմիտաս-145» ալբոմները: Չորս ալբոմից կազմված թվայնացված ձայնասկավառակների հավաքածուն համալրել է Հանրային ռադիոյի ձայնադարանը: Գործակցող կողմերի որոշմամբ, թանգարանին նվիրվեցին թվարկված բոլոր ալբոմները:

Մշակույթի զարգացմանն ուղղվածՙ վերը նշված ծրագրերի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 89 մլն. դրամի սոցիալական ներդրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ