RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 7092, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԻ ԱՌՆՎԱԶՆ ԻՆԸ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐ ԿԱՊ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ

Պ.Ք.

Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ռուսաստանի հետ կապեր ունեցած վարչակազմի անդամներին ներկայացնել որպես երկրորդական անձինք, հայտնի է դարձել, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը նրանցից մի քանիսին ներգրավված է համարում նախագահ Թրամփի նախընտրական արշավին ռուսների միջամտության գործում: Այդ մասին գրում են The Washington Post-ի թղթակիցներ Ռոզալինդ Հելդերմանը, Թոմ Համբուրգերը եւ Քերոլ Լեոնինգը:

Թրամփի նախընտրական շտաբի պետ Պապադոպուլոսի անցյալ շաբաթ հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ դատախազ Մյուլլերի թիմը հետաքրքրված է Թրամփի շտաբի գործողություններով, ներառյալ Մոսկվայի հետ նույնիսկ ամենացածր մակարդակի շփումներով, ասվում է հոդվածում: Մյուլլերի այդ հետաքրքրությունը կարող է տարածվել նաեւ Թրամփի բիզնեսի վրա: Հատուկ դատախազի գրասենյակը վերջերս պահանջեց 2015թ. Մոսկվայում Թրամփ Թաուերի կառուցման չիրականացված կառուցման հետ կապված փաստաթղթեր:

Թրամփին սպառնացող գլխավոր հարցն այն է, թե արդյոք դա կապվա՞ծ է եղել նրա շտաբի տրամադրությունները բացահայտելու եւ այնտեղ թափանցելու փորձ կատարելու Ռուսաստանի իշխանությունների համաձայնեցված գործողությունների հետ, թե՞ դրանք եղել են մեկուսի եւ պատահական զուգադիպություններ, գրում են հեղինակները: Վերջին հաշվով Մյուլլերը պետք է որոշի, թե Թրամփի շրջապատի որոշ անձինք իրենց գործողությունները համակարգե՞լ են արդյոք ռուսների հետ եւ եթե այո, ապա նման գործողությունները եղե՞լ են արդյոք անօրինական կամ անպատշաճ: Գործակցությունն ինքնին հանցանք չէ:

Վերջերս ի հայտ եկած նոր փաստաթղթերը եւ հարցազրույցները ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ նախընտրական արշավի ընթացքում եւ անցումային ժամանակաշրջանում Թրամփի վարչակազմի առնվազն ինը անդամներ կապեր են ունեցել Ռուսաստանի հետ: Նրանցից ոմանք լավ հայտնի են, մյուսներն էլ, ինչպես Պապադոպուլոսը, սակավ հայտնի մարդիկ են:

Թրամփի շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորտը լայն կապեր է ունեցել Ռուսաստանի գործարար շրջանակների հետ: Նա շարունակել է սերտ առնչությունները նախագահ Պուտինի մերձավոր գործարարներից մեկի հետ, վերջինիս հետ քննարկելով շտաբի ճեպասուլիսների անցկացումը: Trump Organization-ի փաստաբան Մայքլ Քոենը միջնորդների օգնությամբ նամակագրություն է ունեցել Մոսկվայում Թրամփ Թաուերի կառուցմանն առնչվող իրավաբանական անձանց հետ:

Նյու Յորքի Թրամփ Թաուերում ռուսների հետ Թրամփ կրտսերի հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսները խոստացել են փոխանցել Հիլարի Քլինթոնի հետ կապված վարկաբեկիչ նյութեր: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Թրամփի փեսանՙ Ջարեդ Կուշները: Դեկտեմբերին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Կիսլյակովի հետ հանդիպման ժամանակ Կուշները քննարկել է Թրամփի անցումային թիմի հետ Կրեմլի գաղտնի կապի ստեղծման հարցը:

Պապադոպուլոսը քանիցս փորձել է աշխատել ռուսների հետ, որպեսզի կազմակերպի Թրամփի եւ Պուտինի հանդիպումը, նշում են հիշյալ լրագրողները: Շտաբի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Քարտեր Փեյջը Մոսկվա մեկնեց նախընտրական արշավի ժամանակ: Արտաքին քաղաքականության գծով մեկ ուրիշ խորհրդականՙ Ջ. Գորդոնը ՌԴ դեսպանի հետ հանդիպում ունեցավ Հանրապետական կուսակցության ազգային համագումարի օրերին: Ռուս դեսպանը հանդիպում ունեցավ նաեւ այն ժամանակվա սենատոր, իսկ ներկայումս Թրամփի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ, եւ հակառուսական պատժամիջոցները քննարկեց ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ֆլինի հետ: Այդ խոսակցությունը ի վերջո հանգեցրեց Ֆլինի պաշտոնաթողությանը:

Փորձագետները այս ամենի մեջ տեսնում են Թրամփի շտաբ ներթափանցելու նպատակով Կրեմլի համաձայնեցված գործողությունները: Այստեղ զգացվում է ռուսական հետախուզության գործելաոճը, որի գործողությունների ընդհանուր սխեման միտված է հակառակորդի թույլ տեղերի բացահայտմանը, նշում է ԿՀՎ պաշտոնաթող աշխատակից Սթիվ Հոլը:

Հեղինակները նշում են, որ ընտրարշավի ընթացքում ռուսների հետ գործարար կապեր ունեցող որոշ մարդիկ ձգտում էին խցկվել Թրամփի շտաբ:

Մանաֆորտը, որին անցյալ շաբաթ ներկայացվեցին փողերի լվացման, կեղծ վկայության եւ որպես օտարերկրյա լոբբիստ գրանցվելու բացակայության մեղադրանքներ, իբրեւ Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ աշխատել է Ուկրաինայում եւ անցյալում բազմամիլիոնանոց գործարքներ է կնքել ռուսաստանցի ալյումինային մագնատ Օլեգ Դերիպասկայի հետ: Թրամփի նախընտրական շտաբում մասնակցելու հինգ ամիսների ընթացքում նա քանիցս շփվել է իր կիեւյան գրասենյակի ռուսաստանցի աշխատակից Կոնստանտին Կիլիմնիկի հետ, որը պաշտոնաթող զինվորական է եւ որը, հեղինակների խոսքերով, եղել է զինվորական հետախույզ:

Մանաֆորտը Կիլիմնիկին խնդրել է էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկել Դերիպասկայինՙ առաջարկելով խորհրդապահական ճեպասուլիսներ Թրամփի շտաբի վերաբերյալ:

Trump Organization-ի փաստաբան եւ վստահյալ անձ Քոենը նախընտրական արշավի ժամանակ ներկայացրել է Մոսկվայում Թրամփ Թաուերի շինարարությամբ շահագրգռված ռուսների երկու առաջարկություն: Նա ընդունել է դրանցից մեկըՙ դրանով իսկ արժանանալով դատախազ Մյուլլերի ուշադրությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ