ԱՐՑԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ՓԱՍՏ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Պ. Ք. Իսկ մյուսների՞ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները երկկողմ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկու երկրների մասնակցության վկայություններից են: Սակայն հորիզոնում ի հայտ է եկել նոր նրբերանգ. նոյեմբերի վերջերին Բրյուսելում սպասվում է Եվրոմիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ավելին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բարձրագոչ հայտարարություն, որի համաձայն Եվրոմիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումից կախված կլինի ՀՀ ինքնիշխանության մակարդակը: Դա որոշ փորձագետների հիմք տվեց պնդելու, թե Երեւանը վերստին հայտնվել է իր զարգացման ճամփաբաժանում: ԻՆչպես 2013թ. հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ԵԱՏՄ-ին անդամակցելը խոչընդոտում է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Թե հետո ինչ տեղի ունեցավ 2013-ին, ամենքին հայտնի է: Այնուհետեւ մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր, որը չի պարունակում խիստ կտրական պայմաններ: Եթե համաձայնագրից հանենք դրա տնտեսական բաղադրիչը, ապա կուրվագծվի մի հետաքրքրական պատկեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Դրա առաջին մասը հետեւյալն է: Բանն այն է, որ Եվրոմիության հետ բանակցություններ վարել է նաեւ Բաքուն: Բայց Եվրոմիությունը հրաժարվում է նախաբանում ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում» արտահայտությունը, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ դա իրեն ապահովագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ որոշակի ձեւակերպումներով համաձայնագիր ստորագրելովՙ Եվրոմիությունը չի կարող կամայականորեն այն փոխել Ադրբեջանի դեպքում: «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-ամյակի առթիվ օրերս ելույթ ունենալովՙ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ սկզբունքային փոփոխություն կատարել ԼՂ հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ: Խոսելով Եվրոպայի մասին, նա ընդգծեց, որ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները ապրել են արհեստական ճգնաժամ, եւ եթե այդ ճգնաժամը խորանա, ապա Ադրբեջանն իրավասու կլինի կատարելու իր ընտրությունը: Բայց գլխավորը Ալիեւի այն պնդումն է, թե Ադրբեջանը թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծում, թեեւ Արցախի Հանրապետությունը փաստորեն արդեն գոյություն ունի: Ինտրիգի երկրորդ մասն այն է, որ Ադրբեջանը հասկացնել է տալիս, թե Արեւմուտքն է առաջ մղում հայկական երկրորդ պետության նախագիծը: Եվ եթե նախագահ Սարգսյանը հրաժարվի Եվրոմիության հետ ստորագրել համաձայնագիրը, ապա Հայաստանում որոշակի շրջանակներ նրան կմեղադրեն դավաճանության մեջ, որի պատճառով Հայաստանը «դադարում է լինել ինքնիշխան պետություն»: Ինտրիգի երրորդ մասն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են Ռուսաստանի միջոցով առաջ տանել ԼՂ հակամարտության կարգավորման իրենց տարբերակը, որի մանրամասնություները հայտնի չեն: Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցելուց առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ բարձրացրեց այդ հարցըՙ ակնարկելով, որ այդտեղ շատ բան կախված է Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից: Տվյալ դատողությունների հիմքը հակաարեւմտյան Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ենթադրյալ դաշինքն է, ինչը, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի կարծիքով, ընկալվում է որպես յուրատեսակ դիվանագտական խաղ, որի հետեւում նկատվում է Արցախի հակամարտությանն ակտիվորեն մասնակցելու եւ Անդրկովկասում սեփական դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ձգտումը: Պատահական չեն տեղեկությունների այն արտահոսքերը, որոնց համաձայն Երեւանն իբր պարտավորվում է կարճ ժամկետում Բաքվին վերադարձնել հինգ կամ յոթ շրջաններ: Սակայն Սոչիի Պուտին-Էրդողան բանակցություններում Ղարաբաղի հարցը նշված չէր օրակարգում: Նախ եւ առաջ այն պատճառով, որ դա չի վերաբերում ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին: Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բանակցություններին մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ստացված տեղեկությունների համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում ընդունված որոշումների կենսագործմանն առնչվող հարցեր: Համանման բանակցությունների վարման նպատակով Մոսկվա կժամանի նաեւ Ադրբեջանի արգործնախարար Էլմար Մամեդյարովը : Եվ ահա հաղորդվում է այն մասին, որ առաջիկա շաբաթվա սկզբներին Երեւան եւ Բաքու է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Տարբերակներից մեկի համաձայն, Լավրովը մտադիր է համաձայնեցնել Մամեդյարով-Նալբանդյան առաջիկա հանդիպման օրակարգը, որի կենտրոնում կլինեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Մեկ այլ տարբերակի համաձայն, Լավրովը կառաջարկի հակամարտության կարգավորման նոր ծրագիր: Ըստ երրորդ տարբերակի, Մոսկվան Բաքվին եւ Անկարային թույլ է տվել օգտագործել իրեն, բայց ժամանակն է, որ «դաշտը մաքրվի եւ իրավիճակը սառեցվի մինչեւ ավելի լավ ժամանակներ»: Այնպես որ ՌԴ արտգործնախարարին սպասվում են լարված բանակցություններ, եւ հնարավոր է, որ ամեն ինչ սկսվի նորից: |