ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ Պ.Ք. Վերջին օրերին ի հայտ է եկել վտանգ, թե Մերձավոր Արեւելքում կարող է նոր պատերազմ բռնկել: Մեղավորը Սաուդյան Արաբիան է, որը Լիբանանը իբրեւ նոր մարտադաշտ է ընտրել եւ անսովոր դաշինք կնքել Իսրայելի հետ, հաղորդում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը: Սաուդյան Արաբիայի համար նվազ չափով խոսքը լիբանանյան «Հզբոլլահի» դեմ պայքարելու մասին է, բայց ավելի շուտՙ տարածաշրջանում տիրապետող դիրք գրավելու եւ Իրանի ազդեցությունը թուլացնելու մասին: Սաուդցիները չեն ուզում ինքնուրույնաբար ռազմական հարձակում սկսել: Իսկ Իսրայելը կկրողանար նրանց փոխարեն կատարել այդ կեղտոտ գործը: Իրավիճակը այս խոսքերով է բնութագրել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան եւ Մերձավոր Արեւելքի գործերի նախկին հավատարմատար Դանիել Շապիրոն : Հակամարտությունը Սիրիայից տեղափոխվում է դեպի հարավ: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Իսրայելը Սիրիայում օդային հարվածներ է հասցնում «Հզբոլլահի» դիրքերին, նշում է գերմանական թերթը: Ըստ որում, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի համար պատերազմը կլիներ վտանգավոր ձեռնարկում, քանզի մեծ է այն բանի հավանականությունը, որ Իսրայելի հարձակումից հետո հակամարտությանը կմիջամտի Իրանը, ինչպես դա տեղի ունեցավ հարեւան Սիրիայի դեպքում: Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Կուշների Սաուդյան Արաբիա եւ Իսրայել կատարած մի քանի այցելություններից հետո ի հայտ եկան ենթադրություններ, որ ռազմական գործողություններին քողարկված կարող է մասնակցել նաեւ ԱՄՆ-ը: Որպես անդրկուլիսյան «տիկնիկավարներ» հանդես եկող Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն իրենցից ներկայացնում են վտանգավոր համադրություն, ընդգծում է Suddeutsche Zeitung-ը: Իսրայելը իր ռազմական զորությունը ներկայումս ցուցադրում է իր պատմության մեջ օդուժի խոշորագույն զորավարժություններում: Այդպիսով, Իսրայելի կառավարությունը ցույց է տալիս իր պաշտպանունակությունը: Սակայն նա պատրաստ է նաեւ հարձակման, եւ դրանով իսկ ենթակա է դառնում Սաուդյան Արաբիայի եւ Իրանի պատերազմին միջնորդավորված ձեւով մասնակցելու վտանգին: Նաթանյահուն գնում է հակամարտության ծավալման վտանգավոր ուղիով, եզրակացնում է թերթը: |