RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 14145, Տպվել է` 1559, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԱՅՈՒՆ, ԱՌԱՋՆՈՐԴՈՂ» ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎԵՐԱԿԵՐՏԵԼԻՍ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ԳԴՀ հավանության արժանացրեց ԵՄ- ՀՀ համաձայնագիրըՙ հաստատելով որդեգրած արժեքներին իր հավատարմությունը

Գերմանիայի Դաշնային կառավարությունը նոյեմբերի 22- ին հավանության արժանացրեց Հայաստան- ԵՄ այսօրՙ նոյեմբեր 24- ին կնքվելիք համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության համաձայնագիրը ստորագրվելու է Բրյուսելում, ԵՄ- ի եւ ԵՄ անդամակից երկրների հավանությամբ։ Սույն փաստաթղթի նպատակն է Հայաստան-ԵՄ քաղաքական, տնտեսական համագործակցությունը խորացնելը։ Համաձայնագիրն առաջին հերթին խրախուսելու է առեւտրի, ներդրումների, ահաբեկչության դեմ պայքարի եւ զինաթափման ծրագրերին, հակիրճ ձեւակերպված է մամլո հաղորդագրության ոչ ծավալուն տեքստում։ Հայաստանում որոշ քաղաքագետներ մտավախություն ունեին, թե ԵՄ լոկոմոտիվի համարում ունեցող ԳԴՀ հնարավոր է նաեւ, իր ներկա քաղաքական անորոշ վիճակից ելնելով, չկարողանա հաստատել մեր երկրի համար բախտորոշ այդ փաստաթուղթը։

Սեպտեմբերի 24-ին կայացած Բունդեսթագի ընտրություններից հետո, Անգելա Մերկելիՙ ԳԴՀ-ում երեք ուժերիՙ ՔԴ-ՔՍ Միության, Կանաչների եւ Ազատ դեմոկրատական կուսակցության միջոցով կոալիցիոն կառավարություն կազմելու շաբաթներ տեւած բանակցությունները նոյեմբերի 20-ին անկնկալ ավարտ գտան, երբ ԱԴԿ երիտասարդ ղեկավար Քրիստիան Լինդները հայտարարեց, թե իրենք վստահության պակաս են զգումՙ ավելի լավ է կառավարող կազմում ընդհանրապես չլինել, քան վատ կառավարել։ Նույն օրը փողոցում մեր հարցմանն ի պատասխան գերմանացիների մեծ մասն ընդգծում էր, թե ազնիվ է նման քայլը, կանայք առավել հակված էին պնդելու, թե «մեծ մարդիկ են, չե՞ն կարողանում փոխզիջում գտնել»։ Քաղաքագետներն ու դիտորդները միակարծիք չենՙ սա դիտմամբ, նախապես մշակված տակտիկա՞ էրՙ շատերի ձեւակերպմամբ «այլընտրանք չունեցող» կանցլեր Մերկելի դեմ, թե՞ կարեւորագույն առանցքային հարցերի շուրջ փոխզիջումներ չգտելու արդյունք։ Բանակցությունների ձախողման պատճառների մասին խոսակցություններն ամեն օր ձնագնդի նման աճում- ծանրանում են, հստակ ընդգծելով կարեւորըՙ փախստականների հստակ թվի սահմանում, որոշ փախստականների ընտանիքի անդամներիՙ Գերմանիա տեղափոխման իրավունքի սահմանափակման, կլիմայական փոփոխությունների քաղաքականության, հարկերի նվազման եւ այլ ծանրակշիռ հարցեր։ Այդուհանդերձ հարցերի հարցը փախստականների հանդեպ քաղաքականությունն է, ընտրությունները փաստեցին, որ նախկին իշխող ՔԴ-ՔՍ միության դիրքերը թուլացան, քանի որ ավելի քան 1 միլիոն փախստականների առջեւ հենց Մերկելը Գերմանիայի դռները լայն բացեցՙ առանց մեծամասնության կարծիքը հարցնելու։ Իսկ սրա ցավագին պատասխանն այսօր տեսանելի է Բունդեսթագում, ուր ժողովրդի աննախադեպ աջակցությունը ստացած ծայրահեղ աջակողմյան Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը խորհրդարանի ամբիոնից է արդեն իր ամբոխահաճո բառապաշարը ներկայացնում։

Անգելա Մերկելի 12-ամյա կառավարման ընթացքում ներքաղաքական այս սուր ճգնաժամը մի մասին մտորել է տալիս փոքրամասնությունների կոալիցիա ձեւավորել, ինչը դեմոկրատական այլ երկրների պարագայում գործում է, բայց ԳԴՀ պատմության մեջ երկար կյանք չի ունեցել, իսկ մյուս մասին ոգեւորում նոր ընտրություններով։ Պարտությունից հետո սոցիալ դեմոկրատները մերժեցին ՔԴ-ՔՍ միության հետ մեծ կոալիցիա ձեւավորելու առաջարկը, ընդդիմության դերը ստանձնած սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի երկուշաբթի օրվա առաջին արձագանքը կարճ էրՙ նոր ընտրություններից չենք երկյուղում։ Անցնող օրերի հետ նրա կուսակիցներից շատերը հուշում են, թե նոր ընտրությունների փոխարեն հնարավոր է նաեւ բանակցեն, մանավանդ երբ ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն էլ ամեն օր հանդիպելով կուսակցությունների առաջնորդների հետ համոզում է, թե նոր ընտրություններն իր թելադրած ուղին չեն։

Բեռլինում քաղաքականություն կերտող առանցքային դեմքերը չեն մոռանում ընդգծել, որ նոր ընտրությունների պարագայում աջ ուժերը բացառված չէ, որ ավելացնեն իրենց ներկայությունը Բունդեսթագում, ինչը ցանկալի չէ, իսկ կայուն, հաստատուն երկրի համարում ունեցող ԳԴՀ այլեւս կզրկվի ԵՄ առաջնորդողի կարգավիճակից, եթե ասենք նոր ընտրություն լինի եւ այդ գործընթացն ավարտ գտնի 2018-ի մարտ-ապրիլին։ Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսպես ձեւակերպեցՙ մեզ պետք է ուժեղ կառավարություն, հենց Իրաքի, Սիրիայի հարցում էլ դրա անհրաժեշտությունն ընդգծվում է, աշխարհը պիտի սպասի, որ մենք ամիսներ հետո՞ մեր ձայնը հնչեցնենք։ Տիկին նախարարը ուժեղ կառավարություն ասելով նկատի ունի նաեւ իր մերձավոր համախոհինՙ Մերկելին, որին նույն պաշտոնում տեսնելու անհրաժեշտությունը չեն կամենում շատերը։ Առաջին հերթինՙ երիտասարդները։ Դյուսսելդորֆի ՔԴ երիտասարդական կառույցը հենց Մերկելին է մեղադրում բանակցությունների ձախողման մեջՙ երկու օր առաջ պահանջելով վերջինիս հրաժարականը։ «Դի ցայթ» շաբաթաթերթի երեկվա համարի առաջին էջում Մերկելի եւ Լինդների դիմահայաց նկարներն են, վերնագրումՙ նա՞, թե՞ նա։ Սա նաեւ սերունդների պայքար է, մեկնաբանում է հիշյալ թերթի խմբագիր Ջիովաննի դի Լորենցոն։ Մինչ Գերմանիայում մի մասը պահանջում է Անգելա Մերկելի հրաժարականը, Եվրոպական երկրներում լուրջ մտահոգված ենՙ ի՞նչ կնշանակի Մերկելի պաշտոնավարման ավարտն իրենց երկրների համար։ Ի՞նչ կանի Ֆրանսիան, նրա երիտասարդ բարեփոխիչ Մակրոն կմնա մենակ, կարո՞ղ է միայնակ դիմակայել Բրեքսիթից փչող քամիներին։ Թեման կշարունակենք «Ազգի» առաջիկա համարում։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ