RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 9193, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՆ ԻՆՉՈ՞Ւ Է ԴՈՒՌԸ ԲԱՑՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌՋԵՎ

Պ. Ք.

Արդեն մի քանի տարի Մոսկվան նախահարձակ քաղաքականություն է վարում Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ: Ակնհայտ է, որ Մոսկվան ուզում է ընդլայնել իր ազդեցությունը եւ թուլացնել Եվրոմիությունը: Բայց ինչո՞ւ է ուժեղացնում ճնշումը անցյալում իրենից կախվածության մեջ եղած երկրների վրա, հարց է տալիս գերմանական Die Welt թերթի թղթակից Բորիս Կալնոկին :

Փաստերը ցույց են տալիս, թե որքան մեծ է պատմական հիշողության կորուստը Հունգարիայում: Հունգար վերլուծաբան Պետեր Կրեկոն ուշադրություն է հրավիրում Հունգարիայի եւ Ռուսաստանի առեղծվածային համաձայնության վրա, որը վերաբերում է պետական գաղտնիքների փոխանակմանը, նշելով, որ դա լավագույնս ցույց է տալիս, թե Ռուսաստանը վերստին որքան մեծ ազդեցություն է ձեռք բերում Արեւելյան Եվրոպայի երկրներում:

Այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը օրինական է համարում Մոսկվայի հետ պետական գաղտնիքների փոխանակումը, շփոթության է մատնել դաշինքի մյուս երկրներին, գրում է Պետեր Կրեկոն: Ըստ այդմ, վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը արդեն մի քանի տարի է, ինչ սակավ վստահելի է դարձել, մանավանդ ամերիկացիների համար, թեեւ վարչապետ Օրբանը հենց ամերիկացիների հետ ռազմական համագործակցությունն է համարում այնպիսի ոլորտ, որտեղ հունգարներն ամերիկացիներին առաջարկելու բան ունեն, նշում է Die Welt թերթը: Որքան էլ տարօրինակ թվա, հունգարները Ամերիկային աջակցում են նույնիսկ այնտեղ, որտեղ հարկավոր է հակահարված տալ Ռուսաստանին, օրինակՙ Մերձբալթիկայի զորավարժություններում: Եվ այդուհանդերձ, Հունգարիան դասվում է այն երկրների թվին, որոնք Ռուսաստանին մեծահոգաբար օժանդակում են նրա ազդեցության ոլորտի ուժեղացման գործում:

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության աճը անհանգստացնում է Եվրոմիությանը: Այսպես մտահոգում է Մոսկվայի հարաճուն ակտիվությունը Բալկաններում եւ նախկին Արեւելյան բլոկի երկրներում:

Հոդվածագիրը դատողություն է անում, նշելով, որ քիչ թե շատ հասկանալի է, թե որն է Ռուսաստանի գործողությունների շարժառիթը: Պուտինն ուզում է իր իշխանությունը տարածել Եվրոպայում, միաժամանակ թուլացներով Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն: Եվ դրա հետ մեկտեղ նա քաղաքական վերադարձ է կատարում այն երկրներ, որոնք անցյալում եղել են Մոսկվայի ռազմական ուղղակի ազդեցության տակ:

Պակաս հասկանալի է այն, թե Մոսկվայի նախկին «զոհերից» ոմանք այսօր ինչու են դռները հնազանդորեն բացում Ռուսաստանի առջեւ: Տվյալ հարցի պատասխանը թերեւս կապված է կոռուպցիայի եւ փողերի հետ:

Հեղինակը Բալկաններում Ռուսաստանի ամենահավատարիմ վասալն է համարում Սերբիային, որն ուզում է դառնալ ԵՄ անդամ, բայց չի ուզում խաղաքարտի վրա դնել Մոսկվայի հետ իր լավ հարաբերությունները եւ Ռուսաստանից ստացվող ֆինանսական օգնությունը: Նման «լարախաղացությունը» չի դյուրացնի Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին:

Մյուս կողմից, Չեռնոգորիայում խռովության կազմակերպման փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանին քիչ բաներ կարող են վախեցնել Բալկաններում սեփական շահերի իրականացման տեսակետից:

Սակայն, ըստ հոդվածագրի, Ռուսաստանը հաջողության քիչ հնարավորություններ ունի Լեհաստանում եւ Մերձբալթիկայում: Այնտեղ Մոսկվայից այնքան շատ են վախենում, որ դժվար թե դռները նույնիսկ կիսաբաց անեն Ռուսաստանի ազդեցության ուժեղացման համար:

Չեխիան, Սլովակիան եւ Հունգարիան աչք են փակում իրենց երբեմնի սարսափների վրա: Այսպես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձում է առավելագույն օգուտ ստանալ Ռուսաստանի հետ համագործակցությունից, ընդսմին չհրահրելով Ամերիկայի հետ սեփական հարաբերությունների վերջնական խզում:

Չնայած նախկին ագրեսորի նրա երբեմնի զոհերի ինքնակամ մերձեցման տարօրինակությանը, չի կարելի ժխտել երկրների գաղափարախոսական մերձավորության հնարավորությունը, վերջում նշում է հեղինակը: Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան երբեմն իրենց ավելի մոտ են զգում Մոսկվային, քան Բրյուսելին, որը նրանցից հեռանում է իր գաղափարներով, օրինակՙ փախստականների տեղաբաշխման քվոտաներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ