RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 12864, Տպվել է` 1625, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ, ՀԱՆՐԱՀԱՅՏ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ MDR-Ի ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգ»-ն անդրադարձել է Կենտրոնական Գերմանիայում (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015, 06-22-2017 հրապարակումները)ՙ ավելի ստույգ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին գերմանացի մեր գործընկերների հրապարակումներին: Տեղական MDR հեռուստաալիքը, մամուլը շարունակում են ուշադրության առանցքում պահել հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգի , Լուդվիգ Քենդցիայի (Axel Hemmerling, Ludwig Kendzia) բացահայտումները, որ երկու օր առաջ նոր անուններ առավ լուսարձակի տակ:

Խոսքը 2014- ի սեպտեմբերին Էրֆուրտի կենտրոնում պատահած իրադարձության մասին է. մարդիկ դրսում ուտում- խմում, իրենց հանգիստն են վայելում, երբ ժամը 18:30 պատկերը խաթարվում էՙ երկու տասնյակ երիտասարդներ խուժում են հին քաղաքիՙ զբոսաշրջիկներով հարուստ կենտրոնում գտնվող խաղասրահ- ռեստորաններից մեկը, աթոռ շպրտում իրար վրա, քաշքշում, հետո կրակոց է լսվում, ոստիկանությունն արագ հասնում է, բայց խումբն ավելի ճարպիկ է գտնվումՙ ճողոպրում է:

Թյուրինգիա երկրամասում իրավապահները վաղուց են հետեւում հայկական երկու կլանների անհաշտ պայքարին եւ նշում են, թե հայկական մաֆիան իտալականի նման լավ ճյուղավորված է: Զենքի կիրառմամբ այս ծեծկռտուքի գործը գերմանացի լրագրողների ուշադրությունն է գրավել նաեւ բեռլինաբնակ մեր հայրենակից բռնցքամարտիկների մի շարք անունների հնարավոր ներգրավմամբ: Ոստիկանները կարծում են, թե Ուլի Վեգների շնորհալի սանըՙ բռնցքամարտիկ Կարո Մուրադը 3 տարի առաջ այդ օրը Էրֆուրտում, այդ վայրում է եղել, եւ հայկական մաֆիայի երկու թշնամացած կլանների հետ չի բացառվում, որ առնչություն ունի: Կարո Մուրադը 2014- ի հուլիսի վերջին հարցաքննության ժամանակ հերքել է տեղեկությունըՙ ասելով, թե եղբայրըՙ Կոկոն է նույն օրը Էրֆուրտում եղել: Նա վկայակոչել է իր ընկերուհուն, որի հավաստմամբ, նա հիշյալ օրը Բեռլինում է եղելՙ մարզումների: Իսկ Կոկո Մուրադը հաստատել է եղբոր ասածը:

Ոստիկանությունը սակայն ներկայացնում է, թե Կարոյի ավտոմեքենան եղել է այդ վայրում, դեպքից շատ չանցածՙ ոստիկանությունը գաղտնալսել է այդ վայրում մի շարք բջջային հեռախոսներ, որոնց թվում եղել է նաեւ Կարոյի հեռախոսը, եւ խաղասրահի տեսանկարահանող սարքի գրանցած մարզահագուստով տղամարդը հենց Կարո Մուրադն է, այլ ոչ թե նրաՙ հանրությանն առավել նվազ հայտնի եղբայրըՙ Կոկոն, ինչպես փորձել են ներկայացնել եղբայրները:

Այստեղ իրավապահների ուշադրությունից չի վրիպել, որ Մուրադին ուղեկցած երկու տղամարդկանցից մեկը ամենայն հավանականությամբ հայտնի «օրենքով գող» է, ասել է, թե հայկական մաֆիայիՙ հիերարխիկ այդ կառույցի հեղինակություններից կամ «բոսերից» մեկը: Վերջինս ենթադրաբար Ֆրանսիայից է եկել: Այնտեղ եւ Բելգիայում են ապաստան գտել հայկական մաֆիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, գրում են գերմանացի մեր գործընկերները: Կոկո Մուրադի ասելով, ինքը խաղասրահում եղել է, բայց որեւէ մեկին չի ճանաչել, եւ կրակոցներից առաջ լքել է սրահը, ինչը սակայն իրավապահները հերքում ենՙ ներկայացնելով տեսանյութի փաստացի հատվածը, ըստ որի Մուրադը աղմկոտ այդ իրադարձության ժամանակ հենց այնտեղ է եղել:

Դաշնային քրեական վարչության, ոստիկանության տեսադաշտում Կարո Մուրադը հայտնվեց նաեւ այս տարվա ապրիլին, երբ Էրֆուրտում ռինգ դուրս եկան Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Կրասնիքին: Մուրադը հանդիսատեսների շարքում էր: Գերմանական լրատվամիջոցները նույն օրը հաղորդեցին, որ մի խումբ հարձակվել է Մուրադի վրա, մարմնական վնասվածք հասցրել նրան: Վերոհիշյալ հետաքննող լրագրողներն այժմ լուսաբանում ենՙ ծեծն իրականացրած այդ խմբի բոլոր անդամները 2014- ի խաղասրահի կրակոցներն արձանագրած տեսանյութից ծանոթ դեմքեր են, հայկական մաֆիայի ներկայացուցիչներ:

Կարո Մուրադի վրա ապրիլին տեղի ունեցած հարձակումը գերմանացի մեր գործընկերներին «հուշել» է հետեւել նաեւ Արթուր Աբրահամին : Կրասնիքիի հետ մենամարտում իր հզոր հաղթանակից ընդամենը մեկ օր հետո Արթուրն այցելում է Էրֆուրտի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը: Դռների մոտ նրան հրաժեշտ է տալիս Գեւորգ Հ. , որն իր եղբորՙ Արամի հետ այդ ռեստորանի տերն է: Գեւորգն ու Արամը ներգրավված են Էրֆուրտի խաղասրահում կրակոցների պատմության մեջ, դատարանում լսվում է Արամի հնարավոր ներգրավվածությամբ մի գործ, ըստ որի կասկածյալը հայկական մաֆիայի կեղտոտ փողերը Իտալիայից Էրֆուրտ է բերում: Այս պարագայում կասկածյալների շարքում է նաեւ Արթուր Աբրահամի եղբայր Ալեքսանդրը : MDR- ը նշում է, թե Արթուր Աբրահամը իրենց ո՛չ հեռախոսային, ո՛չ էլ գրավոր հարցումներին է արձագանքում: Խմբագրության հարցերն անպատասխան են թողնում նաեւ հանրահայտ բռնցքամարտիկի փաստաբանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ