RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 13091, Տպվել է` 1637, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՆԵՐՍԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մենք հրապուրվում ենք մանր թեմաներով ու խնդիրներին ավելի լայն նայել հակված չենք: Մենք ամբողջ ուժով նետվում ենք պահի թեմայի մեջ, մյուսՙ ավելի կարեւոր բաները չնկատելով: Մենք գլխովին տրվում ենք ամեն տեսակի բամբասանքներին, սադրանքներին, շոուներին եւ կարմիր պաստառ-շեղող թաշկինակներին: Մենք դժգոհում ենք բոլորից եւ ամեն ինչից: Մենք սովորաբար պահանջում ենք ուրիշներից, եւ ոչ երբեք` ինքներս մեզանից: Մենք ասում ենք` «էս իշխանությունները», ու շարում տասն հարկանի դժգոհությունների աշտարակը ` երբեք չընդունելով, որ եթե իսկապես մենք ցանկանայինք` «էս իշխանությունները» չէին լինի, այսինքն` որ մենք ենք «էս իշխանությունների» հեղինակը, եւ ուրիշ ոչ ոք: Մենք սարսափելի իդեալիստ ենք, քանի որ իշխանության եկած ամեն անձից պահանջում ենք հրաշքներ, առանց անձնական մեր հրաշքը ներդնելու (ասենք` թեկուզ ընտրություններին առանց շահի մասնակցելը, եւ ոչ միայն): Ընդհանրապես` մենք անձնավորված պատկերացումներ ունենք փոփոխությունների եւ մեր կյանքը փոխելու հեռանկարի մասին: Մենք օտար երկրներում հրաշքներ ենք գործում` օրինապաշտ ենք մի ուրիշ կարգի, անարդարության դեմ պայքարում ենք մի ուրիշ կարգի, ստեղծող ու գիտնական ենք ենք մի ուրիշ կարգի, իսկ սեփական երկրում դառնում ենք օրենքները շրջանցող, անարդարության ու խտրականության հեղինակ կամ հարմարվող, նվազագույնն` անտարբեր հոռի բարքերի, ստեղծողի ու երկրին ինչ-որ բան տվողի հանդեպ...

Մեր երկրում սկսել է գերիշխել ամորֆ, անկամ ու վիճակին հարմարված մարդու տեսակը, որն ամեն օր մեջքը ծռած երթեւեկում է դարն անցած երթուղայիններով, խոսում թանկացումներից, բայց երբեք չի վերցնում ու թանկացրած անորակ մթերքը շպրտում թանկացնողի երեսին, երբեք չի պահանջում վերացնել դատավորի բարձր թոշակի եւ ուսուցչի նվաստացուցիչ թոշակի անհեթեթ տարբերությունը, երբեք չի պահանջում որակյալ հանրային ծառայություններ` հարմարվում է:

Բայց ապրելու այս կերպը ազգի, հասարակության խմբերի մակարդակով գոնե, դանդաղ ինքնասպանության ձեւերից մեկն է, այս ապրելակերպը հայի կերպար է փսորում, մեզ անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ կամ գոնե սկսել դուրս գալ ապատիական այս վիճակից եւ վերագտնել արտերկրում դրսեւորվող` հայի պրպտուն ու աշխույժ տեսակի կերպը: Թե ինչը պետք է դրան մղի` ինչ-որ ցնցում, թե՞ աստիճանական անրթնացում թմբիրից, ես չգիտեմ, բայց որ աշխուժանալն անհրաժեշտ է, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող:

Այլապես դեռ երկար էսպես էլ կմնանք` ժողովուրդն իր համար մի կերպ կգոյատեւի ու կշարունակի օտարվել իշխանություններից, իշխանությունն իր համար ու իրեն սերտաճած մի քանի գործարարի համար հարմար երանավետ ու բարեկեցիկ անտուրաժ կստեղծի` լրիվ անտարբեր հասարակ մարդկանց խնդիրներին, ու այդպես իրար անհաղորդ երկու Հայաստանները, հակադիր բեւեռներում մնալով, ոչ միայն չեն կարողանա միասնաբար տանելի հայկական կյանք ստեղծել բոլորի համար, այլեւ համահայկական խնդիրները եւս կտապալեն, որոնք ամեն օր նորանոր մարտահրավերների տեսքով ներկայանում են մեզ:

Տեսեք, մենք մեր համար նստած` երկու խնդիր վաստակեցինք միջազգային գործընթացների պատճառով. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Երուսաղեմը, ու դա խնդրի կարող է վերածվել հայերիս համար, քանի որ մշտական հակամարտության մեջ գտնվող երկու պետության` Պաղեստինի եւ Իսրայելի նույնական մայրաքաղաքը միշտ էլ բախումների թատերաբեմ է, այդ թվում Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիների, որոնցից մեկն էլ Հայ առաքելական եկեղեցին է: Պատահական չէ, որ Հայաստանի ԱԳ նախարարի` այդ առթիվ տարածած հայտարարության մեջ նշված է. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով` իսրայելապաղեստինյան հակամարտության համար ընդունելի համատեքստում: Դա կարող է ճանապարհ հարթել տեւական անվտնգության եւ խաղաղության հաստատման համար»:

Թրամփը, փաստորեն, առանց ձեւականությունների, գործուն ու ցուցադրաբար խառնվում է հակամարտությունների լուծմանը` առանց ավելորդ դիվանագիտության, որին կարող են եւ արդեն հաջորդում են դիմակայություններ: Հարցը Պուտինի ու Հռոմի պապի հետ քննարկել սպառնացել է , օրինակ, մեր անհաշտ հարեւան երկրի նախագահ Էրդողանը ` նշելով, որ Թրամփի այս որոշումը տարածաշրջանը կրակե շղթայի մեջ կվերցնի: Ուզում եմ ասել` մենք մեզ համար անմեղ նստած` հայտնվելու ենք մեծ քաղաքականության կիզակետում, քանի որ Երուսաղեմի մեր ունեցվածքի ու մշակութային-հոգեւոր արժեքների հանդեպ անտարբեր չենք, իսկ մենք թթված, մեր կյանքից դժգոհ, օրվա մանր թեմաները համաշխարհային հարց դարձրած-նստած ենք:

Երկրորդ խնդիրը կհետեւի հենց այս մեկին, քանի որ տարածաշրջանային սրումները չեն կարող ղարաբաղյան հակամարտության կողքով անցնել, իսկ Մինսկի խմբի համանախագահների իներտ «բանակցությունները» հազիվ թե տարածաշրջանային կրակի բորբոքման դեպքում մի պուտ ջրի արժեքն ունենան,Վիեննայում Մինսկի խմբի համանախագահներ-Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպման տիպի հանդիպումներն էլ, որոնցից մեկը պլանավորված է եկող տարվա սկզբին, ի զորու հազիվ թե լինեն ինչ-որ ազդեցության` տարածաշրջանայաին թեժացման պարագայում:

Առայժմ, այո, ստատիկ վիճակ է, չնայած ղարաբաղյան թեմայով զանազան հայտարարությունների պակաս չկա, լավ երեւում են նաեւ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության նորանոր դրսեւորումները` խնդրի լուծման վերահսկողության գերադասությունը ձեռքում պահելու առումով, դա երեւաց անգամ մեկ օրում, երբ հայտարարություններ արեցին ե՛ւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը , ե՛ւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Առաջինը Վիեննայում, ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման ժամանակ նշել էր, թե ողջունում են կողմերի կայացրած որոշումը` խոսելու խնդրի մասին: Նույն վայրում ՌԴ արտգործնախարարն էլ ասել էր, թե իր երկիրը շարունակելու է աջակցել կողմերին խնդրի փոխընդունելի լուծում գտնելու համար: Դեռ ԵԽԽՎ վրացի նախագահն էլ չէր շրջանցել թեման`ղարաբաղյան կարգավորման անհրաժեշտության մոտիվներով:

Այսինքն` միայն մի քանի օրում երկու մարտահրավերի հիշեցում մեզ: Պատրա՞ստ ենք այս տեսակ մարտահրավերների, խոսքը լայն հանրությամբ պատրաստ լինելու մասին է, այլ ոչ թե պաշտոնյա երկու-երեք մարդու մակարդակով:

Ինչո՞ւ տարեվերջյան հետահայացի փոխարեն` մեր այս դիտարկումները: Քանի որ այս տարեվերջի կոնտրաստներն այնքան շատ են մեր շուրջը, տեղի ունեցող հակասական իրադարձությունները այնպես են առավել սրում ու ցցուն դարձնում հայերիս` անտարբերության եւ ապատիայի հասած նոր բնութագիրը, գլխավորը երկրորդականից չտարբերելու վարքը, որ արժե մտածել այն փոխելու, վերաբեռնելու մասին, քանի վերջնականապես չենք ոսկրացել-անշարժացել կաշառասուն, օրինախաբս, հարմարվողական ու արժեկորուստ ընդհանուր այս մտայնության մեջ, որը հաստատ նաեւ վնասելու է երկրին` մեզնից չկախված հանգամանքների պատճառով ներկայացած վտանգների պարագայում:

Վերը թվարկած հատկանիշների հակասական դրսեւորումների առարկայական օրինակը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի խորհրդարանական քննարկումից բարիկադներով դիմակայություն սարքելու պարագայում հստակ երեւաց, որը պարզապես մեր մտածողության աղքատացման ու խեղճացման հերթական ցուցիչ դարձավ. ե՛ւ խորհրդարանական լսումներին, ե՛ւ օրենքի` անընդունելի արագացված կարգով քննարկմանը մի այնպիսի դիմակայություն էր, որ կարծես հայերիս անվտանգությանը սպառնացող խնդիր էր լուծվում. էդ անիմաստ օրենքը թող ընդունեն, կամ չընդունեն` եվրոպաների պահանջն է, դրանով ոչ մեր կյանքն ավելի կլավանա, ոչ էլ ավելի կվատանա, մեր կանայք ոչ կդադարեն կաշվից դուրս գալով հրաշքներ գործել իրենց ընտանիքների հոգսերը հոգալիս, ոչ էլ ավանդաբար մեր հասարակության մեջ անընդունելի միասեռականությունն ավելի հանդուրժելի կդառնա: Իրականում այդպիսի օրենքը եղած-չեղած է, իսկ մեր կյանքը վատացնում են այն պատճառները, որոնք բերում են ամենօրյա սպանություններին, ինքնասպանություններին, բարքերի դեգրադացմանը, ու միգուցե, այո, նաեւ հայ ընտանիքում բռնության երբեմնակի դրսեւորումներին, որոնց պատճառները ոչ թե օրենքով կարելի է կանխարգելել, այլ բարեկեցիկ հասարակության ստեղծմամբ, որպես բոլոր նորմալ մարդկանց համար ընտանիքում եւս ներդաշնակության նախապայման:

Իսկ եթե ուզում ենք շեղվածների, կամ բնածին հիվանդների հնարավոր զոհերին օրենքո՛վ անպայման պաշտպանել, անկախ մեր քրեական օրենսգրքից, ա լա Եվրոպա, ի սեր Աստծո, խնդրեեե~մ, որքան կամենաք, միայն թե ոչ առողջների ու մեծամասնություն կազմող ողջամիտների իրավունքների հաշվին:

Թե չէ` ընտանիքում բռնության կանխարգելման օրե~նք, հետն էլ իբր ընտանիքում բռնության դեպքի մասին լրատվության պատվիրում` սա ուղղակի ծիծաղելի է կամ ծիծաղելի կարելի էր համարել, եթե իրավիճակն այսքան ողբերգական չլիներ բոլոր առողջներիս համար: Այնպես որ համաձայնենք օրենքի քննարկման ավարտին նրա գաղափարախոսներից ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, թե մի՛ վերագրեք այս օրենքին այնպիսի դեր, որն այս օրենքը չունի, այն ընտանիքներ չի մտնելու, մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծն անելիք չունի, մի վերագրեք այս օրենքին բաժանարար դեր:

Նկատենք, որ «ընտանեկան բռնություն» սխալ կապակցությունը այլեւս օրենքում չկա, իրավական շեշտադրումների փոփոխության հետ նաեւ լեզվական սխալ այս կապակցությունն է վերանայվել («Ազգն» այս մասին գրել էր): Քանի որ չէինք ուզենա շատ ծանրանալ այս օրենքի նախագծի վրա, որը քննարկվեց-ավարտվեց, իսկ առաջարկներ ներառելուց հետո նաեւ կքվեարկվի, ապա բավարարվենք հանրապետական Սամվել Ֆարմանյանի մտքով միայն, ըստ որի` «օրենքը չի նպաստելու ընտանեկան բռնության վերացմանը, եթե չասենք հակառակը, ինչու օրենքը չեք դիտել ազգաբանության` որպես գիտության տեսակետից, ազգագրագետների հետ ինչո՞ւ չեք քննարկել»:

Հավարտ ուզում եմ օբյեկտիվ լինել եւ ջուր չլցնել մեր մի ընթերցողի արձագանքին, թե Մ.Խ.-ի վերլուծությունը կարդալուց հետո լրիվ թեւաթափ ես լինում:

Իհարկե, որոշ տեսանելի փոփոխություններ Հայաստանում կատարվում են, չնայած դրանք հազիվ թե լայն առումով եղանակ ստեղծեն: Օրինակ` ազատվեցին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից, որն ուղղակի խորհրդանշանական նշանակություն ունի ավելի շատ. ընդհանրապես ե՛ւ զինված ուժերում, ե՛ւ պետական կառուցվածքներում, ե՛ւ մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում օդիոզ դեմքերից ազատվելու հրամայականն առկա է, սակայն դա պետք է անել ոչ թե հատիկ- հատիկ, այլ գոնե` խումբ- խումբ: Կոնկրետՙ զինված ուժերում սկսված բարեփոխումներն առանց այդ դեմքերից ազատվելու հնարավոր չի լինի, տարոսն ասֆալտի գեներալներին:

Սակայն լայն առումով, արդյունքի տեսակետից մեր երկրում այս պահին դադար է, ու դա առավել պայմանավորված է այն սպասումով, երբ պետք է դեռ որոշվի` ո՞վ է լինելու երկրի մոտակա ղեկավարը: Մանավանդ ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` եկող տարվա նախագահական ընտրություններին մասնակցության հայտարարությունից հետո: Ռուսական կյանքի անդրադարձն ամենեւին չեզոքացված չէ հայ իրականության մեջ, եւ զուգահեռը ծնվում է ինքնին` ավելի առարկայական դարձնելով նախագահ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում: Իսկ մինչեւ այդ զանազան կոսմետիկ քայլեր են կատարվում միայն` օրենսդրությունն արագ-արագ համապատասխանեցվում է Սահմանադրությանը, գործող վարչապետը ծուլորեն խոսում է բնական մենաշնորհներից («մոնոպոլիա, որպես այդպիսին, չունենք») եւ տարեվերջի` նախատեսվածից մի փոքր ավելի բարձր սպասվելիք տնտեսական աճից, որի անդրադարձն, ի դեպ, սովորական քաղաքացիներն այդպես էլ չզգացին իրենց վրա:

Տրամաբանությունը հուշում է, որ բոլոր խոշոր միջոցառումների եւ կարեւոր արտերկրյա այցերի դերակարը հիմա եւ այսուհետ լինելու է ներկա նախագահը, քանի որ այլ դերակատարի անհրաժեշտություն այլեւս նախագահականում կա՛մ չեն տեսնում, կա՛մ հավելյալ վտանգներով հղի են համարում` եկող տարվա ապրիլյան փոփոխության համար այլ ենթատեքստ այլեւս թույլ չտալու տեսակետից: Դա է երեւում է նաեւ նախագահ Սարգսյանի բազմաթիվ այցերից, ԵՄ համաձայնագրի ստորագրմանը միայնակ ներկա գտնվելուց, մեր մի մոտակա հարեւանի` Իրանի նախագահին մեր երկրում ընդունելուց հետո մոտակա այց Վրաստան նախատեսելուց, որի վերաբերյալ տեղեկատվությունը դեռեւս լուրերի մակարդակով է:

Վերջինը բոլորովին չի նշանակում մեր հրապարակման մեջ բարձրացրած հարցի` հայերիս աշխուժացման հրամայականի բացառում: Հակառակը` մեր ներսի համակարգիչը վերբեռնելը մեզ կօգնի պատրաստ լինել բոլոր տեսակի իրադարձություններին` գիտակցությամբ, պահանջների ձեւակերպմամբ եւ անելիքի գիտակցումով, սպասելի, թե անսպասելի լինեն գործընթացները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ