ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ. «ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ» ՙ«ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ԴԵՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ՄՕԿ-ը որոշել է արգելել Ռուսաստանին մասնակցելու 2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերին: Ճիշտ է ՄՕԿ-ը նաեւ հայտարարել է, որ ռուս մարզիկները կարող են այլ պետությունների թիմերում մասնակցել խաղերին, բայց Ռուսաստանը, հաջորդ տարի Հարավային Կորեայում չի լինի: Միջազգային օլիմպիական կոմիտեն այս որոշումը կայացրել է ՌԴ թիմի անդամների դոպինգ թեստերի արդյունքներն արդեն տեւական ժամանակ ուսումնասիրելուց հետո: Ըստ այդմ, պարզվել է, որ ռուս մարզիկներն իրականում այդքան ուժեղ չեն, պարզապես դոպինգը Ռուսաստանի մարզական աշխարհում լայն կիրառելիություն ունի: Ի դեպ, ՄՕԿ-ը պարտադրել է Ռուսաստանին վճարել 15 միլիոն դոլար ՌԴ մարզիկների դոպինգ թեստերի արդյունքներն ուսումնասիրելու նպատակով ՄՕԿ-ի վատնած միջոցները փոխհատուցելու համար : Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում ռուսների համար Ձմեռային օլիմպիադային չմասնակցելը, պատկերացրեց, որ աշխարհում անցկացվում է, օրինակ, խորովածի պատրաստման առաջնություն ու Հայաստանին չեն հրավիրում, ավելինՙ արգելում են, որ ՀՀ հավաքականը մասնակցի: Օլիմպիադան, այն էլ ձմեռային, ռուսների համար ազգային արժանապատվության հարց է ու ՄՕԿ-ում սա հրաշալի հասկանում են, հակառակ պարագայում նման որոշում չէր կայացվի: Թե ինչպե՞ս պետք է անցնեն խաղերն առանց ռուսների, օրինակ գեղասահքի առաջնությունը, կամ բիաթլոնի մրցավազքը, դժվար է ասել, ամեն դեպքում որեւէ մեկը, ով երբեւէ հետեւել է Ձմեռային խաղերինՙ չի կարող պատկերացնել դրանք առանց ռուսների: Սաՙ ինչ վերաբերում է հարցի մարզական կողմին: Իրականում այս պատմությունը սպորտի մասին չէ: Բանն այն է, որ եթե ՄՕԿ-ի որոշումը լիներ զուտ մարզական ու հանուն սպորտի, ապա Օլիմպիական կոմիտեն առհասարակ կարգելեր ռուս մարզիկների մասնակցությունը որեւէ դրոշի ներքո, քանի որ նրանք, ըստ ՄՕԿ-ի, դոպինգի ազդեցության տակ են հաղթում: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ՄՕԿ-ի խնդիրը ռուս մարզիկները չեն, այլ Ռուսաստա՛նը, անունը, երկիրը: Որքանո՞վ է ուրեմն այս որոշումը զուտ մարզական, եւ կամ ՄՕԿ-ըՙ սրանից հետո կարելի՞ է արդյոք համարել մարզական կառույց, նույնիսկ ՄՕԿ-ում դժվար կպատասխանեն: Ամեն դեպքում Ձմեռային օլիմպիական խաղերի մրցավայրի հարեւան Կիմ Չեն Ընը սպառնացել է խաղերին, ի դեպ, հյուսիկորեացի առաջնորդը սպառնալիքներ ուղղելուց առաջ զգուշացնում է, որ դրանք Փհենյանի բարեկամների դեմ ուղղված չեն: Իմիջիայլոցՙ բարեկամների մասին: Հաշվի առնելով, որ Ձմեռային օլիմպիական խաղերն առանց Ռուսաստանի թիմի հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է աշխարհի ֆուտբոլի առաջնությունն առանց Բրազիլիայի, եւ հիմք ընդունելով ՀՀ-ՌԴ ռազմավարական բարեկամության մասին համաձայնագիրը, որի 20-ամյակն, ի դեպ, այս ամբողջ տարում նշում ենք մենք, առաջարկում են Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին, անձամբ նախագահ Պուտինին, ռուս մարզիկներին ներառել Հայաստանի ձմեռային օլիմպիական հավաքականում: Այդպիսով ռուս մարզիկները հնարավորություն կստանանՙ մասնակցելու խաղերին, Խաղերը չեն զրկվի իրենց գրավչությունից, դե իսկ Հայաստանն էլ կունենա Ձմեռային օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ ու մեդալակիրներ: Այդպիսովՙ կհաղթի Հայաստանը-կհաղթի Ռուսաստանը, ինչպես միշտ է եղել, ու, ինչպես երեւում էՙ միշտ է լինելու: Համ էլ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի էֆեկտը կչեզոքացվիՙ հայ ժողովրդի մեջ վերջնականապես արմատավորելով այն գաղափարը, թե ինքն առանց ռուսների հաղթել չի կարող, իսկ դա հենց այն է, ինչն ուզում են ռուսները: |