RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ԼԱՎ ԵՎ ՎԱՏ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 10793, Տպվել է` 1574, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՙ 10 ԱՄՍՈՒՄ ԳՐԵԹԵ ՀԱՍԵԼ ԵՆՔ 2016-Ի ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարեվերջից մոտ 2 ամիս առաջ, 10 ամսվա արդյունքներով Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե 5 մլրդ դոլար, ավելի կոնկրետՙ 4 մլրդ 979 մլն դոլար: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ 22,4 տոկոսով կամ մոտ 900 մլն դոլարով արտաքին առեւտրի ծավալների նման աճը վկայում է միմյանց փոխկապակցված մի քանի երեւույթների մասին:

Դրանք ենՙ երկրի ներսում տնտեսական ակտիվության ավելացում, բնակչության կողմից վճարունակ պահանջարկի աճ, տնտեսության իրական հատվածումՙ մասնավորապես արդյունաբերությունում նկատելի աճ, արտերկրից ստացվող մասնավոր փոխանցումների աճՙ պայմանավորված հիմնականում Ռուսաստանի տնտեսական կացության բարելավմամբ, համաշխարհային տնտեսության մեջ բարենապաստ կացություն, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ առեւտրաշրջանառության աշխուժացում, միջազգային շուկաներում մետաղների, մասնավորապես պղնձի բարձր գներ: Եթե սրանցից մի մասը այսպես ասած, ակամայից է նպաստում արտաքին առեւտրի ծավալների ավելացմանը, ապա մյուս մասն էլ պայմանավորված է կառավարության կողմից տնտեսական աճի խթանման գործողություններով ՙ մասնավորապես արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում:

Սաՙ ընդհանուր արտաքին առեւտրի ծավալների մասին: Ինչ վերաբերում է առանձին-առանձին ներմուծման եւ արտահանման ցուցանիշներին, ապա պատկերը հետեւյալն է:

Ներմուծումն ավելացել է 24 տոկոսով կամ 626 մլն դոլարով (կազմելով 3 մլրդ 234 մլն դոլար), ընդ որում բոլոր ուղղություններովՙ ԱՊՀ եւ ԵԱՏՄ, Եվրոմիության (ԵՄ) եւ այլ երկրներից: Սա առավել քան հիմնավոր ապացույցն է այն թեզի սնանկության, թե Հայաստանի ԵԱՏՄ մտնելը սահմանափակել է այլ երկրների հետ մեր առեւտրի ծավալները: Նշենք նաեւ, որ ներմուծման 10 ամսվա ծավալները ընդհուպ մոտեցել են 2016-ի տարեկան ծավալներին (2 մլրդ 273 մլն դոլար): Աճի նույն միտումն է արձանագրվել նաեւ արտահանման ցուցանիշներում:

Դեռեւս անցած տարվանից սկսած, արտահանման աճի բարձր տեմպը որոշակի տատանումներով պահպանվում է: Այս տարվա 10 ամիսներին աճն այստեղ կազմել է 19,4 տոկոս կամ մոտ 284 մլն դոլար, հասնելով 1 մլրդ 745 մլն դոլարի: Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշը եւս գրեթե այնքան է, որքան եղել է 2016-ին ամբողջ տարվա ընթացքում (1 մլրդ 791 մլն դոլար) եւ վստահաբար կարելի է ասել, որ տարեկան ցուցանիշը կգերազանցի 2 մլրդ դոլարը:

Ինչ վերաբերում է արտահանման կառուցվածքին, ապա, բացի հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացումից, պայմանավորված մետաղների եւ մասնավորապես պղնձի միջազգային բարձր գներով, կայուն տեմպով ավելանում է նաեւ պատրաստի արտադրանքի արտահանումը: Մասնավորապես, պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը տարվա 10 ամիսներին ավելացել է 23,2 տոկոսով կամ շուրջ 76 մլն դոլարով, հասնելով 407 մլն դոլարի: Եվս 40 մլն դոլարով կամ 22,7 տոկոսով ավելացել է ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներըՙ հասնելով 223 մլն դոլարի: Պատրաստի արտադրանք թողարկող մեկ այլ ոլորտիՙ մանածագործական իրերի (թեթեւ արդյունաբերության) արտահանումն աճել է 38 տոկոսով կամ մոտ 29 մլն դոլարով: Արտահանման ծավալներն այստեղ հասել են 106 մլն դոլարի: Մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների արտահանումն աճել է 2 անգամ կամ 16 մլն դոլարով եւ կազմել 33 մլն դոլար: Քիմիական արտադրանքի արտահանման ծավալները նույնպես կտրուկ աճել ենՙ 62,3 տոկոսով կամ մոտ 9 մլն դոլարով, հասնելով 22 մլն դոլարի: Պատրաստի ապրանքի տեսակներից սրանք արտահանման ամենամեծ աճ արձանագրած ճյուղերն են:

Փոխարենը, նվազել են երկու խոշոր ապրանքախմբերիՙ անցյալ տարի գրեթե կրկնակի աճ արձանագրած թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումըՙ 22,2 տոկոսով կամ մոտ 54 մլն դոլարով եւ բուսական ծագման արտադրանքի, այսինքնՙ գյուղմթերքների արտահանումըՙ մոտ 23 մլն դոլարով կամ 39,2 տոկոսով: Գյուղատնտեսության ոլորտից հարկ է նշել նաեւ կենդանիների եւ կենդանական ծագման ապրանքների արտահանման աճըՙ 18 մլն դոլարով կամ 59,7 տոկոսով:

Հանքահումքային արտադրանքի, հիմնականում պղնձի խտանյութի արտահանման աճը կազմել է 39,8 տոկոս կամ 154 մլն դոլար, որի արդյունքում արտահանման ընդհանուր ծավալն այս ճյուղում կազմել է 540 մլն դոլար: Եթե այս ցուցանիշը համեմատենք պատրաստի արտադրատեսակների արտահանման ծավալների համահավաք աճի հետ, ապա կտեսնենք, որ պատրաստի արտադրանքի ծավալներն ավելի մեծ ծավալով են ավելացել, քան հումքայինը:

Ինչպես արդեն նշվեց, շարունակել են աճել ծավալները ոչ միայն դեպի մեր ավանդական շուկաՙ Ռուսաստան, այլեւ դեպի ԵՄ եւ դեպի այլ երկրներ:

Դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 43 տոկոսով կամ 129 մլն դոլարով, կազմելով 428 մլն դոլար: Մեր արտահանման մեջ Ռուսաստանը զբաղեցնում է ամբողջ արտահանման 24,5 տոկոսը եւ հիմնականում մեր պատրաստի արտադրանքի շուկան է հանդիսանում: Դեպի ԵՄ երկրներ արտահանումն աճել է 28 տոկոսով կամ մոտ 108 մլն դոլարով, կազմելով 495 մլն դոլար: Հիշեցնենք, որ այս ուղղությամբ հիմնականում արտահանվում է հանքահումքային արտադրանք:

Այլ երկրներից աննախադեպՙ 3,6 անգամ կամ մոտ 152 մլն դոլարով աճել է դեպի Շվեյցարիա արտահանման ծավալները, մոտենալով 170 մլն դոլարի: Դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ արտահանումն այս տարվա 10 ամիսներին ավելացել է 87,6 տոկոսով կամ մոտ 36 մլն դոլարով, հասնելով գրեթե 77 մլն դոլարի: 21 մլն դոլարով կամ 66,5 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի ԱՄՆ, կազմելով 52 մլն դոլար: 16 մլն դոլարով կամ 19,8 տոկոսով աճել է դեպի Չինաստան արտահանումը, կազմելով 95 մլն դոլար:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ընդհանուր առմամբ ընթացիկ տարին համեմատաբար բարենպաստ է մեր երկրի տնտեսության, այդ թվում արտաքին առեւտրաշրջանառության համարՙ ի տարբերություն նախորդող 2-3 դժվարին տարիների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ