ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԿՀՆՉԵՑՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ Մ. Խ. ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում հանրապետականները քննարկումներ են արել եւ որոշել են Հայաստանի նախագահի իրենց թեկնածուին, որի անունը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ չբացահայտեց: Նա տեղեկացրեց, որ այդ անունը կբացահայտի նախագահ Սարգսյանն այսօր` առաջարկ ներկայացնելով այդ թեկնածուին: Նա միայն ավելացրեց, որ այդ թեկնածուն համապատասխանում է այն չափորոշիչներին, որի մասին խոսել էր նախագահ Սարգսյանը մեկ օր առաջ: Ըստ նրա` այդ թեկնածուի օգտին կքվեարկի նաեւ խորհրդարանական ընդդիմության մի հատվածը` նրա առավելությունները նկատի առնելով: Վարչապետի թեկնածու կառաջադրվի ապրիլի առաջին օրերին, իսկ վարչապետ կընտրվի ապրիլի կեսին: |