RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 5786, Տպվել է` 804, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Արդեն մեկ տարի է, ինչ նավթի գները կայուն կերպով բարձրանում են, ինչը հանգեցնում է նավթ արտահանող պետությունների տնտեսության կայունացմանը եւ նույնիսկ որոշակի աճին: Սա նշանակում է, որ անկումը նավթի համաշխարհային շուկայում, այստեղից բխող հետեւանքներով, այլեւս կանգ է առել եւ թեւակոխում ենք որոշակի կայունության շրջան: Սակայն հիմնական հարցը, որ ծագում է այս առիթովՙ ինչքա՞ն կշարունակվի այս կայունությունը եւ ինչպես այն կանդրադառնա տարածաշրջանային զարգացումների դինամիկայի վրա:

Նկատենք, որ 2018թ. հունվարի 16-ին նավթի (Brent տեսակի) գինը Լոնդոնի սակարանում հասավ աննախադեպ 70 դոլարի մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ նման գին նավթի շուկայում գրանցվել էր 3 տարի առաջՙ 2015թ. վերջին: Այն ժամանակ արդեն իսկ այս գինը համարվում էր բավականին ցածր, սակայն այսօր արտադրողները ուրախանում են նավթի նման գնիՙ 70 դոլարի գրանցումից: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, 2017թ. հունվարին, նավթի գինը նորից բարձրացել էր` հասնելով մոտ 65 դոլարի մեկ բարելի դիմաց եւ ապա իջել մինչեւ 44 դոլար` անցած տարվա հուլիսին:

Նավթի գների նման տատանումները մեկ տարվա ընթացքում 30-40% սահմաններումՙ հուշում է, որ համաշխարհային տնտեսությունը անկայուն է, իսկ էներգետիկ շուկան գտնվում է տարբեր քաղաքական, տնտեսական ու այլ տիպի ուժերի ազդեցության տակ, որոնք այսպիսով ցանկանում են ազդել ընդհանուր աշխարհատնտեսական միտումների վրա` փորձելով վերականգնել իրենց տնտեսությունը կամ վնասել ուրիշներին: Աշխարհաքաղաքական այս պայքարը ձեւավորել է տարբեր բեւեռներ, որոնք ունենալով աշխարհատնտեսական նույնանման շահերՙ միաժամանակ կարող են գտնվել աշխարհաքաղաքական տարբեր բեւեռներում:

Նավթի գնի բարձրացումը ձմեռվա ամիսներին պատահական չէ եւ առաջին հերթին պայմանավորված է այդ վառելիքի նկատմամբ պահանջարկի աճով: Սա նաեւ կարելի է բացատրել մի շարք պետություններում աննախադեպ սառնամանիքներով, ինչը կտրուկ կերպով ավելացրել է նավթի պահանջարկը: Սա սեզոնային երեւույթ է, որը նկատելի է ամեն տարի եւ հատկապես այն սուր է զգացվում աննախադեպ ցրտերի շրջանում:

Բացի այդ նկատվում է համաշխարհային տնտեսության վերականգնում-աճը, ինչը նույնպես ազդում է նավթի գների վրա: Թե՛ Եվրոմիության եւ թե ԱՄՆ-ի տնտեսությունները սկսել են դանդաղ, բայց աճել: Աճի դանդաղեցման երեւույթը կարողացել է կանխել նաեւ Չինաստանը, որը նույնպես կայունացման շրջան է մտնում: Վերջինիս տնտեսությունը նավթի նկատմամբ պահանջարկի աճ է գրանցել, ինչը վերջին շրջանում նկատելի չէր:

Նավթի գնի աճի պատճառներից մեկը նաեւ դոլարի կուրսի փոփոխությունն է համաշխարհային մյուս արժույթների նկատմամբ: Եթե 2015-2016թթ. նկատվում էր դոլարի ամրապնդում, ապա 2017թ. ընթացքում դոլարը շարունակաբար զիջում էր իր դիրքերը: Իսկ գաղտնիք չէ, որ նավթը համաշխարհային բորսաներում վաճառվող միակ ապրանքն է, որի առք ու վաճառքը կատարվում է միմիայն դոլարով: Այս փաստով է նաեւ բացատրվում դոլարի շարունակական պահանջարկը աշխարհում: Նույնիսկ Լոնդոնի հումքային բորսայում նավթի ֆյուչերսները (futures contract) կարելի է գնել միայն դոլարով: Հետեւաբար դոլարի կուրսը եւ նավթի գները իրար հակառակ համեմատական են ու դոլարի շարունակական թուլացումը հանգեցնում է նավթի գների բարձրացմանը: Իսկ նկատենք, որ Թրամփի իշխանության գալուց հետո դոլարը հենց նման վարքագիծ է դրսեւորում, ինչի պատճառը Սպիտակ տան նոր վարչակազմի քաղաքականությունն է, որը ցանկանում է մեծացնել արտահանումը ի հաշիվ ներմուծման:

Պատճառներից մեկն էլ սպեկուլյատիվ խաղն է Նյու Յորքի եւ Լոնդոնի բիրժաներում, որտեղ բրոկերները օգտվելով համաշխարհային քաղաքականության անկայունությունից, անընդհատ բարձրացնում են նավթի գինը: Որեւէ ցնցումՙ քաղաքական թե բնակլիմայական, կարող է նպաստել, որ սպեկուլյանտները (հանձին օրինակ Սորոսի) ակտիվացնեն իրենց գործունեությունը բորսաներում` նպաստելով նավթի գնի փոփոխմանը, իսկ 2017թ. առատ էր քաղաքական ու բնակլիմայական աղետներովՙ փոթորիկներով, հրդեհներով ու ջրհեղեղներով, ինչն էլ «նպաստավոր» է սպեկուլյանտների համար ազդելու նավթի գնի վրա: Այստեղ կարեւոր է շեշտել, որ բորսային սպեկուլյատիվ ազդեցությունը ժամանակավոր երեւույթ է եւ երկարատեւ կտրվածքով այն չի կարող ազդել նավթի գնի վրա, սակայն այն հստակ կերպով նախանշում է այն միտումները, որոնք կան միջազգային էներգետիկ շուկայում:

Աշխարհաքաղաքական գործոնը շարունակում է կարեւորագույնը մնալ, չնայած Պարսից ծոցը արդեն կորցրել է նախկին ազդեցությունը, որը նա ուներ նավթի համաշխարհային շուկայում: Նվազել է նաեւ ՕՊԵԿ-ի ազդեցությունը. վերջինս այլեւս չի կարող միայնակ ազդել նավթի գնի վրա: Սաուդյան Արաբիայի գերազդեցության մասին նավթի գնագոյացման վրա նախկինում եղած միֆերը այլեւս չեն էլ լսվում (գոնե մասնագիտական շրջանակներում): Սա է պատճառներից մեկը, որը չնայած Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմների, նավթի գինը 2015-2016թթ. շարունակաբար նվազել է:

ՕՊԵԿ-ը կորցրել է նաեւ ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայում, իր չափաբաժինը նախկին 70%-ից (անցած դարի 70-ական թվականներին) նվազեցնելով մինչեւ 38%(2017թ.): Այսինքն ոչ-ՕՊԵԿ անդամ պետությունները ապահովում են համաշխարհային նավթի սպառման շուկայի 62%, սա նշանակում է, որ առանց վերջիններիս հետ համաձայնության անհնար է ազդել նավթի գնի վրա: Սա էր պատճառներից մեկը, որ 2017թ. հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորը ժամանեց Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ :

Այդ հանդիպման հիմնական նպատակն էր համաձայնության գալ կրճատելու նավթի արդյունահանման ծավալները, խթանելու համար, որ դրանց գները շարունակաբար աճեն: Դրա համար սաուդները նույնիսկ համաձայնեցին մի քանի միլիարդ դոլար ներդրումներ կատարել Ռուսաստանում ու գնել նաեւ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանական (ՀՕՊ) համակարգերը: Համաձայնագիրը աշխատեցՙ Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստվում է կրճատել նավթի արդյունահանման ծավալները եւ հոկտեմբերից սկսած նավթի գները 53 դոլարից շարունակաբար աճում են հասնելով 67-70 դոլարիՙ արդեն 2018թ. հունվարին:

Այսպիսով աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող ու տարբեր բեւեռներում գործող նավթ արդյունահանող ամենախոշոր երկու պետությունները (նավթի արդյունահանման ծավալներով նրանց հետ կարող է մրցակցել միայն ԱՄՆ-ը, որը այս պահին նույնիսկ ավելի շատ նավթ է արդյունահանում քան սաուդները եւ ռուսները) ունեն աշխարհատնտեսական ընդհանրություններ, ինչն էլ արտահայտվում է նավթի գնի հարցում համաձայնագրի ստորագրումով եւ այս հարցում միասնական քաղաքականությամբ:

Չնայած նավթային գործոնը շարունակաբար կորցնում է իր դիրքերը ընդհանուր էներգետիկ շուկայում, սակայն այն դեռ երկար ժամանակ կպահպանի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Հետեւաբար հասկանալ ընդհանուր աշխարհառազմավարական միտումները հնարավոր է միայն այս շուկայի շարունակական ուսումնասիրման արդյունքում: Կարեւոր է նշել նաեւ, որ նավթի գների բարձրացումը կայունացնում է Ռուսաստանի եւ Իրանի շուկաները, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունենում Հայաստանի վրա, եւ 2017թ գրանցված տնտեսական աճը նաեւ հետեւանք էր այս միտումների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ