RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 5513, Տպվել է` 792, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 16-ին մայրաքաղաքի հարավ-արեւմտյան թաղամասում (ՀԱԹ) տրանսպորտային ծառայություններ իրականացնող մի շարք երթուղայիններ մի քիչ բողոքեցին ավտոգազի գնի բարձրացումից: Մի քիչ, ոչ թե բողոքավորների ձայնը հաշվի առնելով կամ բողոքի ակցիայի ժամանակը, այլ ձեւը: Բանն այն է, որ մի շարք գծեր սպասարկող երթուղայիններ փակել էին Րաֆֆիի եռագիծ փողոցի երկու գծերը, թողնելով, որ մի գիծն աշխատի: Ու աշխատում էր: Ճիշտ է, բոլոր երթուղայիններին կանգնած վարորդները հորդորում էին միանալ ու կային, որ միանում էին, բայց ավելի շատերը շարունակում էին իրենց ճանապարհը: Այնպես որ չի կարելի պնդել, թե հունվարի 16-ին ՀԱԹ-ում երթուղային ցանցը կաթվածահար էր եղել, քանի որ այն աշխատում էր ինչպես միշտՙ կաթվածահար: Հիմա, սովորական ուղեւորի համար ի՞նչ տարբերություն, օրինակ 21 համարի երթուղայինի վարորդը կայանատեղիո՞ւմ է ոտքը կախ քցելՙ երկու կարկանդակ ավելի ուտելով, թե՞ բողոքի ակցիայի է միացել ու դրա համար է ուշանում, երբ միեւնույն էՙ ուշանում է:

Ինչեւէ, բողոքող վարորդներին մոտեցան պետավտոտեսուչներն ու իմանալով, թե ինչն ինչոց էՙ թողեցին հեռացան, հավանաբար ողջունելով վարորդների բողոքը: Մեր երթուղայինի վարորդը (75 համար) սկզբում փորձեց կանգնել ու միանալ բողոքին, քանի որ ինչպես ինքն ասացՙ գազի գնի բարձրացումը սաղիս վերաբերվող հարց է ու պետք է հուփ տանքՙ լուծենք , բայց նա միայն փորձեց: Ուղեւորները անմիջապես աղմուկ բարձրացրեցինՙ ասելով, թե գործից ուշանում ենք, վարորդն էլ ստիպված քշեցՙ ճանապարհի միակ բաց գծով ու մեզ հասցրեց աշխատանքի: Ճիշտ է, ամբողջ ճանապարհին վարորդը հեռախոսով խոսում էր իր բողոքավոր գործընկերների հետ ու մենք ուղիղ եթերում հետեւում էինք իրադարձությունների ընթացքին, բայց ամեն դեպքում մեր վարորդը չմիացավ ընկերներին: Ինչպես արդեն նշեցիՙ մեր վարորդի պես շատերը չմիացան բողոքի ակցիային:

Ու հիմա հետաքրքրական է, եթե խնդիրը սեղմված գազի գինը չլիներ, ասենք մի հրաշքովՙ վարորդները բողոքեին կարագի գնի բարձրացման դեմ, կամ Ալիեւի, էլի՞ չէինք թողնելու, որ մեր վարորդը միանա բողոքին, ու մենք եւս չէինք միանալո՞ւ: Հասկանալի է, որ սեղմված գազը խիստ մասնագիտական ապրանք է (չնայած Հայաստանում գրեթե բոլորը դրանով են մեքենա քշում), ու դրա գնի բարձրացումը ոչ բոլորին է հետաքրքրում, քանի որ ոչ բոլորին է վերաբերում, բայց մեր երկրում միայն սեղմված գա՞զն է թանկացել: Օրինակ, եթե սեղմված գազի թանկացման հետեւանքով տրանսպորտի սակագինը բարձրանա, էլի՞ չենք բողոքելու: Ի դեպ այս հարցով Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի սպառնում, բայց կներեք, ժամանակին տրանսպորտի նախարարությունն ասում էր, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների որեւէ արգելք չի կարող լինել, հիմա կա, չէ՞: Ռուբեն Հայրապետյանն էլ (Նեմեց) ասում էր, որ եթե ֆուտբոլի ազգային հավաքականը ձախողի աշխարհի առաջնության ավարտված փուլը, ապա ինքը հրաժարական է տալու, ձախողեց ու չտվեց, չէ՞: Սերժ Սարգսյանն էլ ասում էր, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ե՞ւ... Այնպես որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ կարեւոր չէ, թե ով ինչ է ասել, կարեւորն այն է, թե ով ինչ է անում եւ կանի:

Հիմա սեղմված գազն է թանկացել, ըստ ՏՄՊՊՀ-իՙ հիմնավորված, վաղը նույն ՏՄՊՊՀ-ն կհիմնավորի տրանսպորտի թանկացումը, մյուս օրըՙ հացը կթանկանա, որպեսզի կարագի հետ սազի... Իսկ ՏՄՊՊՀ-ն, հիշեցնեմ, անկախ կառույց է, ճիշտ է կառավարության անդամների հետ հաճախ են խաշի գնում ու միմյանց կենացներ խմում, բայց դա հո չի՞ նշանակում, որ ՏՄՊՊՀ-ն կախված է կառավարությունից:

Մեծ հաշվով մենք թքած ունենք գների վրա: Գնաճը մեզ փողոց դուրս չի բերում, եթե բերում էլ էՙ ապա միայն մի քանի տասնյակի, այն էլ, երբ եղանակը տաք է ու փողոցում քայլելը կամ կանգնելը հաճելի է: Գնաճը մեզ համար գոյության հարց չէ, մի տեսակ լուրջ չէ, նույնիկ ամոթ է, որ գների բարձրացման դեմ հասուն տղամարդիկ փողոց դուրս գան: Փոխարենը կարելի է Ռուսաստան գնալ, շատ փող աշխատել, ուղարկել տուն, որեսզի ընտանիքի անդամները բանան ու կարագ ուտեն, օրինակ: Որ բողոքեցինք գների բարձրացման դեմ, դրանք իջնելու ե՞ն: Հայաստանում գնաճի դեմ պայքար լինել չի կարող, որքան էլ դրա դեմ պայքարի կոչող «Ելք»-ի անդամները հայրենասեր ու գեղեցիկ լինեն: Մեր ժողովուրդը իր 30 հազարանոց թոշակով կարողանում է սառնարան էլ գնել, դեռ երիտասարդ որդիների հիփոթեքն էլ ամեն ամիս փակել: Որդիներն էլ իրենց հերթին մոտ հարյուր հազար դրամ աշխատավարձով մեքենաներ են գնում, ու ամեն ամառ գնում Բաթումիՙ հանգստանալու: Սրան զուգահեռ երկրում զարգանում է ՏՏ-ն, աճում է ՀՆԱ-ն, բացվում են զիփլայներ, իշխող կուսակցության նոր գրասենյակներ, իրար հետեւից կառուցվում են բնակելի շենքեր, որոնք դեռ պատրաստ չեն, բայց ազատ բնակարան չունեն, ու մի խումբ մարդիկ միշտ պայքարում են ինչ-որ բաների դեմ: Մենք բոլորս հոգով նրանց հետ ենք, բայց իրականում շտապում ենք աշխատանքի, որպեսզի ստանանք ամսական 75 հազար դրամ աշխատավարձը, որ փակենք հիփոթեքը, վարկերը, երեխայի համար թթվասեր ու կարագ գնենք, ուրբաթ ընթրենք ռեստորանում, շաբաթ թատրոն գնանք, կիրակիՙ կինո, իսկ գիշերները հանգիստ ու երջանիկ քնենքՙ մեր շատ ապահով Հայաստանում, որտեղ ոչ ահաբեկիչներ կան, ոչ էլ գներն են անտանելի բարձր:

Ահա՛ Հայաստանը եւ նրա պայքարը գնաճի դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ