ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱԳԵՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրուրդը հետաքրքրական ժամանակ է ապրում: Նման եզրակացության, համենայն դեպս, կարելի է հանգել մոտակա ամսվա հայտարարված աշխատանքային օրակարգից: 2018թ. հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը գլխավորեց նրա ոչ մշտական անդամներից մեկըՙ Ղազախստանի Հանրապետությունը: Այդ երիտասարդ, հավակնոտ երկիրն արդեն ծանրակշիռ հեղինակություն ունի աշխարհում, նաեւՙ միջազգային հակամարտություններում խաղաղարարի եւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ անհաշտ պայքարողի համբավ: Հունվարի 18-ին Ղազախստանի առաջնորդ, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այցելել է ԱՄՆ, այնտեղ հանդիպում ունենալու իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի եւ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ անդամների հետՙ թեմատիկ բանավեճեր անցկացնելու բարձր մակարդակովՙ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածում. վստահության միջոցներ» թեմայով: Աֆղանական կտրվածք Իհարկե, տարբեր երկրների ներկայացուցիչների հատուկ ուշադրությունն անմիջապես գրավեց Նուրսուլթան Նազարբաեւի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպման լուրը: Ղազախստանի ղեկավարը առաջին արտասահմանյան առաջնորդներից է, որոնց հետ իր ընտրությունից հետո հանդիպում է Սպիտակ տան գլուխը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն մեկ տարի: Ընդ որում, ենթադրվում է, որ մոտակա ժամանակներս Նազարբաեւը պաշտոնական հանդիպում կունենա նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս տեղեկատվության հաստատում դեռեւս չկա, սակայն հնարավոր հեռանկարները թույլ են տալիս մտածել: Միջազգային հարաբերությունների գծով ղազախստանյան խորհրդի նախագահ, հայտնի քաղաքագետ Երլան Քարինը , հանդես գալով ԶԼՄ-ներում, Նազարբաեւի այցն ԱՄՆ արդեն անվանել է «կարեւորագույն իրադարձություն», որն ունի լուրջ նշանակություն ինչպես ղազախստանաամերիկյան համագործակցության հետագա հեռանկարների, այնպես էլ, ամբողջությամբ վերցված, ԱՄՆ-ի հետ Կենտրոնական Ասիայի հարաբերությունների, այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի համար: Դա անվիճելիորեն կունենա ազդեցություն միջազգային համատեքստում, քանի որ Ղազախստանն իրեն հայտարարել է տարբեր միջազգային բանավեճերի ակտիվ մասնակից: Վերջին վառ օրինակը Սիրիայի գծով Աստանայի բանակցային հարթակն է: Ենթադրվում է, որ այդ ամենից բացի, երկու առաջնորդների քննարկման կարեւոր թեմա կդառնա «Աֆղանական հարցը»: Բանն այն է, որ Սպիտակ տունը նախապես հայտարարել է Աֆղանստանի գծով ԱՄՆ նոր ռազմավարության մշակման մասին մոտ ժամանակներս: Սակայն այս պահին այն դեռ չի բարձրաձայնվել: Աֆղանական ռազմավարությունը հանդիսանում է ԱՄՆ քաղաքականության առանցքային տեսանկյուններից մեկը, քանի որ ինդիկատոր է այն իմաստով, թե ի՞նչ կառաջարկի այս կամ այն ղեկավարությունը, ինչպե՞ս այն կգործի այնուհետեւ, ինչպե՞ս կլուծի այդ հարցը: Միանգամայն ակնհայտ է, որ ղազախստանյան առաջնորդի հետ հանդիպումը կարեւոր նշանակություն կունենա Աֆղանստանի գծով ամերիկյան ռազմավարության մշակման տեսակետից: Ցավոք, այժմ միջազգային հանրությունը գործնականում ինքնամեկուսացվել է այդ երկրի հիմնախնդիրներից: ՄԱԿ-ի առաքելությունը ֆիքսում է խիստ մտահոգող վիճակագրությունՙ Աֆղանստանում ռազմական հակամարտությունների պատճառով 2017թ. զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է ռեկորդային մակարդակիՙ համարյա 18 հազար մարդ: Սա ամենաբարձր ցուցանիշն է պատերազմի սկզբից առ այսօր, այսինքնՙ սկսած 2001թ.-ից: Հաշվի առնելով այն, որ Ղազախստանը հանդիսանում է հակամարտությունների կարգավորման գործում ակտիվ տարածաշրջանային մասնակից եւ բանակցող, ինչպես նաեւ գլխավորում է Աֆղանստանի գծով ՄԱԿ-ի կոմիտեն եւ հանդես է գալիս աֆղանական հարցի քննարկման մոդերատորի դերում, նրա հնարավոր առաջարկությունները կարող են անգնահատելի լինել: - Վերջին երկու-երեք տարիներին աֆղանական թեմատիկան սկսել է դուրս մնալ տեսադաշտից, - արձանագրում է Քարինը , - մենք տեսնում ենք, որ ընտրությունները անվերջ հետաձգվում են, աճում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը: Ես կարծում եմՙ այս այցելությունը (Նազարբաեւի-Ա.Ս.) կվերահաստատի աֆղանական հիմնախնդիրների շարքը: Մեզ վրա (Ղազախստանի-Ա.Ս.) դա նույնպես ազդում է, որովհետեւ մենք էլ գտնվում ենք նույն տարածաշրջանում, հարեւան ենք Աֆղանստանին: Հեղինակություններ եւ նախապատվություններ Նոր նախագահ-երկրի առաջին նախաձեռնություններից մեկը դարձավ անցած տարի խորհրդի ոչ մշտական անդամ ընտրված երկրների դրոշների տեղադրման պաշտոնական արարողությունը: Այդ երկրներն էին Կոտ-դ՚Իվուարը, Քուվեյթը, Նիդերլանդները, Պերուն, Լեհաստանը եւ Հասարակածային Գվինեան: Բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ այս միջոցառումն անվանեցին «վառ այցեքարտ»: Ենթադրվում է, որ նման արարողությունները կդառնան կազմակերպության նոր անվանդույթ (այդ առաջարկությունն այժմ գտնվում է ուսումնասիրության փուլում): Այստեղ էլ, առաջին աշխատանքային օրը տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի գործունեության ծրագրի շնորհանդեսը, որն այնուհետեւ բարձրաձայնվեց ՄԱԿ-ի անդամ երկրների համար ճեպազրույցում: Ընտրված թեմատիկան ամենաարդիականն էՙ զանգվածային ոչնչացման զենքի չտարածում, «կանաչ տեխնոլոգիաների» առաջ մղում, զինված հակամարտության գոտիներում մարդասիրական հիմնախնդիրների կարգավորում եւ այդ հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքեր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սպասում է Հյուսիսային Կորեայի, Իրանի, Մյանմայի, Պաղեստինի եւ Իսրայելի (մասնավորապես Երուսաղեմի կարգավիճակի) ու բազմաթիվ այլ երկրների շուրջ իրադրության վերլուծություն: Այսպես, օրինակ, հունվարին ծրագրված են եռամսյակային բաց բանավեճեր «Իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ներառյալ Պաղեստինի հարցը» թեմայով, ինչպես նաեւ բաց եւ փակ քննարկումներ Սիրիայի, Լիբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության, Դարֆուրի, Արեւմտյան Աֆրիկայի եւ Սախելեի, Հարավային Սուդանի, Մալիի, Սոմալիի, Կիպրոսի եւ Կոլումբիայի հիմնախնդիրների վերաբերյալ: Նախատեսված է ընդունել մի շարք բանաձեւեր եւ ԱԽ նոր նախագահի հայտարարություններ: Ղազախստանի առաջնահերթությունները ՄԱԿ-ի ԱԽ անդամի կարգավիճակում 2017-2018թթ. նշված են ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված նախագահ Նազարբաեւի քաղաքական ուղերձում: Այն կրում է «Ղազախստանի կոնցեպտուալ տեսլականը գլոբալ գործընկերության ամրապնդման ուղղությամբ հանուն անվտանգ, արդարացի եւ բարգավաճող աշխարհի կառուցման» անվանումը: Առաջարկված ծրագիրը հավանության եւ աջակցության է արժանացել նաեւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների շրջանում: Այսպես, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան համոզմունք է հայտնել, որ «ղազախստանյան պատվիրակության գործունեությունը որպես Խորհրդի նախագահ հաջողություն կունենա»: ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ Խորհրդի մյուս անդամ երկրների դեսպաններն ընդգծել են Ղազախստանի բովանդակալից եւ հագեցած ծրագիրը, ինչպես նաեւ այն փաստը, որ այն կիզակետված է ամենաարդիական համաշխարհային հարցերի եւ ժամանակակից մարտահրավերների վրա: Մի խոսքով, մոտ ապագայում, միջազգային հանրությանը սպասում են բուռն բանավեճեր եւ տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրների քննարկում: ՄԱԿ-ի ԱԽ նոր նախագահը տրամադրված է բազմավեկտոր խաղաղարար երկխոսության եւ դա չի թաքցնում: - Մենք կարծում ենք, որ այսօր մեզ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել տարբեր քաղաքական առաջնորդների, տարբեր երկրների միջեւ վստահելի հարաբերությունների կառուցմանը,- ամփոփում է ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը , - առանց դրա, ինչպես մենք ենք կարծում, անհնար է լուծել որեւէ հիմնախնդիր: Կարծում եմ, որ այսօր աշխարհում հենց դրա կարիքը կա: |