ԹՅՈՒՐՔՅԸԼՄԱԶԸ ԱՅՑԵԼՈՒ ԴԱՍԱԽՈՍՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. Հայկական ուսումնասիրությունների ծրագրի համադրող պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանը հայտարարել է, որ դոկտ. Եկտան Թյուրքյըլմազը նշանակվել է այցելու դասախոս Ֆրեզնոյի պետական համալսարանի գարնանային կիսամյակի համար: «Այցելու դասախոսի» պաշտոնը համալսարանի հայագիտական ամբիոնում հիմնվել է Հենրի Գազանի (Խանզադյան) առատաձեռն նվիրատվության շնորհիվ եւ առաջինը դոկտ. Ռիչարդ Հովհաննիսյանն է արժանացել 2000-ին զբաղեցնելու այդ պաշտոնը: Թյուրքյըլմազը ազատ տիրապետում է, թուրքերենից բացի, հայերենին, անգլերենին, քրդերենին եւ օսմանյան թուրքերենին: Իր դոկտորականի ատենախոսության համար ուսումնասիրություններ կատարել է Թուրքիայում, Հայաստանում, Մ. Նահանգներում եւ Ավստրիայում: Դասավանդել է Բիլգի, Սաբանջի, Դյուք եւ այլ համալսարաններում: Հետդոկտորական ուսումնասիրություններ է կատարել Բեռլինում: Ֆրեզնոյի համալսարանում նա երեք մասից բաղկացած կուրս է կարդալու «Հայկական ուրբանիզմի սոցիալական, մշակութային եւ քաղաքական պատմությունը» ընդհանուր խորագրի ներքո: Թեման ընդգրկելու է 1863-1918 ժամանակաշրջանը եւ կենտրոնանալու է մասնավորապես Վանի, Թիֆլիսի եւ Կոնստանդնուպոլիսի կենտրոնների վրա: Զուգահեռաբար նա երեք հանրային դասախոսություններ է կարդալու հետեւյալ թեմաների շուրջ: ա) «Հայկական քաղաքական կազմակերպությունները, համայնքային կառույցները եւ Օսմանյան պետությունը երկրորդ սահմանադրական շրջանում (1908-1915)»: բ) Հայերը ձայնագրություններում: Երաժշտական հորինումները Հայրենիքում եւ Սփյուռքում (1900-1938)»: գ) «Համընդհանուր հուզմունք: Մելքոն Միր-Սագոյանի առեղծվածային սպանությունը Վանում, 1913-ի սեպեմբերին»: Մելքոն Միր-Սագոյանը եղել է ատամնաբույժ եւ Հնչակյան կուսակցության ակտիվ անդամներից: Նկար 1. Եկտան Թյուրքյըլմազ |