RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ

Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3958, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՐՆ Է ԱՅԺՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

Ամերիկացի հեղինակավոր քաղաքական մեկնաբան Պատրիկ Բյուքանանը նոր գիրք է հրատարակել «Նիքսոնի Սպիտակ տան պատերազմները: Մարտերը, որոնք նրան նախագահ դարձրին, ապա խորտակեցին, եւ ընդմիշտ բաժանեցին Ամերիկան» (Nixon՛s White House Wars: The Battles That Made and Broke a President and Divided America Forever) խորագրով: Վերոնշյալ խորագրով նրա հոդվածը տեղադրված է «cnsnews.com» կայքում:

Խռովությունների առթիվ Իրանին զգուշացնելով, որ «Մ. Նահանգները դիտարկում է, թե ինչ եք անում», դեսպան Նիկի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց հունվարի 5-ին, որն իրեն եւ մեզ բոլորիս ծիծաղի առարկա դարձրեց: Ֆրանսիայի դեսպանը նրան հասկացրեց, որ խորհրդի խնդիրը չէ քննարկել, թե ինչպես են պետությունները վերաբերում ներքին անկարգություններին: Ռուսաստանի դեսպանն էլ առաջարկեց դիտարկել, թե ինչպես էինք մենք Ամերիկայում վերաբերվել «Occupy Wall Street» (գրավիր Ուոլ Սթրիթը) բախումներին եւ թե ինչպես էին Միսսուրիի ոստիկանները վերաբերվել Ֆերգուսոնին:

Հիսուն տարի առաջ ամերիկյան 100 քաղաքներում հրդեհներ բռնկվեցին Մարտին Լութեր Քինգի սպանությունից հետո: Դաշնային զորքեր կանչվեցին: Իսկ 1992-ին ականատես եղանք Լոս Անջելեսում 20-րդ դարու ամերիկյան ամենավատթար խռովությանը, այն բանից հետո, երբ Սիմի Վալիում ազատ արձակվեցին Ռոդնի Քինգին բռունցքներով ծեծած ոստիկանները:

Այս դեպքերը երբեւէ մտահոգության առարկա դարձա՞ն Միավորված Ազգերի կազմակերպությունում: Նրա ստեղծման օրից մեր երկրի պահպանողականները խնդրել են, որ այդ կազմակերպությունը հեռու մնա մեր ներքին խնդիրները քննարկելուց: Հիմա ի՞նչ: Տալի՞ս ենք նրան իրավունք խառնվելու անդամ երկրների ներքին անկարգություններին:

Հունվարի 5-ի նիստը տապալվեց, երբ ուրիշների շարքին, Իրանի դեսպանն առաջարկեց քննարկել Իսրայելա-պաղեստինյան խնդիրը, կամ Ամերիկայի հովանավորությունը վայելող Սաուդյան Արաբիայի Եմենի դեմ մղած պատերազմի հակամարդկային ճգնաժամը:

Այս դեպքերը բացահայտում են, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը վատառողջ է: Նրան պակասում է հետեւողականությունը, փոխկապակցվածությունը եւ բարոյական հստակ դիրքորոշումը: ԱՄՆ-ն բարեկամ եւ թշնամական երկրներին վերաբերում է տարբեր չափանիշներով եւ ներգործությամբ, որը միջամտական, ինտերվենցիական բնույթ ունի: Այդ պատճառով էլ Ամերիկան կորցրել է այն գրեթե համաշխարհային չափանշի հասած հիացմունքն ու հարգանքը, որ նա վայելում էր սառը պատերազմի ավարտական տարիներին: Ներկայի չպատճառաբանվածորեն իրենից գոհ եւ մեծամիտ սերունդը մղոններով հեռացրել է Ամերիկային իր երբեմնի դիրքից ու կոչումից:

Խորհրդածեք ինքներդ: Մի՞թե անկարգությունները սանձելու Իրանի գործադրած միջոցները ավելի պարսավելի են, քան թմրաբիզնեսով զբաղվող հազարավոր մարդկանց սպանությունները` Ֆիլիպինների մեր դաշնակից Ռոդրիգո Դյուտերտի հրամանով, որին մեր նախագահը գովում է ասելով, որ «անհավատալի գործ է կատարում»:

Եվ ինչքանո՞վ է համեմատելի Եգիպտոսում 2012-ին նախագահ Մորսիի տապալման համար գեներալ Էլ-Սիսիի գործադրած միջոցների հետ, որը ներառում էր նաեւ «Մահմեդական եղբայրներ» խմբակցության հազարավոր կողմնակիցների բանտարկությունը:

Մի՞թե Իրանում կացությունն ամենավատն է ամբողջ Մերձավոր Արեւելքում: Հասան Ռուհանին Իրանի նախագահ ընտրվեց ստանալով քվեների 57 տոկոսը: Իսկ ո՞վ ընտրեց Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանին:

Վլադիմիր Պուտինին էլ են կշտամբում հակաժողովրդական արարքների համար: Բայց Ռուսաստանում քրիստոնեությունը ծաղկում է: Ընտրական փուլերում թեկնածուները Պուտինի դեմ են արտահայտվում: Ռուսական մամուլում հաճախ նրան քննադատում են:

Ի՞նչ վիճակում է քրիստոնեությունը Սաուդյան Արաբիայում եւ Աֆղանստանում:

Պուտինին մեղադրում են նաեւ մի քանի լրագրողների սպանության մեջ: Բայց ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայում շատ ավելի մեծ քանակությամբ լրագրողներ են ճաղերի հետեւում, քան աշխարհի որեւէ այլ երկրում:

Ե՞րբ է, արդյոք, Մագնիցկի օրենքը կիրառվելու Թուրքիայի նկատմամբ: Աշխարհը շատ հաճախ տեսնում է, որ Ամերիկան կշտամբում է իր հակառակորդներին «մեր արժեքների դեմ» գործելու համար, մինչ թողություն է շնորհում բոլոր նրանց, ովքեր հետեւում են «մեր գծած ուղուն»: Վերջին 18 ամիսների ընթացքում օր չի անցել, որ մենք չկարդանք կամ չլսենք «մեր ժողովրդավարության» հանդեպ Կրեմլի ոտնձգությունների մասին: Քանի՞ հոգի է հիշում, որ 2015-ին Չինաստանը հաքերային հարձակման էր ենթարկել ամերիկյան կառավարության ներկայի, անցյալի եւ հետագա տարիների ներկայացուցիչների անձնական թղթապանակները: Մինչ Չինաստանը հետապնդում է քրիստոնյաներին, Ռուսաստանը պաշտպանում է քրիստոնեության վերականգնումը, լենինյան իշխանության 70 տարիներից հետո:

Եթե Պուտինի Ռուսաստանում կոմունիստական կուսակցությունը իր սեփական թեկնածուն է առաջադրում ընդդեմ իրեն, Չինաստանում կոմկուսը վայելում է բացարձակ մենաշնորհ քաղաքական իշխանության բնագավառում, եւ ոչ ոք չի առաջադրվում կոմկուսի թեկնածուի դեմ: Ամբողջ հարավ-չինական Ծովի եւ մասնավորապես այնտեղ գտնվող Պարասել եւ Սպրատլի կղզիների բռնակցումը Չինաստանի կողմից թույլ բողոքների է արժանացել, մինչդեռ Ռոմանովների իշխանության օրոք ռուսական տարածք ճանաչված Ղրիմի թերակղզու անարյուն վերակցումը Ռուսաստանին անդադար դատապարտվում է:

Տասնապատիկ ավելի բնակչություն ունեցող եւ մի քանի անգամ Ռուսաստանին տնտեսական բնագավառում գերազանցող Չինաստանըՙ որպես գերհզոր պետություն, շատ ավելի մեծ մարտահրավեր է Մ. Նահանգների համար քան Ռուսաստանը: Ինչո՞ւ ուրեմն այս թեքվածությունը դեպի Չինաստան:

Լրացուցիչ տեղեկություններ: Պատճառներից մեկը, որ ամերիկյան արտաքին քաղաքականությանը պակասում են հետեւողականությունն ու բարոյական հստակ դիրքորոշումը այն է, որ մենքՙ ամերիկացիներս, այլեւս միասնական կարծիք չունենք, թե որոնք են մեր կենսական շահերը, ովքեր են մեր իրական թշնամիները, որոնք են մեր արժեքները եւ ինչպիսին պետք է լինի լավ ու բարեպաշտ երկիրը: Քենեդիի Ամերիկան ավելի լա՞վն էր Օբամայի Ամերիկայից:

Երկրորդ համաշխարհայինն ու սառը պատերազմը հստակ բարոյական դիրքորոշում տվեցին մեզ: Եթե դուք Հիտլերի դեմ էիք, ուրեմն մենք պատրաստ էինք համագործակցել ձեզ հետ, եթե նույնիսկ Ստալինի նման բարոյապես հրեշ անձնավորություն լինեիք:

Ուինստոն Չերչիլի 1946 թվի «երկաթյա վարագույր» բնորոշումից մինչեւ սառը պատերազմի ավարտը, եթե դուք մեզ հետ միասին դեմ էիք Ռեյգանի բնորոշմամբ «չարի կայսրությանը», ապա դուք ողջունելի հյուր էիք մեր ճամբարում, նույնիսկ եթե դուք Պինոչետի կամ Շահի նման բռնապետներ լինեիք:

Բայց հիմա, որ համընդհանուր ժողովրդավարության հասնելու գործընթացն այլեւս Ամերիկայի առաքելությունը չէ այս աշխարհում, ո՞րն է իրականում մեր առաքելությունը:

«Մեծ Բրիտանիան կորցրեց մի ամբողջ կայսրություն, բայց դեռ չի գտել իր դերն (այս աշխարհում)», ասել էր Դին Աչեսոնը 1962 թվին:

Նույնը կարելի է ասել մեր մասին այսօր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ