«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՎԱՂ ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ» Հ. Ծ. Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի բիզնես կենտրոնում այսօր, հունվարի 26-ին տեղի է ունենալու դոկտ. Սերջիո լա Պորտայի եւ դոկտ. Ալիսոն Վակայի դասախոսությունը «Հայկական աղբյուրը վաղ իսլամի մասին: Ղեւոնդի պատմությունը» թեմայով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Լեոն Ս. Պիտերզ հիմնադրամի համահովանավորությամբ անցկացվող դասախոսությունը երկրորդն է հայկական ուսումնասիրությունների ծրագրի աշնանային միջոցառումների շարքի: Յոթերորդ դարում արաբական արշավանքների հետեւանքում Դվինի անկումով Հայաստանը դարձել է իսլամական խալիֆայության նահանգներից մեկը: Ավերվել են քաղաքներ, հեռացել են բնակիչները: Մահմեդական կառավարիչներ են նշանակվել եւ հարկային ծանր քաղաքականություն կիրառվել, որոնք է՛լ ավելի են վատթարացրել կացությունը: Մահմեդական ցեղերի բնակեցումով թուլացել են արհեստներն ու առեւտուրը: Մոտավորապես 788 թվին մի հայ վարդապետՙ Ղեւոնդ անունով հիմնականում ականատեսի վկայություններով գրել է խալիֆայական իշխանության հաստատման պատմությունը, սկսած 632-ին Մոհամադ մարգարեի մահից մինչեւ իր ապրած օրերըՙ VIII դար: Նրա «պատմությունը», լինելով եզակի, սկզբնաղբյուր է ծառայում այդ շրջանի Հայաստանի պատմությունը ուսումնասիրողների համար: Բանախոսները անդրադառնալու են հայ-արաբական եւ քրիստոնյա-մահմեդական հարաբերությունների պատմական փաստերին: Լա Պորտան Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչն է: Հետաքրքրությունների շրջանակը միջնադարյան Հայաստանի քաղաքական պատմությունն ու գրականությունն է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ գրքերի: Ներկայիս խմբագիրն է «Հայագիտական ուսումնասիրությունների ընկերության հանդեսի»: Ալիսոն Վական Թենեսի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսորի օգնական է: Հետաքրքրությունների շրջանակում Հայաստանի վրա վաղ իսլամական իշխանության ազդեցությունն է, միջհամայնքային հակասությունները: Հեղինակ է «Non-Muslim Provinces Under Early Islam» (Ոչ-մահմեդական նահանգները վաղ իսլամական իշխանության ներքո) հատորի, հրատարակված 2017 թվին: |