ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ Պ.Ք. ԱՄՆ-ը փորձում է կարեւոր դեր ստանձնել Սիրիայում Հունվարի 13-ին թուրքական զորքը եւ նրան աջակցող Սիրիական ազատ բանակի զորախմբերը հարձակում սկսեցին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտվող Աֆրինի շրջանի քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա: Հարձակումից առաջ Թուրքիան դրա մասին տեղեկացրել էր ամերիկացիներին: Ավելի վաղ ԱՄՆ-ը շարժական զենիթային հրթիռակայանքներ էր մատակարարել քրդական ջոկատներին: The New York Times թերթը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հորդորել էր ընդունել Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայությունը եւ դրանց ֆինանսական օգնության հատկացումը: Իսկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը Թուրքիային Սիրիայի հյուսիսում զսպվածություն հանդես բերելու կոչ էր արել: Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Անկարային առաջարկել էր անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսումՙ ներկայիս մարտական գործողությունների շրջանում, եւ կոնկրետացնել թուրքերի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» մարտական գործողության ժամկետները: Էրդողանը կտրուկ է արձագանքել. «Մի՞թե հայտնի է Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության ժամկետը, ավարտվե՞լ է արդյոք պատերազմն Իրաքում: Պատերազմը մաթեմաթիկա չէ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը ավելի վաղ հայտարարել էր, թե Աֆրինից արեւելք ստեղծվելու է 30 կմ-անոց անվտանգության գոտի, ուստի համանման գոտի ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկությունը գնահատվում է որպես Թուրքիային խոչընդոտելու դիտավորություն: Երկուշաբթի օրը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ նախատեսվում է անվտանգության նպատակներով Սիրիայի հյուսիս-արեւելքումՙ Աֆրինից մինչեւ Իրաքի սահմանը ստեղծել բուֆերային գոտի, որպեսզի Սիրիայի քրդերը չկարողանան անմիջականորեն շփվել Իրաքի եւ Թուրքիայի քրդերի հետ: Արեւմուտքցի փորձագետները կարծում են, որ Թուրքիայի հարձակումը կարող է երկարաձգել Սիրիայի հակամարտությունը եւ փոխել պատերազմի ընթացքը: Ֆրանսիացի դիվանագետ Իզաբել Լասսերը պնդում է, թե մինչեւ օրս քաղաքացիական պատերազմ էր մղվում իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ ընդհանուր պայքար «Իսլամական պետության» դեմ: Հիմա ամեն ինչ կախված կլինի Թուրքիայի գործողությունների տեւողությունից եւ նպատակներից: Հարց է առաջանում. ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դաշինքը կդիմանա՞ արդյոք այս նոր փորձությանը, թե՞ Անկարան կըմբոստանա դաշինքի դեմ, եւ դրանից հետո տարածաշրջանում կծավալվի հերթական անվերջանալի պատերազմ, ինչպես Իրաքում եւ Աֆղանստանում: Ամերիկացիները հայտարարում են, որ իրենք չեն հեռացել սիրիական ռազմաբեմից եւ ըստ անհրաժեշտության կգործեն գործընկերների հետ կամ առանձին: ԱՄՆ-ի վերադարձի առաջին փուլը դարձավ անցյալ շաբաթ արված այն հայտարարությունը, թե Սիրիայի հյուսիսում Քրդական ժողովրդավարական միության մասնակցությամբ ստեղծվելու են 30 հազարանոց սահմանային ավտանգության ուժեր: Թուրքիան բուռն կերպով արձագանքեց դրան եւ հարձակում սկսեց Աֆրինի ուղղությամբ: Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության վերականգնումը բնավ պատահական չէ, գրում է Փարիզի Le Figaro թերթը: Ամերիկացիների նախաձեռնությունը հրապարակվեց Սոչիում մարտի վերջերին կայանալիք հանդիպումից մեկ շաբաթ առաջ, որտեղ նախատեսված է հավաքել Բաշար Ասադի 1500 ընդդիմադիրների, որպեսզի որոշվի Սիրիայում քաղաքական գործընթացի հետագա ընթացքը եւ քննարկվի երկրի նոր սահմանադրության հարցը: Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան անցյալ շաբաթավերջին համաձայնեցրինց Սոչիի հանդիպման մասնակիցների վերջնական ցուցակը: Մինչեւ վերջերս խնդրահարույց էր քրդերի ներկայացուցչության հարցը, որոնց մասնակցությանը կողմ է Ռուսաստանը, բայց դեմ է Թուրքիան: Երկուշաբթի օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քրդերի ներկայացուցիչները կմասնակցեն Սոչիի հանդիպմանը: Ռեգնում գործակալությունը հաղորդում է, որ Աֆրինի շրջանում թիրախներին օդային հարվածներ հասցնելուց առաջ Թուրքիան նախազգուշացրել էր Մոսկվային, եւ ռուսական ուժերը վերադասավորվել էին: Ընդհանուր առմամբ, ռուսական ուժերը Աֆրինից տեղափոխվել են Թել-Աջարի շրջան: Ուշադրության արժանի է նաեւ «Թուրքական հոսք» գազամուղի երկրորդ գծի կառուցման համար Անկարայի տված համաձայնությունը, որը ստացվեց հունվարի 19-ին: Այսպիսով քրդերը կարող էին իբրեւ մանրադրամ օգտագործվել նաեւ այս գործարքի շրջանակներում: Դատելով ըստ ամենայնի, ամերիկացիները եւս մեծ ջանքեր չեն գործադրել թուրքերի ներխուժումը կանխելու համար: Դա մասամբ կարող է բացատրվել նաեւ ԱՄՆ-ի կառավարող վերնախավում տիրող որոշակի տարաձայնություններով: Ներխուժումից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ արտգործնախարարությունը հայտարարեցին, թե ԱՄՆ-ի գործողությունները նպաստել են, որպեսզի Թուրքիան ներխուժի Սիրիա, իբր պատճառ է հանդիսացել քրդերի ինքնապաշտպանական ուժերի անվերահսկելի սպառազինումը: Սակայն Մոսկվայի այս հայտարարությունը շատերը համարում են անսկզբունքային, եթե նկատի ունենանք, որ քրդերը սիրիական բանակի հետ մեկտեղ դարձան «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմքը: Առանց քրդերի մասնակցության, Բաշար Ասադի եւ ամբողջ Սիրիայի ճակատագիրը կհայտնվեր մեծ հարցականի տակ: Ընդսմին, չպետք է մոռանալ այն փաստը, որ սիրիացի քրդերը քանիցս պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Ռուսաստանի հետ: Մոսկվան ուներ այդ մեծաքանակ ժողովրդի հետ համագործակցելու լավ հնարավորություն, մանավանդ նկատի ունենալով ԽՍՀՄ-ի պատմական փորձը: Դրա փոխարեն շեշտը դրվեց Թուրքիայի վրա: Վերջինս համագործակցում է Սիրիական ազատ բանակի հետ, որը Բաշար Ասադին եւ Մոսկվային ձեռնտու որեւէ համաձայնագիր չի կնքի: Այսինքն Մոսկվան ընտրեց ոչ թե քրդերին, այլ թուրքերին եւ նրանց աջակցող սիրիական ընդդիմադիր ուժերին, որոնք մերժում են Ասադի վարչակարգը: Մնում է միայն գուշակել Մոսկվայի դիրքորոշման պատճառըՙ ազդեցության գոտու ուղղակի վաճառքը «Գազպրոմի» նավթագազային նախագծի դիմա՞ց, թե՞ ամեն ինչում ԱՄՆ-ին մեղադրելու արմատացած սովորույթը: Մոսկվայի քայլերի միակ արդարացումը կլինի այն, որ ապագայում պարզվի, որ Թուրքիան թակարդն է ընկել, իսկ քրդերի հետ ձեռք են բերվել ինչ-որ գաղտնի համաձայնություններ եւ զինամատակարարման ծրագրեր: Սակայն դա քիչ հավանական է: Եթե ամերիկացիները շարունակեն զինել քրդերին, ապա թուրքական բանակի գործողությունները կարող են երկարաձգվել անորոշ ժամկետով: Թուրքերի գործերը էլ ավելի վատ կլինեն, եթե քրդերը գաղտնի օգնություն ստանան Բաշար Ասադից եւ Ռուսաստանից: Ըստ որում, եթե «Սիրիական Քրդստանի» ոչնչացման գործողությունը ձախողվի, ապա Էրդողանը կարող է ոչ միայն կորցնել իր երկրի ազդեցությունը տարածաշրջանում, այլեւ սեփական իշխանությունը Թուրքիայում: Այսպիսով Էրդողանը խաղասեղանին է դրել ամեն ինչ: Սթենֆորդի համալսարարնում օրերս ելույթ ունենալովՙ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը ներկաներին հավաստիացրրել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը ունի Սիրիայի հետ կապված ռազմավարություն եւ ջանում է իրականացնել այն, ինչը չհաջողվեց նախագահ Օբամային, այն էՙ ռազմական ուժով Ռուսաստանին ստիպել, որպեսզի նա Ասադին դրդի զիջումների: Սպիտակ տան այս ուղեգիծը ինչ-որ չափով ծանոթ է թվում: Օբաման եւս փորձում էր Ռուսաստանի հետ եւ ՄԱԿ-ի հովանու ներքո սկսել հաշտության բանակցություններ, որոնց կմասնակցեին ընդդիմության բոլոր ուժերի ներկայացուցիչները: Այդուհանդերձ հակասությունների պատճառով հնարավոր չէր լինում հասնել խնդրի էության քննարկմանը: Թրամփի վարչակազմը չի բավարարվում սրանով եւ հանդես է գալիս այնպիսի հավակնոտ ուղեգծով, որը կարելի է անվանել մոլորություն: Այսպես, Թիլլերսոնի խոսքերով, Սիրիայի հարցում Թրամփի ռազմավարությունը հանգում է հինգ կարեւոր կետերիՙ «Իսլամական պետության» մնացորդների ոչնչացումը, գրոհայինների վերադարձ թույլ չտալու նպատակով Սիրիայում ամերիկյան զորքերի պահպանումը, ահաբեկիչներից ազատագրված բնակավայրերի վերականգնմանն օժանդակելը, Իրանի ազդեցության ընդլայնման կանխումը, ինչպես նաեւ սիրիացի գաղթականների վերադարձի պայմանների ստեղծումը: Թեեւ շատերը կուզենային, որ Բաշար Ասադը թողներ իշխանությունը եւ նույնիսկ դատվեր, բայց դա ԱՄՆ-ի քաղաքականության կոնկրետ նպատակներից չէ: Թիլլերսոնը իր պաթետիկ ելույթում հույս է հայտնել, որ հետեւողական ու համառ ջանքերը հնարավորություն կտան հասնելու Ասադի պաշտոնաթողությանը, որից հետո Սիրիայի քաղաքացիները կկարողանան կազմել նոր սահմանադրություն, իսկ ՄԱԿ-ը կկարողանա որոշել Սիրիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները, ընտրություններ, որոնց չի մասնակցի Ասադի ընտանիքը: Սիրիայում իրանամետ շիա կազմավորումների դեմ ամերիկյան զորքի օգտագործումը կարող է հանգեցնել այդ երկրում ամերիկացիների ներքաշմանը երկարատեւ հակամարտության մեջ, որի համար ԱՄՆ-ը չունի բավարար իրավաբանական հիմքեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Կոնգրեսը հավանություն չի տվել Ասադի վարչակարգի դեմ, առավել եւս իրանական զինված կազմավորումների դեմ ամերիկյան բանակի օգտագործմանը, ուստի հասկանալի չէ, թե Սիրիայում ինչի հիման վրա կարելի է ամերիկյան ուժերն օգտագործել Իրանի դեմ: Թիլլերսոնը չխոսեց այդ մասին եւ բավարարվեց այն հայտարարությամբ, թե Իրանին չպետք է թույլատրվի գրավել Լեվանտը: Սակայն ամերիկացիների մեծ մասը դեմ է երկրի ներքաշմանը մի նոր հակամարտության մեջ: Այսպիսով, ExxonMobil-ի նախկին գործադիր տնօրեն Թիլլերսոնը չկարողացավ ամերիկացիներին բացատրել ԱՄՆ-ի սիրիական ռազմավարության էությունը, եւ լոկ նոր հարցերի տեղիք տվեց: Աֆրինի վրա թուրքերի սկսած հարձակումը դժգոհության առիթ է Մոսկվայի համար, քանի որ նա քրդերի դաշնակիցն է: Le Figaro-ն ենթադրություն է անում, որ Մոսկվան եւ Անկարան կարող են գործարք կնքել, ըստ որի Աֆրինում Թուրքիային չխոչընդոտելու դիմաց ռուսները կարող են սիրիական բանակի հետ մեկտեղ գործողությունների ազատություն ստանալ Իդլիբի շրջանում: |