RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-01-26 14:51:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4701, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՔՐԴԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ամերիկյան տպագիր մեդիան, ի տարբերություն հեռատեսիլային լրատվամիջոցի, շատ պերճախոս չէ Սիրիայի Աֆրին քրդաբնակ տարածք ներխուժած թուրքական բանակի պատժիչ գործողությունների լուսաբանման գործում: Դիվանագիտական լեզուն խիստ զգուշավոր է: Դրությունը լիցքաթափելու համար լարախաղացի ճշտությամբ է օգտագործվում թուրքական կողմին ուղղված ամեն մի հայտարարություն: Համաձայն «The Associated Press»-ի վերջին հաղորդմանՙ ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի հիշատակվում, Վաշինգտոնում մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի քրդական շրջանում Թուրքիայի ռազմական հարձակումը կարող է նպաստել «Իսլամական պետության» ցաքուցրիվ խմբավորումների վերալիցքավորմանը եւ իրենց համար անվտանգ հանգույցների ստեղծմանը: Մեկնաբանելով Թուրքիայի սպառնալիքները Սիրիայի քրդական Մանբիջ շրջանում հարձակումն ընդլայնելու մասին, պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնի թիվ մեկ մտահոգությունը տարածքում առանց այն էլ վտանգված դրության էլ ավելի վատթարացումն է:

Հունվարի 22-ին, ուշագրավ, եւ տիրապետողՙ թրքախույս քարոզչությունից տարբերվող, վերլուծական էր զետեղել «Washington Examiner» կայքըՙ «Կարո՞ղ են քրդերը Սիրիայում հաղթել Թուրքիային» (Could the Kurds Beat Turkey in Syria?) վերնագրով: Սիրիա ներխուժումը կարող է լինել ճակատագրական սխալ, գրում է հեղինակ Մայքլ Ռուբինը: Էրդողանի կատարած գյուլենական զտումները զգալիորեն թուլացրել են թուրքական բանակը: Լինելով ՆԱՏՕ-ի երբեմնի հպարտությունը, այսօր թուրքական զինուժն ու հետախուզությունն իր նախկին ինքնության ստվերն է միայն: Այդ բանակը չունի այն փորձությունը, պատրաստվածությունը եւ կարգապահությունը ինչն ուներ երբեւէ: Ամեն մի չորրորդ թուրք ռազմական օդաչուՙ բանտում է: Սիրիայում կործանվեցին թուրքական F-4 ռազմական օդանավեր, քրդերը կարողանում են խփել թուրքական ուղղաթիռներ:

Ի հակադրություն թուրքական բանակի, քրդական ռազմական ուժը Սիրիայում ամենաարդյունավետ մարտական ուժն է եղել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այն թրծվել եւ փորձառություն է ձեռք բերել երկարատեւ կռվի արդյունքում: Տարիներ շարունակ նրանք մենակ են գործել, անտեսվելով Ամերիկայի եւ Ռուսաստանի կողմից, մեկուսացածՙ այլ սիրիական ընդդիմադիր խմբերից: Եթե նրանք կարողացան հաջող հակազդել «ԻՊ»-ին, ապաՙ կարող են նաեւ թուրքական բանակի համար դաժան հակառակորդ լինել, հատկապեսՙ փողոցային մարտադաշտի առավելության պայմաններում, գրում է Պենտագոնի նախկին պաշտոնյա, ռազմական վերլուծաբանը:

Եթե Թուրքիան մինչ օրս ի վիճակի չէ վնասազերծել PKK- ին Դիարբեքիրում, արդյո՞ք ի վիճակի կլինի դա անել սիրիական Քրդստանում: Չի բացառվում, որ Ռուսաստանը, Իսրայելն ու Մ. Նահանգները, ի պատասխան Էրդողանի զորքերի ներխուժման ընդլայնման եւ «ԻՊ»-ի վերազինման, ուժեղացնեն քրդական դիմադրությունը եւ մարտական գործողությունների արենան տեղափոխեն Թուրքիա, խարխլելով այդ երկրի տնտեսությունը եւ հիմքերը, եզրահանգում է հեղինակը:

Ուշագրավ էր նաեւ BBC-ի լուրն այն մասին, որ Անգլիայից եւ եվրոպական շատ երկրներից կամավորական ջոկատներ են հավաքագրվում կռվելու Թուրքիայի առաջնորդած ռազմական ուժերի դեմ, որոնց թվում է նաեւ Մանչեսթըրից 24-ամյա բրիտանական չինացի Հանգ Լեին:

Թուրքիայի հետ առնչվող ամեն մի ցնցում ակամայից հարյուրամյա վաղեմության ահազանգ է հնչեցնում մեզ համար: Ուրիշների օրինակով համոզվում ենք, որ Թուրքիան իր խոսքն ու սպառնալիքները կարող է գործի վերածել, իսկ երբեմնի դաշնակիցները կարող են լքել ու դավաճանել: Մենք պետք է պատրաստ լինենք նաեւՙ «Միայնակ կռվողի» մարտահրավերներին, անընդհատ ուժեղացնելով մեր երկիրն ու մեր ապավենՙ բանակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ