ՍԹԵԶԸ* ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Սկսած 1963 թվականի ներգաղթի օրերից, ինձ վիճակվեց գործ ունենալ այն ֆենոմենի հետ, որի անունն է Սփյուռք: Բազմիցս անդրադարձել եմ սփյուռքահայ այս կամ այն թեմային, այդ թվում նաեւ անհատների, բայց ինչպես ասում ենՙ թանկ կենացը մնացել է վերջում: Գրիգոր Գրիգորյան, արեւելագետ, պատմական գիտությունների դոկտոր, Լիբանանի պետական համալսարանի իսլամի պատմության ավագ դասախոս, հայկական դպրոցների երկար տարիների ուսուցիչ, ՌԱԿ կուսակցության անդամ եւ ողջ թվարկվածը մեկ բառովՙ Սթեզ (արաբերենՙ ուսուցիչ): 1978 թիվն էր, Հայաստանը, «Ուկրաինա» նավով Լիբանանի հայ համայնքի համար օգնություն էր ուղարկել, եւ քանի որ այն, հատկապես, դպրոցների ու միությունների համար էր նախատեսված, ստիպված էինք հաճախ Բեյրութից դուրս մեկնել, մի փոքրիկ հանձնախմբով: Օրերը լարված էին, պատերազմական, անցակետերը մանրազնին ստուգում էին անում մեքենաներն ու մարդկանց, իսկ մեր մեքենան անցնում էր անարգել: Այդ ժամանակ ես ի՞նչ իմանայի, թե կա Սթեզ, որն իր կախարդական անցաթղթով տարիներ անց ինձ, սովետական դիվանագետիս, ի՛հարկին կարողանալու է մոտեցնել օդանավակայանի յուրաքանչյուր ինքնաթիռի շարժասանդուղքին: Ես անհավանական կհամարեի, որ սփյուռքաբնակ որեւէ հայ, այն էլ ոչ պաշտոնյա, այնպիսի հեղինակություն կունենա, հատկապես, իսլամական աշխարհում, որի առջեւ կբացվեն թե՛ քաղաքական, թե՛ կրոնական, թե՛ ընկերային դռները: Այն հարգանքն ու սերը, այն ջերմությունը, որ ստանում ես Սթեզի հետ այս կամ այն միջավայր այցելելիս, տեսնում ես շրջապատի, հատկապես հայ շրջանակներից դուրս, նրա նկատմամբ ունեցած հարգանքի դրսեւորումները, չես կարող հպարտության պահեր չապրել: Օրերս տեղեկացա, որ Գրիգոր Գրիգորյանը պարգեւատրվել է Սփյուռքի նախարարության մեդալով, որին շատերն են արժանացել, բայց ես անդրարառնում եմ նրանցից մեկին: Թե ինչո՞ւ, արդեն վերն ասվեց, որն ավելի քան քիչ է մի անձնավորության մասին, ում գործունեությունը միշտ եղել է անաղմուկ ու կասեիՙ վարագույրի հետեւում, որը (վարագույրը) մասամբ բացվում է ոչ թե նրա մասին գովեստի խոսքերով, այլ այն փաստով, որ Սթեզի պարգեւատրությունը եղել է Բեյրութում լիբանանյան բանակի բարձրաստիճան սպաների կենտրոնական ակումբում, պարգեւը հանձնել է Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Արարողությանը, բացի հայ համայնքի երեւելիներից, եղել է մի քանի տասնյակ մասնակից, բոլորն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործիչներ, ինչպես նաեւ սպայական հրամկազմի անդամներ: Սթեզի ՌԱԿ-ում կատարած դերի մասին խոսելն ավելի չի բարձրացնի նրա արժանիքների նշաձողը, քանի որ նրա տարիներ շարունակ հայ իրականության մեջ կատարած բացառիկ ծառայությունները վեր են որեւէ կուսակցական, հատվածական հանգամանքներից: Սթեզի դերակատարությունները Հայաստան - Արաբական աշխարհ հարաբերություններումՙ անգնահատելի են, մեծածավալ, կասեի նաեւՙ երբեմն բախտորոշ, որոնց լավատեղյակ է տողերիս հեղինակը: Ասում են ամեն հաջողակ տղամարդի թիկունքին կին է կանգնած, որը Սթեզի պարագայում հաստատվում է, քանի որ հայաստանաբնակ երկու բժիշկ զավակների, համալսարանի դասախոս դստեր, հինգ թոռների մեծ մայր տիկին Արտան իր ձեռքին է պահում Գրիգորյան գերդաստանի «շերեփը», հոգածությամբ ու ջերմությամբ կրելով իր կողակից լինելու կոչումը: *) Արաբերեն` ուսուցիչ, պարոն, կրթված մարդ: |