RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5199, Տպվել է` 651, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հունվարի 20-ին 55 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Սարգիս Հացպանյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր գնացել էր բուժվելու անողոք հիվանդությունից: Շատ քիչ է ասել, որ նրա անսպասելի մահը խոր վիշտ պատճառեց իրեն ճանաչողներինՙ Մայր հայրենիքում թե Սփյուռքում, հայ, թուրք թե քուրդ:

Կռվազան համարվելու չափ հախուռն, անարդարությունների դեմ անողոք հակաճառող, ընդվզող, անսովոր եռանդի տեր մի հայ մարդ, որը չէր կարող չընդգրկվել, իր եւ միայն իր հասկացած կերպով, հայրենիքի ծառայության գործինՙ Արցախյան ազատամարտից մինչեւ հայրենաշինություն, Հայ դատի պաշտպանություն, պոլսահայության իրավունքների համար պայքար, ապազգային արարքների նկատմամբ անողոք կեցվածք ու քննադատություն, նույնիսկՙ հակաօրինական որակված արարքներ: Թերեւս ընդունելի չէին նրա մի շարք տեսակետները, սակայն անկարելի էր չհարգել դրանք պաշտպանելու նրա անկեղծությունը:

Ի՜նչ լավ եղավ, որ նրա մարմինը ամփոփվեց Մայր հայրենիքում, իր մարտնչո՛ղ զինակիցների կողքին:

«ԱԶԳ»


Սարգիս Հացպանյանը ողբերգական կյանք ապրած հերոս էր: Ծնվել էր Թուրքիայում, բայց իր արկածալից կյանքով ձգտում էր վրեժն առնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներից: Բազմագիտակցությունը միաձուլել էր իր հեղափոխականի ոգուն եւ ամբողջովին նվիրվեց իր հետապնդած դատին:

Թուրքիայից Ֆրանսիա էր տեղափոխվել կրթությունը շարունակելու նպատակով: Հայկական ինքնության հետզհետե աճող գիտակցությունը մղել էր նրան իր գիտելիքները որպես զենք օգտագործել պայքարելու համար հայերի հանդեպ թուրքերի գործած անարդարությունների դեմ: Ինչպես քանիցս նշել էր իր ելույթներում, նա Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել ետ չգնալու մտադրությամբ: Միացել էր Ղարաբաղի այդ ժամանակվա դեռ անկանոն բանակինՙ ազերիների դեմ կռվելու եւ դարձել Քելբաջարի հերոսներից մեկը: Հետո, ինչպես ուրիշ ղարաբաղյան վետերաններ, զբաղվել էր Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական կյանքով: Անկեղծ եւ հստակ արտահայտվող էր: Խիստ քննադատական վերաբերմունք ուներ Հայաստանի ներկա վարչակազմի նկատմամբ եւ շատ հեռուն գնալու համար բանտարվկել էր:

Նրա կյանքի հասարակությանը քիչ ծանոթ հատվածն այն է, որ Հայաստանում նա ստանձնել էր Հրանտ Դինքի գործը շարունակողի դերը: Չնայած ատում էր Թուրքիայի քրեական անցյալը, նա այնուամենայնիվ, կողմ էր համագործակցելու թուրք եւ քուրդ հասարակության առաջադիմական տարրերի հետ: Նա իր բաժին լուման էր ներդրել Թուրքիայում հայությունից հեռացած մարդկանց իրենց արմատներին վերադարձնելու գործում: Ցեղասպանության հարյուրամյակին մի խումբ թուրք եւ քուրդ ակտիվիստների առաջնորդել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ձեռնարկել էր իրականացնել կոթողային մի աշխատանք, որ նախանձը կշարժեր ամենահագեցած ակադեմիական մի հաստատության: Կապ էր հաստատել գիտնականների եւ թարգմանիչների հետ, որպեսզի թուրքերենի թարգմանեին պատմական Հայաստանի տարբերՙ Վանի, Կեսարիայի, Ադանայի եւ այլ շրջանների հայրենակցական պատմության գրքերը: Կարդալով այդ գրքերը, թուրքերից շատերը զարմացել էին, որ իրենց երկրում կենսունակ հայկական մշակութային կյանք է գոյություն ունեցել Ցեղասպանությունից առաջ: Այդ աշխատանքը շարունակական բնույթ էր կրելու, բայց անողոք հիվանդությունըՙ քաղցկեղը հարվածեց նրան եւ ստիպեց վերադառնալ Ֆրանսիա, որտեղ էլ իր մահկանացուն կնքեց այս տարվա հունվարին, հանրությունից օժանդակություն ակնկալելով կեցության եւ բուժման համար:

Հայաստանում ընդդիմությունը պահանջեց իշխանություններից թույլ տալ, որ թաղումը կատարվի Եռաբլուրում: Պարագան չքաղաքականացնելու համար իշխանությունները թույլատրեցին, որ նա հանգչի ղարաբաղյան պատերազմի իր ընկեր-մարտիկների կողքին:

Բոլոր հաշվարկներով Հացպանյանը գուցե մնում է դեռեւս լրիվ չբացահայտված, վիճահարույց մի անձնավորություն, բոլոր մյուս լավ մտադրություններով տոգորված մի քանի հերոսների շարքում, որոնք այսօր հյուծվում են Հայաստանի բանտերում:

Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա Ծռերի» մյուս մարտիկները դատարանի առաջ են կանգնած, որովհետեւ հայրենիքի բարգավաճումը տեսնելու իրենց փութաջանության մեջ խախտել են օրենքը: Այս մարտիկները ժողովրդականություն են վայելում Հայաստանում, մանավանդ համընդհանուր դժգոհության եւ անտարբերության ֆոնի տեսանկյունից եւ ընդդիմությանը խթանում պայքարելու վարչակազմի դեմ: Մարդկանց մեծամասնության աչքերում նրանք հայրենասերներ են եւ ազնիվ մտադրությունների տեր անձնավորություններ, բայց ինչպես Գեւորգ Էմինն է ասումՙ ազնիվ մարդիկ նույնպես կարող են սխալվել, ազնվորե՛ն սխալվել: Այդ մարտիկների պարագան Հայաստանում դիտարկվում է ամբողջովին սեւի (բացասականի) կամ ամբողջովին սպիտակի (դրականի) մակարդակներում: Ոչ ոք չի ցանկանում հայտնվել մոխրագույն հարթակում, որտեղ շատ հաճախ ճշմարտությունը թաքնված է լինում:

Հեղափոխականների մոտ այն թյուրըմբռնումը կա, որ իշխանությունների տապալումից հետո իրե՛նք պետք է իշխեն երկրին: Բայց պատմությունը քանիցս հակացուցել է այս հասկացությունը: Ֆրանսիական 1789-ի հեղափոխության առաջնորդներըՙ Դանտոնը, Ռոբեսպիերը եւ մյուսները մի քանի տարի անց ի վերջո իրար առանց դատի գիլյոտինի ենթարկեցին, 16.500 ուրիշ զոհերի հետ, որոնք արժանացան միեւնույն ճակատագրին: Ռուսական հեղափոխության առաջնորդներըՙ Լենինն ու Ստալինը իրենց հեղափոխական ընկերներին մահապատժի ենթարկելուց հետո, ամբողջ կայսրությունը ողողեցին արյամբ: նույնը կատարվեց Չինաստանում Մաո Ցզե Դունի հեղափոխության ժամանակ, որի կուլտուրական հեղափոխության ընթացքում միլիոնավոր մարդիկ զոհ գնացին: Ոչնչով չէր տարբերվում նաեւ Կամբոջիայի Պոլպոտի վարչակարգը:

Ի դեպ, որոշ պատմաբաններ պնդում են, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքըՙ Գալիպոլիի պաշտպանության հերոսը գուցե միակ բացառությունը լինի, որ դարձավ պետականության կառուցողըՙ հիմքը դնելով ժամանակակից թուրքական հանրապետության: Բայց ճշմարտությունն այն է, որ իրականում գերմանացի գեներալներն էին, որ հաղթանակ տարան այդ ճակատամարտում, թողնելով որ շինծու, ինքնակոչ մի հերոս տիրանա այդ փառքին: Աթաթուրքը հետագայում իթթիհատական մարդասպաններին հավաքագրեց հզորացնելու համար իր «ժամանակակից» հանրապետությունը:

Ես անձամբ ականատես եմ եղել պատմական այս արյունահեղությունները ժխտող մի փաստի, երբ ղարաբաղյան շարժումից հետո, անկախության առաջին տարիներին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական պրոֆ. Ժիրայր Լիպարիտյանն ինձ ծանոթացրեց Ղարաբաղ կոմիտեի փայլուն մտավորականներից մեկիՙ Համբարձում Գալստյանի հետ, ով հետագայում դարձավ Երեւանի քաղաքապետը: Այդ ժամանակ Գալստյանը հավաստիացրեց ինձ, որ շարժման բոլոր առաջնորդները եղբայրական կապով էին կապված միմյանց եւ մի բռունցք էին: Ես ուրախացա, բայց մտահոգությունս արտահայտեցի ասելով. «Հուսով եմ դրանով դուք կհերքեք պատմությունը, որովհետեւ բոլոր նախորդ հեղափոխությունները ավարտվել են արյունահեղությամբ կամ սարսափով, եւ շատ հաճախ առաջնորդները վերացրել են մեկը մյուսին»:

Ճակատագրի բերումով Գալստյանը առաջին զոհը դարձավ եւ մինչ օրս նրա ողբերգական սպանության պատճառը բացահայտված չէ: Ղարաբաղյան կոմիտեն էլ ի վերջո բաժան-բաժան եղավ, եւ յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց:

Հետեւաբար պատմական ասույթ է դարձել այն, որ հեղափոխականները երբեք չեն դառնում, կամ հազվադեպ են դառնում ընդունակ ղեկավարներ իշխելու համար երկիրը խաղաղ ժամանակներում: Եվ այստեղ է Հայաստանի հերոսների թյուրըմբռնողությունը, որովհետեւ ազնվորեն ծառայել են Ղարաբաղի ազատագրման գործընթացին, նրանք հավատում են, որ առաձնաշնորհյալ իրավունքն ունեն իրենց կամքն ու տեսակետները պարտադրելու իրենց քաղաքացիներին: Կասկածից վեր է, որ նրանք պատվավոր դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, բայց պետք է իմանան, որ այդ դիրքը պահպանելու համար որոշակի զոհողությունների պետք է գնան: Խոսքը Սամվել Բաբայանի մասին է, որ Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարարն էր եւ ազատագրական պատերազմի հերոսներից մեկը: Խաղաղ ժամանակներում, սակայն, նա դարձավ չարագործՙ ծրագրելով սպանել Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին: Նրան դատեցին եւ բանտարկեցին, բայց հասարակայնության ճնշման ներքո նրան ազատ արձակեցին, բայց մեկ այլ սպանության ծրագիր մշակելու համար նա դարձյալ ձերբակալվեց եւ այժմ գտնվում է անազատության մեջ:

Երբ «Սասնա Ծռերի» ղեկավարներին դատի տվեցին, ժողովուրդը վրդովվեց, որ նրանց հետ անարդար են վարվում, որովհետեւ Հայաստանում չեն գործում եվրոպական քաղաքացիական ազատությունները: «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, որ Հայաստանի տեղական անցուդարձերի խորագիտակ անձնավորություն է, այդ ժամանակ իր ամենօրյա սյունակներից մեկում նշել էր, որ եթե եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում որեւէ անհատ փորձեր հարձակվել ոստիկանական պահակակետի վրա եւ սպանել ոստիկանի, ապա կիմանար, թե որտեղ կհայտնվեր:

Աշխարհի որեւէ իրավապահ, օրինապահ երկրում քաղաքացիները ծանոթ են իրենց իրավունքներին եւ պարտականություններին եւ գիտեն, որ որեւէ խախտում համապատասխան պատժի է արժանանում: Բայց մեր իրականության մեջ, հատկապես Հայաստանում, զգացմունքները շուտ են բորբոքվում եւ երբեմն խեղդում են դատողությունը:

Անտեղի հերոսացման երեւույթը նորություն չէ մեր պատմության մեջ: Դրան մի ժամանակ անդրադարձել է մեր մեծագույն երգիծաբաններից Երվանդ Օտյանն իր «Հեղափոխության մակաբույծները» գրքում: Օսմանյան կայսրությունում հետապնդված մեծ թվով հայեր ապաստան էին գտել եգիպտահայ բարգավաճ գաղութում: Նրանց մեջ էին բազմաթիվ նախկին ազատամարտիկներ, որոնք վայելում էին համայնքի սիրալիրությունն ու հարգանքը: Բայց կային նաեւ սուտ հերոսներ, որոնք զենքի երես չէին տեսել, բայց պատմություններ էին հորինում իրենց հերոսական արարքների մասին, որպեսզի հանրության հիացմունքին ու առատաձեռնությանը արժանանան, գուցե ոչ շատ նման Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» ժողովրդականություն վայելող հերոսին: Եվ շատ անգամ նրանք հաջողության հասնում էին դյուրահավատ մարդկանց շրջանում: Օտյանն իր սրամիտ ոճով զգուշացնում էր հանրությանը այդ սուտ հերոսներից, այդ մակաբույծներից, որոնք փորձում են կիսել փառքը իրական հերոսների հետ: Վերջիններս սովորաբար հոխորտացողներ չեն:

Մարդիկ, որոնք իրենց առօրյա կյանքն են վտանգում հանուն մի լավ, պատվավոր գործի, արժանի են պատվի եւ հարգանքի: Բայց նրանք այդ հարգանքն ու պատիվը չպետք է ընդունեն որպես իրավունք գործելու ինչպես իրենք են ցանկանում, արհամարհելով օրենքները: Մարտադաշտում կռվելը չպետք է շփոթել երկիր կառավարելու իրավունքի հետ: Զորավար Անդրանիկը իսկական հեղափոխական էր եւ ասպետական մեծահոգությամբ արժանացավ ժողովրդի հարգանքին եւ հիացմունքին, երբեք չտրվելով քաղաքական իշխանավորի թիկնոցը կրելու գայթակղությանը:

Իսկական հերոսները շատ լավ գիտեն իրենց տեղն ու դիրքը ինչպես հասարակության, այնպես էլ պատմության մեջ:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ