RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5095, Տպվել է` 654, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՏՈՒԿ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օրեր առաջ, երբ Հենրիխը (գերմանացի գրող ֆոն Կլեյստը չէ, այլ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը) նոր էր անձրեւոտ Մանչեսթերից տեղափոխվել անձրեւոտ Լոնդոնՙ չմոռանալով վերցնել անձրեւանոցը, որը երբեք չի բացում, քանի որ ինքը կարմիր «Ֆերրարի» ունի, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել էր (իբր), թե սկզբում ինքն իմացել է, որ Հենրիխըՙ մեր տղեն, պարծանքը, հպարտությունը... թուրք է, բայց... Հետո Վենգերը հերքեց այդ ամենըՙ շեշտելով, որ ինքը չէր կարող նման անհեթեթություն ասել, ինչն իր անունից տարածվում է Անգլիայում, որովհետեւ ինքը Ֆրանսիայից է, որտեղ աշխարհահռչակ հայեր կան ու բոլորը ճանաչում են հայերին (դրանով «կծեց» անգլիացիներին): «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը հատուկ նշել է, որ ինքը չէր կարող շփոթել հայերին թուրքերի հետ, քանի որ սովորել է ֆրանսիական տնտեսագիտական համալսարանում: Սրանից կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ունեցող մարդը (պարտադիր չէՙ պատմաբան) չի կարող խառնել հայերինՙ թուրքերի հետ, կամ հակառակը:

Բայց սա չէ կարեւորը, մանավանդ որ այսօր մեր շուրջըՙ նկատի ունեմ Վլադիվոստոկից Գլենդեյլ ու Սիդնեյից Բուենոս Այրես, կան բարձրագույն կրթություն ունեցող բազմաթիվ հայեր, որոնց համար միեւնույն է, թե աշխարհն ինչ գիտի հայերի ու թուրքերի մասին:

Կարեւորն այն է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը, պարզվում է, ճանաչում է ոչ միայն Հայաստանն ու հայերին, այլեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, քանի որ ասել է. «Հենրիխ Մխիթարյանը եկել է մի երկրից, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է հատուկ բնավորություն ունենաս»: Թե որտեղի՞ց գիտի ֆրանսիացի մասնագետը նման մանրամասներ հայկական ֆուտբոլից, դժվարանում եմ ասել, բայց փաստ է, որ նման բան ասող մարդը պետք է առնվազն երկու անգամ լինի Հայաստանի հավաքականի, կամ եվրոպական մրցաշարի մասնակցող հայկական որեւէ ակումբի հանդերձարանումՙ թիմի պարտությունից հետո, ու տեսնի, թե ինչ է ասում ֆեդերացիայի նախագահըՙ ֆուտբոլիստներին: Նա նաեւ պետք է գոնե մեկ ամիս լինի Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլային թիմերում ու տեսնի, թե ի՞նչ սկզբունքով են մարզիչներն ընտրում թիմերի մեկնարկային կազմը, այլ կերպՙ ում են տեղ տալիս եւ ումՙ ոչ, եւ ամենակարեւորըՙ ինչու... Ապա, այս ամենը տեսնելուց հետո, նա պետք է համապատասխան եզրակացություն կազմի, որ Հայաստանում, որտեղ փոքր տարիքից ֆուտբոլիստները բաժանվում են ըստ ծնողների ֆինանսական կարողությունների կամ կապերի, որտեղ հավաքական թիմի տղաներն անգամ կարող են ու պարտավոր են կուլ տալ հայհոյանքները, հակառակ պարագայում այլեւս հավաքական չեն հրավիրվի, ֆուտբոլիստն իսկապես պետք է հատուկ բնավորություն ունենա, որպեսզի բարձրակարգ դառնա: Եւ ոչ միայն ֆուտբոլիստը:

Ի դեպ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը Դորտմունդի «Բորուսիա»-ում Մխիթարյանի խաղընկերն էր, «Արսենալ» է գնացել Գաբոնից, ու Վենգերը նրա մասին նման բան չի ասել: Չնայած Գաբոնում ոչ թե բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու, այլեւ ապրելու համար է հատուկ բնավորություն պետք, քանի որ աֆրիկյան այդ երկրում կան բորենիներ, ընձառյուծներ, թունավոր օձեր ու ամենատարածվածըՙ ցեցե թունավոր ճանճեր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ