ՄԱՐԱՆՋԻԻ «ԱՐԹՈՒՆ ՊԱՀԱԿՆԵՐԸ» ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ Հ.Ծ. Դոկտ . Քրիստինա Մարանջիի 2015-ին լույս տեսած «Արթուն պահակներ: Վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» հատորը արժանացել է, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 3-ի հաղորդագրության, նորաստեղծ «Քարեն Գուլդ» մրցանակի: «Ամերիկայի միջնադարյան ակադեմիայի» այդ տարեկան մրցանակը շնորհվում է մի մենագրության կամ հատորի, որը միջնադարյան արվեստի պատմությանն է նվիրված եւ հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչված է որպես «արտակարգ բարձրարժեք» ուսումնասիրություն: Քարեն Գուլդը (1946-2012) արվեստի պատմաբան է եղել եւ նրա անվան մրցանակը համապատասխան վկայական եւ 1000 դոլարի դրամական պարգեւ է նախատեսում: Հատուկ հանձնաժողովի անդամները մասնավորապես շեշտել են, որ գիրքը «խորը դիտարկված, հրաշալիորեն շարադրված եւ մանրազնին վերլուծության ենթարկված ճարտարապետական ուսումնաասիրություն էՙ նվիրված բյուզանդական, Սասանյան եւ Օմայանների կայսրությունների ժամանակաշրջանում Հայաստանի ստեղծագործական ոգուն»: Մարանջիի հատորը գիտական լուրջ մոտեցմամբ քննության է առնում Զվարթնոցի, Մռենի եւ Պտղնիի տաճարները, որոնք, ցավոք, ավերվել են տարբեր պատճառներով: «Չափազանց երջանիկ եմ, որ հայկական թեմայով մի աշխատություն արժանացել է այդ ակադեմիայի մրցանակին», նշել է այդ առթիվ դոկտ. Քրիստինա Մարանջին: Մարանջին հայկական արվեստի եւ ճարտարապետության դասախոս է Թաֆթս համալսարանում: Դոկտորական թեզը պաշտպանել է Պրինստոնի համալսարանում: Նրա գիրքը նախապես արժանացել էր նաեւ ՆԱԱՍՐ-իՙ հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի մրցանակին: |