2018-ԻՆ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԱՊԱՀՈՎԵԼԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Միանշանակ է, որ 2017-ը կարելի է հաջողված համարել: Հայաստանի տնտեսական ակտիվության տարեկան աճը կազմեց 7,7 տոկոս, ցուցանիշՙ որը չէր գրանցվել 2008-ից ի վեր, երբ ավարտվեց երկնիշ տնտեսական աճիՙ 2001-2002-ից սկսված ժամանակաշրջանը: Ճիշտ է, տնտեսական ակտիվության աճը որոշ չափով տարբեր է լինում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)ՙ այսինքն տնտեսական աճի ցուցանիշից, բայցՙ ոչ էապես: Ըստ ֆինանսների նախարարությունում հրապարակված նախնական հայտարարության, համախառն ներքին արդյունքի 2017-ի տարեկան աճը կկազմի 6,7 տոկոս: Այս ցուցանիշի արձանագրմանը նպաստող գործոններին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, որտեղ ներկայացրել էինք 2017-ի 11 ամիսների արդյունքում գրանցված 7,3 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշներն ու պատճառները («Ինչո՞վ է պայմանավորվել 5 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական ակտիվության աճը», «ԱԶԳ», 22.12.2017թ.): Այդ գործոնները նույնն են մնացել նաեւ տարեկան կտրվածքովՙ արտաքին միջավայրի բարենապաստ միջավայր, նախորդ տարի արձանագրված ցածրՙ գրեթե զրոյական տնտեսական աճ եւ երկրի ներսում իրականացվող տնտեսական քաղաքականություն: Արդյունքում, մեր տնտեսության 5 ճյուղերից 4-ում արձանագրվել է աճ եւ միայն մեկ ճյուղումՙ անկում: Գրանցված ցուցանիշներում հիմնական դերակատարում են ունեցել երեք ճյուղերՙ առեւտուրը, արդյունաբերությունը եւ ծառայությունները, որոնք երկնիշ աճ են ունեցելՙ 14 տոկոս, 12,6 տոկոս եւ 14,4 տոկոս: 10 տարվա շարունակական անկումից հետո, վերջապես, թեկուզ ոչ մեծ աճ արձանագրեց շինարարությունըՙ 2,2 տոկոս: Գյուղատնտեսությունում անկում գրանցվեցՙ 3 տոկոսով, ինչը անցած տարվա համար ամենաբացասական երեւույթն էր: Այդուհանդերձ, տնտեսական առումով լավ տարվա մասին է խոսում նաեւ արտաքին առեւտրի ցուցանիշը: Հատկապես հիշատակման արժանի է արտահանման ծավալների նշանակալի աճըՙ 25,2 տոկոսով, ինչը գրանցվել է նախորդող տարվաՙ 2016-ին արձանագրված 20,6 տոկոս աճի նկատմամբ: Գումարային առումով 2017-ին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 243 մլն դոլարի արտադրանք: Սա ավելի քան կրկնակի գերազանցում է 2010-ի ցուցանիշը, փաստելով, որ անցած 7 տարում մեր արտահանման ծավալները կրկնապատկվել են: Այս ցուցանիշների մասին խոսելով, հաճախ չափազանցվում է մետաղների, մասնավորապես Հայաստանից արտահանվող պղնձի գների բարձրացման նշանակությունը: Մինչդեռ, վերոնշյալՙ հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է 692 մլն դոլար կամ 221 մլն դոլարով ավելի քան նախորդՙ 2016 թվականին էր, մինչդեռ արտահանման ընդհանուր ծավալներն ավելացել են ավելի քան 450 մլն դոլարով: Ակնհայտ է, որ արտահանման ավելացման մեջ մեծ դեր են խաղացել նաեւ այլՙ պատրաստի արտադրանք համարվող ապրանքների արտահանումըՙ սննդամթերք, սարքեր, ապարատներ, մեխանիզմներ եւ սարքավորումներ, թեթեւ արդյունաբերության, քիմիական արդյունաբերության եւ արդյունաբերական այլ ապրանքները: Ներմուծման աճն, իհարկե, ավելի մեծ էր եւ առաջանցիկՙ արտահանման նկատմամբ: Այն կազմել է 27,8 տոկոս, իսկ գումարային ծավալըՙ 4 մլրդ 182 մլն դոլար: Մասնագետներից ոմանք հակված են դա բացասաբար գնահատել, հաշվի առնելով, որ արդյունքում խորացել է մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը: Սակայն, մյուս կողմից, սա խոսում է սպառման ծավալների ավելացման եւ բնակչության գնողունակության բարձրացման մասին: Վերջիններս էլ հետեւանք են երկու կարեւոր գործոններիՙ արդյունաբերությունում, ծառայությունների եւ մասմաբ էլ շինարարությունում ծավալների ավելացման եւ արտերկրիցՙ հիմնականում Ռուսաստանից եկող մասնավոր փոխանցումների ավելացման: Բանն այն է, որ զանգվածային սպառման ապրանքների մեջ գերակշռում են ներմուծվող ապրանքները, որոնց էլ ուղղվում է բնակչության ներսում գոյացող եւ դրսից ստացվող եկամուտների մի զգալի մասը: Անցած տարի բնակչության եկամուտների ավելացման այլ աղբյուրներ չեն եղել, մասնավորապեսՙ կենսաթոշակների եւ պետական համակարգի աշխատավարձերի բարձրացում չի կատարվել: Հիմնական հարցն այժմ հետեւյալն էՙ կհաջողվի՞ նույն կամ գոնե մոտ արդյունքն ունենալ այս տարի: Ինչին, բնականաբար, հետեւում է մարդկանց հուզող հիմնական հարցըՙ դա ինչպե՞ս կանդրադառնա իրենց եկամուտների վրա: 2018-ին համանման ցուցանիշ ապահովելը դժվար կլինի: Դրա առաջին եւ հիմնական պատճառը հենց այս տարվա բարձր տնտեսական աճն է: Ակնհայտ է, որ որքան ավելանում է տնտեսության ծավալը, այնքան դժվար է լինում ավելի բարձր տնտեսական աճ ապահովել: Եթե 2016-ին 0,2 տոկոս աճ է գրանցվել 2015-ի նկատմամբ, ապա 2017-ի մոտ 7 տոկոս տնտեսական աճը գրանցվել է նախորդող երկու տարիների նկատմամբ: Հետեւաբար, այս տարի նույնքան աճ ապահովելը արդեն իսկ 7 տոկոս աճի վրաՙ շատ ավելի բարդ գործ է լինելու: Ամեն դեպքում, 2017-ին որոշակի հիմքեր ստեղծվել են 2018-ին եւս տնտեսության մեջ դրական զարգացումները շարունակելու համար: Կառավարությունը խոշոր գումարներ է նախապատրաստում ուղղել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը եւ ջանքեր գործադրում մասնավոր ներդրումների ներգրավման համար: Միաժամանակ, բարձր տնտեսական աճի համար անհրաժեշտ են, որ առնվազն պահպանվեն այն դրական միտումները, որոնք այս տարի եղել են համաշխարհային տնտեսությունում: Խոսքը մետաղների բարձր գների, մեր գլխավոր գործընկեր Ռուսաստանի տնտեսության բարելավման, ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին է: Սրանք այնքանով կարող են դրական ազդել մեր տնտեսության վրա, որքանով որ դրանց հակառակ գործընթացներըՙ բացասական: Բնական է, որ ամեն ինչ այլ հունով կընթանա, եթե ռազմական գործողություններ լինեն Արցախում կամ ներքաղաքական ցնցումներ տեղի ունենան: Հատկապես առաջինը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարելի բացառել: Ինչ մնում է տնտեսական զարգացումների սոցիալական անդրադարձին, ապա պետք է ռեսուրսներ ստեղծվեն գոնե եկող տարվա ընթացքում կենսաթոշակների եւ նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացման համար: Անշուշտ, դա չպետք է տեղի ունենա բյուջետային վարկ ստանալու եւ արտաքին պարտքի բեռը բարձրացնելու, ինչպես նաեւ դարձյալ խոշոր ծախսեր պահանջող երկրի պաշտպանության համար ուղղված միջոցները խնայելու հաշվին: Անհնար է նաեւ սոցիալական խնդիրներ լուծել գների դեմ երեւութական պայքար տանելով, քանզի շուկայական տնտեսության մեջ գները տատանվելու եւ առավելապես բարձրանալու միտում ունեն: Հեծանիվ հորինելու խնդիր չկաՙ անհրաժեշտ է տնտեսությունը զարգացնել, եկամուտները ավելացնել ու դրանց բաշխումը հնարավորինս արդյունավետ իրականացնել: |