ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ Պ.Ք. Ադրբեջանն այն սակավաթիվ պետություններից է, որոնք հավանություն տվեցին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Ճիշտ է, դա արվեց միայն ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւի մակարդակով, որն օգտագործեց նուրբ եւ անորոշ ձեւակերպումներ: «Բաքուն հասկանում է Անկարայի մտահոգությունը ահաբեկչական սպառնալիքների կապակցությամբ: Ադրբեջանը, որպես ահաբեկչությունից տուժած երկիր, վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր ձեւերով ու դրսեւորումներով եւ աջակցում է միջազգային ընկերակցույթանը այդ պայքարում: Ինչպես հատարարեց Թուրքիայի կառավարությունը, «Ձիթենու ճյուղ» գործողության նպատակը սահմանների անվտանգության ապահովումն է, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների վերացումը եւ մարդկանց պաշտպանությունը ահաբեկչական հարձակումներից ու սպառնալիքներից: Մենք եղբայրական Թուրքիային եւ թուրք ժողովրդին մաղթում ենք, որ այլեւս երբեք ենթական չդառնան դավաճանական ահաբեկչական հարձակումների», հայտարարել է Հաջիեւը: Այս իմաստով նրա հայտարարությունը շատ չի տարբերվում որոշ այլ երկրների, այդ թվում ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, հայտարարություններից: Նկատենք նաեւ, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, որոշ պնդումներին հակառակ, չի օգտագործել «քրդերի դեմ» արտահայտությունը: Թեեւ նշաններ չկան հօգուտ այն բանի, որ արեւելյան գործընթացների մեջ վաղուց ներքաշված Բաքուն հստակ պատկերացում չունի Սիրիայի հյուսիսում ստեղծված կացության եւ Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողության ձեռնարկման շարժառիթներին: Քանզի ակնհայտ է, որ Թուրքիան դժվար թե վախենար Սիրիայի կողմից որեւէ հարձակումից, այնպես որ նրա գործողությունները ունեն միանգամայն այլ դրդապատճառներ: Ինչպես գրում է Բաքվի ԽՈրտՌռ թերթը, դա Անկարայի համար թուրք-սիրիական սահմանի երկայնքով 300 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու ԱՄՆ-ի որոշման «կարմիր գծի» հատումը եղավ: Այդ գոտին պետք է պաշտպանեին ամերիկացիների աջակցությունը վայելող Ինքնապաշտպանական ջոկատների եւ Ժողովրդավարական միության սիրիացի քրդերը, որոնց Թուրքիան համարում է իր կողմից ահաբեկչական հռչակված ՔԲԿ-ի ստորաբաժանումներ: Ավելին, Անկարան, վախենում է, որ Սիրիայում կարող է ի հայտ գալ քրդական ինքնավարություն, որը կձգտի ստեղծել սեփական պետականություն: Հետեւաբար ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Թուրքիան լուծում է իր առջեւ սրությամբ ծառացած աշխարհաքաղաքական խնդիրը: Ընդսմին, նախագահ Էրդողանը չի զլանում հայտարարել, թե ինքը հարգանքով է վերաբերվում Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ քաղաքական միասնությանը: Եվ հենց որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը հասնի իր նպատակին, Թուրքիան իբր կհեռանա այնտեղից: Բայց այստեղ հայտնվում են կարեւոր նրբերանգներ: Ակներեւ է, որ Անկարան իր գործողությունները նախապես համաձայնեցրել է Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Թեհրանի հետ: Պաշտոնական Դամասկոսը Անկարայի գործողությունը համարում է նախահարձակ քայլ Սիրիայի ինքնիշխանության դեմ: Փորձագետներից շատերի կարծիքով Թուրքիայի գործողությունները հակասում են այն սկզբունքներին, որոնք Ադրբեջանը փորձում է պաշտպանել զանազան միջազգային հարթակներում, եթե նկատի ունենանք Արցախի հակամարտությունը: Այդուհանդերձ, Բաքվի ԶԼՄ-ներում սկսել են հայտնվել հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում են, թե Անկարայի փորձը Բաքվին պետք կգա նրա հակաահաբեկչական պատերազմում, որ մոտենում է գրավյալ ադրբեջանական տարածքներում բաղձալի հակաահաբեկչական գործողության հերթը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները քաղաքական մանեւրումների լավ փորձ են Ադրբեջանի համարՙ նկատի ունենալով տարածաշրջանի անկայունությունը: «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է ադրբեջանցի փորձագետների այն պնդումը, թե Ադրբեջանի ղարաբաղյան գոտին, որտեղ գտնվում են «ահաբեկչական խմբավորումների հետ սերտաճած հայկական զինված ուժերը», նույնպես պետք է վնասազերծվի: Ոչ ավել, ոչ պակաս: Իսկ ադրբեջանցի գեներալ Յաշար Այդամիրովը հայտարարում է, որ Ղարաբաղում մարտերը կարող են սկսվել ամեն պահի, պատերազմը կլինի սրընթաց, արագ եւ ճշգրիտ հարվածներով, եւ Ադրբեջանը Ղարաբաղի պատերազմում պետք է հաշվի առնի Թուրքիայի փորձը: Խոսվում է Ռուսաստանի վնասազերծման մասին. հարկավոր է Անկարայի նման ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ Մոսկվայի հավանությունն է ստացվում Սիրիայում գործելու համար: Vesti.Az կայքին տված հարցազրույցում մեկ ուրիշ վարկած է հնչեցրել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը : Նրա խոսքերով, առաջինՙ Հայաստանի ղեկավարությունը փորձում է Ադրբեջանին քայլերի հրահրել գրավյալ տարածքներում իր զանազան ձեռնարկումներով, օբյեկտների շինարարությամբ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման հարցի պարբերական քննարկումներով: Երկրորդ, Հայաստանի ղեկավարությունը կփորձի Ռուսաստանին ամեն կերպ ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Երրորդ, բանակցային գործընթացի նմանակման փուլի ավարտից հետո, փուլ, որը կապված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայամետ դիրքորոշման հետ, Ռուսաստանի քաղաքական էլիտան անկասկած լրջորեն շահագրգռված կլինի ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի գոնե մի մասի լուծմամբ: Այս կապակցությամբ ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը անշուշտ կուսումնասիրվի մի շարք պետությունների, այդ թվում Ադրբեջանի, բանակների գլխավոր շտաբներում: Իհարկե գործողությունն Անկարայի համար թեթեւ զբոսանք չէ: Ակնհայտ է նաեւ, որ Վաշինգտոնը մտադիր չէ հեռանալ Սիրիայից: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել սիրիացի քրդերին եւ զանազան ահաբեկչական խմբավորումների համակցությանը: Ըստ որում, Անկարային Վաշինգտոնի հասցեագրած սպառնալիքները վկայում են, որ վերջինս շահագրգռված է սիրիական ճահճուտում թուրքերի հետագա խրմամբ: Այնտեղ պատերազմը երկարատեւ բնույթ կկրի: Ընդսմին, Անկարան սահմանափակ հնարավորություններ կունենա օգնելու Ադրբեջանին, եթե նա նոր պատերազմ սանձազերծի Արցախի դեմ: Իսկ եթե Բաքուն համարձակվի դիմել նման քայլի, ապա դա կնշանանակի ԼՂ հակամարտության ինտեգրում մերձավորարեւելյան բազմաթիվ հակամարտությունների ցանցի մեջ, որոնց կարգավորումը տեղի կունենա նոր աշխարհաքաղաքական պայմաններում, որոնց գլխավոր էությունը կդառնա պատերազմին երկու թյուրքական պետություններիՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի միաժամանակյա մասնակցությունը Իրանի հնարավոր ներգրավմամբ: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարում է, որ իր երկիրը մտադիր է այսուհետեւ էլ ներկա լինել Սիրիայում, ըստ որումՙ ոչ միայն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար, այլեւ Իրանի ազդեցության աճը կասեցնելու, Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակներով: Միեւնույն ժամանակ, ամերիկացիների նպատակադրումների աշխարհագրական ընդլայնումը անխուսափելիորեն կհանգեցնի տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության արդիականացմանը: Կարող է ի հայտ գալ նոր երեւույթՙ «ամենքի պատերազմն ամենքի դեմ», ինչը հղի է անսպասելի բարդացումներով, որոնք անպայման կընդգրկեն Անդրկովկասը, ներառյալ Ադրբեջանը: Իսկ հետո կծագեն նոր խնդիրներ, իսկ նման հեռանկարներն ակնհայտ են: Առայժմ կարելի է կանխատեսել բախումներ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ, ինչպես նաեւ Անկարայի եւ Թեհրանի միջեւ, եւ Մոսկվայի ելքը Անկարայի ու Թեհրանի հետ կնքած դաշինքիցՙ նրանց աշխարհաքաղաքական ուռճացված պահանջների պատճառով: Հետո կծառանա տարածքների, այդ թվում Արցախի կարգավիճակի խնդիրը: Ահա թե ինչու Բաքուն հիմա պետք է փնտրի Երեւանի ու Ստեփանակերտի հետ փոխզիջման, այլ ոչ թե պատերազմի ուղիներ, որը նրա համար կունենա անկանխատեսելի աշխարհաքաղաքական հետեւանքներ: |