ԽԱՆԴՈՏ ԱՄԵՐԻԿԱ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Վաշինգտոնը անհանգիստ է Կորեաների մերձեցումից «Որոշապես ճեղքվածք է առաջացել դաշինքի ներսում», օրերս հայտարարեց Մ. Նահանգների պաշտպանական գերատեսչության նախկին քաղաքական խորհրդական Վեն Ջեքսոնը ՙ նկատի ունենալով Պիոնչանգում այժմ ընթացող Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում զարգացող մերձեցման գործընթացը երկու Կորեաների միջեւ: «Մ. Նահանգներն ու Հարավային Կորեան ուզում են միացյալ ճակատ ներկայացնել, սակայն բոլորովին տարբեր առաջնահերթություններով. մինչ Հարավը չի ուզում պատերազմ Հյուսիսի հետ, Ամերիկան ցանկանում է վերջինիս տեսնել միջուկազերծված», բացատրում է ամերիկացի քաղաքագետը: Այդ ճեղքվածքը արդեն կարելի էր կարդալ Մ. Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի դեմքին, երբ նա Օլիմպիական խաղերի բացման հանդիսությանը VIP օթյակում նստածՙ սկեպտիկ ժպիտով հետեւում էր մարզիկների շքերթին: Նա նույնիսկ ոտքի չկանգնեց, ինչպես իր կողքինները, երբ մեկ դրոշի ներքո տողանցում էին, ընդհանուր էյֆորիայի մեջ, զույգ Կորեաների մարզիկները: Իսկապես դիտարժան արարողությունՙ ճիշտ եւ ճիշտ համապատասխան Օլիմպիական խաղերը խաղաղության կարգախոսի տակ անցկացնելուՙ կազմակերպիչ երկրի նախագահ Մուն Յաե-ինի կոչին: Ավելի հատկանշականը պատահել էր նախորդ օրը, ի պատիվ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի տրված ճաշկերույթի ընթացքում: Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ նույն սեղանին նստած Մայք Փենսը չողջունեց Հյուսիսային Կորեայի բռնատիրոջՙ Քիմ Յոնգ-ընի քրոջըՙ Քիմ Յու-յոնգին, իսկ հետագայում, արդեն տուն վերադարձին, բացատրեցՙ ինչու. «Չէի կարող խուսափել նրա ներկայությունից, բայց անտեսեցի նրան, քանի որ նա ներկայացնում է այն միեւնույն մարդուն, իր եղբորը, որ չխորշեց սպանել իր հարազատ հորեղբորն ու զարմիկին»: Համենայնդեպս, դեռեւս Սեուլում գտնված ժամանակ Փենսը հայտարարել էր, որ ոչ մի արեւ էլ չի ծագել կորեական հակամարտության վրա, եւ Մ. Նահանգների դիրքը մնում է նույնըՙ ինչ վերաբերում է միջուկային զենքին ու բալիստիկ հրթիռներին, որոնց տիրապետում եւ որոնցով Հյուսիսային Կորեայի ղեկավարը ընդամենը մեկ ամիս առաջ սպառնում էր ոչ միայն Հարավին, այլեւ Ամերիկային: Այնուամենայնիվ Մ. Նահանգների փոխնախագահն ասել էր նաեւ, որ եթե Փիոնգյանգը ցանկանում է խոսել, ապա Վաշինգտոնը կխոսի նրա հետ, սակայն առանց որեւէ զիջման միջուկային սպառազինության հարցում: Վաշինգտոնի այս խանդոտ վերաբերմունքի պատճառներն անշուշտ շատ են, որոնցից գլխավորը ռազմական այն հզոր ներկայությունն է, որ Ամերիկան ունի ոչ միայն Հարավային Կորեայում, այլեւ հարակից երկրներում եւ ողջ տարածաշրջանումՙ Ճապոնիայում, Ֆիլիպիններում եւ այլուր, ցամաքում, ծովում եւ օդում: 1944-ին ճապոնական, 1950-53-ին կորեական, այնուհետեւ վիետնամական պատերազմներից հետո Մ. Նահանգները շուրջ յոթուկես տասնամյակ շարունակ սպառազինությունների, ռազմաբազաների եւ ծովային ուժերի հզոր ցանց է ստեղծել աշխարհի այդ մասերում, եւ հաշտեցման, թշնամանքի վերացման եւ, վերջապես, խաղաղության հաստատման ամեն նախաձեռնություն ավելորդ է դարձնում այդ բոլորը: Ահա՛ խանդի գլխավոր պատճառը: Մինչդեռ Սեուլը ցանկանում է խաղաղ ապրել, չկորցնել տնտեսապես զարգացած երկրների մեջ իր նվաճած 11-րդ դիրքը, զերծՙ միջուկային սպառնալիքից, իր զորքն ու սպառազինությունները անընդհատ ուռճացնելու պարտադրանքից: Եվ բոլորովին պատահական չէ, որ հարավկորեացիների 56 տոկոսը, ըստ թարմագույն հարցախույզի, համաձայն են, որ իրենց երկրի նախագահը ընդառաջի Քիմ Յոնգ-ընի հրավերին եւ առաջիկա ամիս բանակցությունների գնա Փիոնգյանգ: Անշուշտ, հակառակ գրեթե համազգային խանդավառության ալիքին, հակառակ հյուսիսկորեական բռնապետի դիվանագիտական այդ աննախադեպ վարպետ քայլի թողած տպավորությանը եւ մարզասրահներում եւ այլուր 60 տարիների բաժանումից հետո միմյանց վերագտած հյուսիս-հարավ կորեացիների խանդավառությանը, դեռեւս շատ եւ շատ վաղ է հաշտեցման մասին մտածելն անգամ: Սակայն խաղաղությամբ վերամիավորվելու այդ ձգտումը մտածել է տալիս այդ եւ նման վիճակներում հայտնված այլ տարածաշրջաններում ապրող ժողովուրդների համակեցության եւ համագոյակցության բնական եւ օրինական ձգտումների մասին: Մ. Նահանգները եւ մյուս հզոր երկրները, ավելի շուտՙ նրանց ղեկավարները ականջալուր եւ պատրաստակամ կլինե՞ն օգնել-նպաստելու խաղաղասիրական այդ ցանկությունների իրականացմանը: Սա՛ է հարցերի հարցը այսօր եւ, վախենում եմ ասելՙ նաեւ վաղը: |