ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ-ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Փետրվարի 12-ին Երեւանում, Ռամկավար Աազատական Կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացնելով Արմեն Սարգսյանին նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարեւորագույն պաշտոնում ոգեւորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձեւավորում եւ զարգացման նոր իրողություն Հայաստանի համար: Արմեն Սարգսյանը նշեց, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականը: «Եկել եմ ձեզ լսելու», ասաց նա, հիշելով անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով: ՌԱԿ ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ, խոսում էին Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ եւ ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից: Առանձնակի բարձրացվեց գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային լրատվամիջոցների անկախությանը նպաստելու նոր քաղաքական մշակույթի ձեւավորելու անհրաժեշտությունը: Արմեն Սարգսյանը ներկայացրեց բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը, որոնք մեծապես տպավորեցին շուրջ երկու ժամ տեւած հանդիպման մասնակիցներինՙ իրենց լայնածիր ընդգրկումով ու խորությամբ: Համոզիչ էին հատկապես կրթական համակարգի արդիականացմանը, մեր երիտասարդների բնատուր կարողությունների ամբողջական դրսեւորմանը եւ դրանցով իսկ մրցունակ երկիր ու պետություն կառուցելու եւ այդ ամբողջի մեջ Սփյուռքի ներուժը ներգրավելու նրա գաղափարները, որոնք համահունչ են ռամկավարների ձգտումներին: |