RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 4432, Տպվել է` 569, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉԻ՞ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՔ ԿԱՐԴՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 19-ին, երբ, ինչպես Սեւակն է ասումՙ «Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն, մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ այցով եղավ երեւանյան գրախանութներից «Բուկինիստ»-ում: Ու ինչպես նախագահների ամեն մի այցի օրը, այս մեկն էլ պատահական չէր ընտրված: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն, ինչպես գիտենք, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Դե, ինչպես սիրո օր, կամ սպիդի դեմ պայքարի օր,... Մի խոսքով:

Շատ կարեւոր է, որ նախագահի պաշտոնական կայքում եւս հստակ գրված է, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ»: Այսինքն հենց այնպես չի այցելել, եւ կամ հենց այնպես չէր այցելի: Գրախանութում, որը, պարզ է, նախագահի այցի կապակցությամբ ժամանակավորապես ազատվել էր գրքասերներից, Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարներին, մասնավորաբարՙ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես»-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ «թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարկչության վերջին տարիների ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, քննարկելՙ գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների եւ գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը»: Նախագահի կայքը նշում է, որ «հրատարակիչները իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ եւ փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ»: Պատկերացրեցիք չէ՞. հրատարակիչները հրատարակչության ոլորտի վերաբերյալ առաջարկներ են հնչեցրել, որոնք նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ...

Հետո տեղի է ունեցել ամենահետաքրքրականը: Նախ, հանդիպման մասնակիցները «միմյանց շնորհավորել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա եւ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ»: Նախագահն էլ ասել է, որ «Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձեւերից մեկն է»:

Ապա Սերժ Սարգսյանը հրատարակիչներին նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնիՙ «Քաղաքակրթություն. ինչո՞վ է տարբերվում Արեւմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որտեղ ներկայացված է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: Հատկանշական է, որ գրքի հայերեն տարբերակը դեռ չկա ու ինչպես ասել է «Զանգակ»-ի ղեկավարըՙ «Մենք կծանոթանանք ու կտեսնենք, եթե այն կարող է հետաքրքրական լինել հայ ընթերցողին, ինչո՞ւ ոչՙ կկազմակերպենք հայերեն թարգմանությունն ու վերահրատարակումը»: Մի խոսքովՙ նախագահը հրատարակիչներին նվիրել է մի գիրք, որը դեռ հայտնի չէ, թե կհետաքրքրի՞ արդյոք հայ ընթերցողներիս, թե՞ ոչ:

Ապա հրատարակիչները, ինչպես նախագահի պաշտոնական կայքը կասերՙ «Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ» (ուրիշ բան չմտածեք), գրքեր են նվիրել Սերժ Սարգսյանին: «Բուկինիստ»-ի տնօրենը նախագահին նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակած «Գիտելիքի հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին բաժնով ներկայացված է նաեւ Հայաստանը: Հիմա, վերջապես, ՀՀ նախագահն այլեւս «Գիտելիքի հանրագիտարան» ունի: «Զանգակ» հրատարակչության տնօրենը Սերժ Սարգսյանին նվիրել է «Հայ արվեստի պատմությունը», որտեղ ներկայացված է մասնավորաբար հայ կերպարվեստի եւ ճարտարապետության պատմական ուղինՙ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, ինչից ենթադրում եմ, որ նախագահը շուտով ավելի ու ավելի շատ նկատողություններ կանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ գիրքը կարդալուց հետո կպարզի, որ մեր օրերի երեւանյան ճարտարապետությունը չի համապատասխանում հնագույն ժամանակներից եկածին, ավելինՙ քանդում է այն: «Անտարեսը» Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի գրող եւ մտածող Ռոբերտ Մուզիլի, ուշադրությունՙ «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը: Ու մինչ Հանրապետության նախագահը կկարդա այդ գիրքը, ասեմ, որ գրքում գիտնական-հեղինակի մտորումներն են կեցության առեղծվածի ճանաչողության, բնության եւ մարդու միջեւ մղվող հավերժական պայքարի մասին: Եւ վերջապես «Էդիթ Պրինտը» նախագահին նվիրել է Ռեմարկիՙ «Երեք ընկեր», Էքզյուպերիիՙ «Փոքրիկ իշխան» եւ «Մարդկանց երկիր», ինչպես նաեւ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» (դե հո նախագահը չէ՞ մեղավոր) գրքերը:

Նախագահի կայքը տեղեկացնում է, որ «Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Բուկինիստ»-ում, ծանոթացել գրախանութի նորագույն եւ լավագույն գրականությամբ հագեցված բաժիններին, այդ թվումՙ մասնագիտական»: Նախագահի կայքն այդ մասին ոչինչ չի ասում, ինչից ենթադրում եմ, որ «Բուկինիստ»-իՙ նորագույն եւ լավագույն գրականությամբ հագեցված բաժիններում Սերժ Սարգսյանը որեւէ գիրք չի առանձնացրել ու չի գնել, որպեսզի նվիրի, օրինակՙ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գրախանութ չայցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ վարչապետ Կարեն Կարապետյանինՙ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ... Ինչեւէ:

Գիրք նվիրելը, մանավանդ ստանալը լավ է, կարդալըՙ հրաշալի: Ի դեպ, կարելի է՞ փետրվարի 19-ին նշել ոչ թե Գիրք նվիրելու օրը, այլ Գիրք նվիրելու եւ կարդալու օրը, կամ գոնե Գիրք նվիրելու եւ այդ կապակցությամբՙ կարդալու օրը: Թե՞ դուք այլ կապակցությամբ եք կարդում... Ուզում եմ ասելՙ գիրքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ