RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-03-01 23:20:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 4296, Տպվել է` 463, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ուխտավորները գոհաբանության աղոթքներ են հղում դեպի երկինք, քրիստոնյա Երուսաղեմը հրճվանքի մեջ է, պաղեստինցիներն ու ոչ հրեաները հաղթանակ են տոնում: Եռօրյա փակումից հետո չորեքշաբթի առավոտյան վերաբացվեցին Սբ. Հարության տաճարի հազարամյա դարպասները օտարերկրյա հավատացյալների առջեւ, որոնցից շատերը թերեւս կյանքում միակ անգամ եկել էին աղոթելու աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենասուրբ վայրում, որտեղ, ըստ նրանց, Քրիստոսը խաչվել, թաղվել եւ երրորդ օրը հարություն է առել:

Տաճարի դռների փակումը բողոքի համակարգված արտահայտությունն էր Հայ առաքելական, Հռոմեական կաթոլիկ եւ Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդների, համերաշխ եւ միահամուռ աջակցությամբ քրիստոնեական մյուսՙ Ասորական, Ղպտիական, Եթովպական, Մալաբար եւ այլ եկեղեցիների պետերի: Բողոքը, ինչպես հայտնի է, ուղղված էր ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքատի որոշմանըՙ հարկային դաշտ բերել եկեղեցապատկան հասութաբեր բոլոր ունեցվածքները բացի աղոթատեղիներից- հյուրանոցներ, իջեւանատներ, ռեստորաններ եւ այլ,- գանձել 2010 թ.ից կուտակվածՙ շուրջ 190 միլիոն դոլար հարկային պարտքերը, եւ ամենակարեւորըՙ ապասեփականացնել բոլոր այն կալվածները, որոնք նույն թվականից ի վեր վաճառված կամ լիզինգով տրված են տարբեր կառուցապատողների, պատճառաբանելով, որ նման կալվածների բնակիչները կարող են հետագայում զրկվել իրենց բնակելու իրավունքից...

Վերոնշյալ բոլոր քայլերը, ամբողջական փաթեթի մեջ, քաղաքային խորհուրդը արդարացնում էր նաեւ այն հանգամանքով, որ Երուսաղեմ քաղաքը սնանկացման եզրին է, հետեւաբար անհրաժեշտ է խստացնել հարկային օրենքի կիրառումը եւ գանձել հետնյալ բոլոր պարտքերը:

Չվիճարկելով քաղաքապետարանի այդ որոշումը, նույնիսկ խնդրո առարկա չդարձնելով այն հակաճառությունը, թե 190 միլիոնը պիտի փրկե՞ր «սնանկացող» քաղաքի բյուջեն, չմանրամասնելով անգամ քաղաքապետ Բարքատի եւ Իսրայելի ֆինանսների նախարարության միջեւ երկար ժամանակ արդեն տիրող հակամարտությունը, նման որոշումը կիրարկելիության դնելու համար անհրաժեշտ էր խորհրդարանիՙ Քնեսեթի համաձայնությունը խախտելուՙ օրենքի հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ կետը: Եվ Քնեսեթը հենց այսօր, ուրբաթ, պատրաստվում էր քննարկել այդ հարցը, երբ երեքշաբթի գիշեր հնչեց Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարար Բենյամին Նաթանյահուի հայտարարությունը վեճը սառեցնելու եւ դրա հետագա քննարկումը «պրոֆեսիոնալ մի խմբի» վստահելու վերաբերյալ, որը «եկեղեցիների ղեկավարների հետ բանակցությունների միջոցով կքննի հարցը եւ կհանգի փոխադարձաբար ընդունելի լուծման»:

Թե ո՞րն էր վարչապետի այս անմիջական որոշման բուն պատճառը,- շահագրգիռ օտար երկրների ու կառույցների միջամտությո՞ւնը, նախընտրական հաշվարկնե՞րը, կոռուպցիոն սկանդալների պատճառով անձնապես կորցրած ժողովրդականությունը վերականգնելու ձգտո՞ւմը, հատկապես Սբ. Զատկվա տոներին ընդառաջ զբոսաշրջության եկամուտների կրճատման հեռանկա՞րը,- այնքան էլ կարեւոր չէ, գեթ առայժմ: Այս պահի համար կարեւորը քրիստոնեական եկեղեցիների միասնական ու համակարգված կեցվածքն է, գլխավորությամբ հզորագույն երեք եկեղեցիների, որոնց թվումՙ Հայոց պատրիարքությունը, հակառակ միջեկեղեցական ներքին տարակարծությունների առկայությանը:

Քրիստոնեական համախմբումը, թվում է, շահեց ճակատամարտը, բայց ո՛չ պատերազմը: Փաստորեն Հրեական պետությունը որոշել էր պատերազմն սկսել քրիստոնեական եկեղեցիների համար ամենախոցելիՙ ֆինանսա-տնտեսական եւ կալվածային դարավոր առանձնաշնորհումներից զրկելու քայլերով, որոնք հետագայում տարածվելու էին նաեւ մահմեդականների ունեցվածքների վրա, գլխավոր նպատակ ունենալով ունեզրկել բոլորին, բացի անշուշտ Հուդայական կրոնին պատկանողներից, եւ այդպիսով Երուսաղեմը իրողապես դարձնել Իսրայելի «հավիտենական մայրաքաղաք», միացյալ եւ միադավան: Այդ «իրավունքը» նրան շնորհվել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դեկտեմբեր ամսին:

Պատերազմը շարունակվելու է: Հաջորդ հարվածը ուղղված կլինի քրիստոնեական եկեղեցիների միասնականության դեմ: Հակասությունները խորացնելու անառարկելի վարպետներ են հրեաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ