ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՈՎ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻՙ «ԸՆԴԱՄԵՆԸ» 2,5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Երկվագոն շարժակազմը սկսելու է գործել մարտի 4-ից Փետրվարի 27-ին առաջին ստուգիչ չվերթն է կատարել Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նորՙ ԷՊ2Դ ժամանակակից էլեկտրագնացքը: Վերջինս ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն գնել է ռուսաստանյան արտադրող ընկերությունից, եւ այն մի քանի ամիս փորձարկվում էր Հայաստանի պայմաններում: Ըստ շահագործող ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությանՙ նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմովՙ առանց բաժանիչ կանգառների, ժամը 10-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 17-ին մոտ վերադառնալով մայրաքաղաք: Միաժամանակ կշարունակեն գործել հին շարժակազմերով չվերթները: Նոր գնացքով ուղեւորությունը կտեւի մոտ երկու ժամ, ինչն, անշուշտ, հաճելի նորություն կլինի եւ հարմարՙ ուղեւորի համար: Թվում էՙ այստեղ վերջապես մեզ էլ մարդու տեղ դրեցին ու գոնե էլեկտրագնացքով 20-րդ դարից տեղափոխվում ենք 21-րդ դար: Բայց նախ, նշված չվացուցակի պարագայում փոքր է թվում այս գնացքից Գյումրու ուղեւորի օգտվելու հավանականությունը, որը սովորաբար մայրաքաղաք է գնում այնտեղ տվյալ օրն ունեցած որեւէ գործը հոգալու ու վերադառնալու, մինչդեռ այստեղից երեկոյան շարժվելն ու տեղ հասնելն իմաստ չունի: Ժամը 10-ին շարժվելը հարմար է Երեւանից եկող ու վերադարձող ուղեւորներին, որոնց թիվը, կարծում ենք, անհամեմատ փոքր է: Եթե մեր այս դատողությունը ճիշտ է, ուրեմն չվացուցակը ժամերի առումով սխալ է կազմված: Իհարկե, լավագույն լուծում կարող էր լինել երկու նման գնացքների առկայությամբ մոտավորապես նույն ժամին մեկը Երեւանից, մյուսը Գյումրիից մեկնելը, բայց այդ դեպքում նրանք առանց կանգառի շարժվելով մի տեղ պիտի հանդիպեին, ինչի հնարավորությունը մեր երկաթուղին երեւի չունի: Մյուսը ուղեվարձի խնդիրն է: Ժամանակին տարբեր պատասխանատուներ այս էլեկտրագնացքի ապագա ուղեվարձի չափի մասին խուսափողական պատասխաններ էին տալիս, երեւի դեռ չէին կողմնորոշվել: Բայց ասում էին, որ հին էլեկտրագնացքների տոմսի գնից (Գյումրի-Երեւանՙ 1000 դրամ) շատ չի տարբերվի: Այսօր արդեն կողմնորոշվել են. ըստ փետրվարի 28-ին ընկերության պաշտոնական կայքի տեղեկացման, գնացքն աշխատելու է 2500 դրամ ուղեվարձով: Բարով աշխատի... |