ԱՐԵՎՄՏԱՀԱՅ «ԶԱՐԹՈՆՔԻ» ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ԲԵԼՄՈՆՏՈՒՄ Հ.Ծ. «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (AIWA) եւ «Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համատեղ հովանավորությամբ մշակվել է «Կանանց պատմության ամիս» ծրագիրը, որի շրջանակներում մարտի 4-ին NAASR-ի կենտրոնում (Բելմոնտ, Մասաչուսեթս) կայանալու է դոկտ. Հասմիկ Խալափյանի դասախոսությունը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայկական զարթոնքի տարիներին հայ կանանց ծավալած ակտիվ գործունեության մասին: «Ազգային սահմանադրություն» (1863) կոչված փաստաթուղթը թուրքահայերին տալիս էր իրենց ներքին գործերը (կրթական, եկեղեցական, հասարակական, եւ այլն) տնօրինելու առավել լայն հնարավորություններ: Զարթոնքի այդ ժամանակաշրջանում հայ կանայք, մասնավորապես ակնառու գրողներ, չսահմանափակվեցին միայն գրական նպատակներ հետապնդելով, այլեւ ծավալեցին հասարակական լայն գործունեությունՙ բարելավելու ընդհանրապես մարդկանց կյանքը: Խալափյանը բացահայտելու է արդիականացման ալիքի ազդեցությունը կանանց գործունեության ակտիվացման վրա: Դոկտ. Հասմիկ Խալափյանը, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում է դասավանդում, ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (այժմ լեզվաբանական համալսարան): Դոկտորի գիտական աստիճան է ստացել (պատմության գծով) Բուդապեշտի կենտրոնական Եվրոպայի համալսարանից: Նախկինում դասավանդել է նաեւ Երեւանի պետհամալսարանում եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում: Ունի բազմաթիվ տպագրված հոդվածներ եւ աշխատություններ հայոց պատմության ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: |