ՁԵՐ ՈՒԺՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երբ Հենրիխ Մխիթարյանը, ավելի ճիշտՙ Լոնդոնի «Արսենալը» հայտարարում է, որ հաջորդ տարի Չեմպիոների լիգայում խաղալու համար իրենք դեռ բոլոր հնարավորությունները չեն կորցրել, ես հավատում եմ: Բանն այն է, որ չնայած լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջնությունում 6-րդն է ու հազիվ թե մրցաշրջանի ավարտին վեր բարձրանա, այն պարագայում, երբ Չեմպիոնների լիգայում խաղալու համար պետք է առնվազն 4-րդ տեղը գրավել, բայց Արսենալը կարող է հաղթել Եվրոպայի լիգայում, որի 1/8-րդ եզրափակիչում է այժմ խաղում, ինչն էլ իրավունք կտա լոնդոնցիներին հաջորդ տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Բայց, երբ ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք վարչապետի հարց չեն քննարկել, ես չեմ հավատում: Եւ շատ կուզենայի հանդիպել մեկին, ով հավատում է: Հիշեցնեմ, վարչապետը ըստ նոր Սահմանադրության Հանրապետության ղեկավարն է լինելու, պատերազմի պայմաններում զինված ուժերի գերագույն գլխավորը, որի ընտրության իրավունքը տրված է ՀՀԿ-ին եւ վերջինս վարչապետի հարց չի՞ քննարկել, ընտրությունից մեկ ամիս առա՞ջ: Ինչպես ասում ենՙ իյա, իրո՞ք... Լավ, ո՞րն է խնդիրը, որ ՀՀԿ-ն, թեկուզ այս կուսակցության Կանանց խորհուրդը, որը վերջերս Ծաղկաձորում սեմինար էր անցկացրել, կանգնի ու տղամարդավարի հայտարարիՙ սիրելի ժողովուրդ, մենք որոշել ենք վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Ազատի Սարգսյանինՙ հաշվի առնելով վերջինիս քաղաքական փորձառությունը, պետականաշինության հմտությունները, ռազմական պրոֆեսիոնալիզմը, տոկուն կամքը, ազնիվ հոգին, հռետորական անկրկնելի ձիրքը, մի խոսքով... Վախենո՞ւմ են, ինչի՞ց, որ ժողովուրդը կմերժի ու դեմը կառնի՞: Բայց ժողովուրդը նման սահմանադրական իրավունք ունի՞... Ստեղծվում է տպավորություն, որ ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է կա՛մ նախագահ Սարգսյանին որոնելով, եւ երբ գտնի անմիջապես վարչապետ է առաջադրելու, կա՛մ էլ նրան համոզելով, որ վարչապետ դառնա: Դե այսինքն Սերժ Սարգսյանն անձամբ չի ուզում, բայց քանի որ ՀՀԿ-ն խնդրում է, իսկ ՀՀԿ-ում, ինչպես ԱԺ-ում այս կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ասելՙ ոչ մի բան միայն Սերժ Սարգսյանի որոշմամբ չի լինում, Սերժ Սարգսյանը ստիպված համաձայնելու է: Ու քանի դեռ չի համոզվել կամ քանի դեռ ՀՀԿ-ն իր առաջնորդին առանձին չի հանդիպել, ժամանակ են ձգում, մանավանդ, որ օրենքը նման հնարավորություն տալիս է: Բայց դա չի նշանակում, որ վարչապետի թեկնածության հարց չի քննարկվել: Այսինքն ՀՀԿ-ն, եթե ուզում է, որ իրեն հավատանք այնպես, ինչպես վերջին բոլոր ընտրություններից առաջ ենք հավատում, ապա պետք է հայտարարի, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է ու հիմա համոզում ենք նրան, կամ որոնում ենք նրան, կամ նա մտածում է... Ի դեպ, սա էլ է հնարավոր, որքան էլ դժվար պատկերացնելի լինի: Օրինակՙ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը. մարդուն առաջարկեցին դառնալ ՀՀ նախագահ, նա էլ ժամանակ խնդրեց, որ մտածի: Արդյունքում համաձայնեց, այնպես որ զարմանալի է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն վատ զգում ասելով, որ Սերժ Սարգսյանին արվել է առաջարկություն, նա էլ մտածում է: Չնայած չի բացառվում, որ այստեղ մի նուրբ բան կա: Սերժ Սարգսյանին շատ հնարավոր է, միայն ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելը չի բավարարում: Այսինքն նա ուզում է, որ ՀՀԿ-ից բացի իրեն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեն նաեւ մյուսները կամ գոնե մյուսների մեծամասնությունը, որպեսզի երբ ժամանակը գա, իսկ այդ ժամանակը հաստատ կգա, նա հանգիստ ասի, որ ինքը քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքում է վարչապետ ընտրվել, այլ կերպՙ ազգային միաբանության վարչապետ է, հետեւաբար կարող է եւ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկել եւ, օրինակ, Ամասիայում, ենթադրենք պանրի փոքրիկ արտադրամաս բացելՙ 2 աշխատողով, ներառյալ տնօրենն ու վարորդը: Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀԿ-ն կարող է հայտարարել, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ուղղակի կան հարակից հարցեր, որոնց շուրջ այս ընթացքում լուրջ քննարկումներ են գնում, օրինակ արժե՞ արդյոք սպիտակ նավակը դնել a3, եթե սեւերի զինվորը b4-ում կանգնած է: Ամեն դեպքում, անկեղծ լինում են ուժեղները: Ի դեպ, ՀՀԿ կանանց խորհրդի սեմինարին Սերժ Սարգսյանը դիմել է ՀՀԿ-ական կանանց ու ասելՙ «Մեր ուժն անկեղծության մեջ է»: |