RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4168, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 101-ՐԴ ՁԱՅՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովում կա մի մարդ, որն ուզում է, որ Հայաստանի նախագահ դառնա Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում նույն այդ մարդը չի ուզում, որ Արմեն Սարգսյանը նախագահ լինի... Բայց սկզբից սկսենք:

Մարտի 2-ին, ինչպես արդեն գիտենք, ի դեպ, կան մարդիկ, որոնք չգիտեն, Հայաստանի նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: ԱԺ-ի 101 պատգամավոր մասնակցեց նախագահական ընտրություններին, եւ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկեց 90-ը, դեմՙ տասը, ու մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Թե ի՞նչ է գրված եղել այդ քվեաթերթիկի վրա, Հաշվիչ հանձնաժողովը չի կարող հայտնել, քանի որ դրա բոլոր անդամները երդվել ենՙ չհրապարակել քվեաթերթիկների բովանդակությունը: Երդվել են չհրապարակել, ոչ թե ոչ մեկին չասել: Ու ասել են, ում որ ասել են, նա էլ ուրիշին է ասել, ի վերջո տեղեկությունը հրապարակվել է, ըստ որիՙ նախագահական վերջին ընտրություններին անվավեր ճանաչված թերթիկի վրա գրված է եղել Գագիկ Ծառուկյան, ավելի ճիշտՙ թերթիկն անվավեր է ճանաչվել, քանի որ դրա վրա գրված է եղել Գագիկ Ծառուկյան: Գրիչով:

Անձամբ պարոն Ծառուկյանը մասնակցել է ընտրությանը եւ չի բացառվում, որ նա... չէ, ոչ թե իրեն ՀՀ նախագահ է ընտրել, այլ պարզապես իրեն թվացել է, որ վերջում թերթիկի վրա պետք է գրի իր անունը, որ ձայնը շուտ տեղ հասնի: Թե չէ մենք հո գիտե՞նք, որ պարոն Ծառուկյանը մի անգամ առանձին, տետ-ատ-ետ հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, մի անգամ էլ խմբակցության կազմով Ծառուկյանը, այս պարագայումՙ դաշինքը, հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, որից հետո Ծառուկյանը (կապ չունի դաշինքը, թե ինքը) հայտարարեց, որ սատարում է Արմեն Սարգսյանին: Եւ քանի որ այս մարդկանց խոսքը ռեկորդային արագությամբ գործ է դառնում, վստահ կարող ենք լինել, որ ծառուկյանականներից որեւէ մեկը Արմեն Սարգսյանից բացի այլ մեկին չի ընտրել:

Ստացվում է անհավանական մի բան: Ինչ-որ մեկը, օրինակ ՀՀԿ-ում, ուզում է, որ Հանրապետության նախագահը Գագիկ Ծառուկյանը լինի եւ կամ հումորի մեծ զգացողություն ունի, չնայած այս երկուսը միասին էլ է հնարավոր: Մտել է քվեախցիկ, մի հատ ժպտացել, հետո վերցրել է գրիչը եւ գրելՙ Գագիկ Ծառուկյան, ապա նայել է իր գրածին, նորից է ժպտացել, չի բացառվում, որ ծիծաղել է ու դուրս է եկել քվեախցիկիցՙ թերթիկը նետելով քվեատուփը: Ընդ որում, ավելի հավանական է, որ թերթիկն անվավեր դարձրածը ավելի շուտ հանրապետական լինի, քան ծառուկյանական, քանի որ ով-ով, բայց ՀՀԿ-ն ու այնտեղ յուրաքանչյուրը լավ գիտեն, թե ընտրությամբ ոչինչ էլ չի որոշվում, ոնց ասվել ա, ըտենց էլ ըլնելու ա :

Եւ վերջապես ամենաանհավանական տարբերակը: Օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Էդմոն Մարուքյանը ստեղծված իրավիճակում այլ ելք չեն գտել, քան Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահ ընտրելը ու ընտրել են: Բայց քանի որ ե՛ւ Մարուքյանը, ե՛ւ մանավանդ Փաշինյանը բազմիցս անվավեր քվեաթերթիկներ տեսել են իրենց կյանքում եւ վստահ եմ, որ նրանք գիտեն, թե ինչպես են ընտրում, ապա հազիվ թե նրանք լինեն: Բացի այդ, եթե անվավեր քվեարկածը Ելք-ից լինի, ապա պետք է հասկանալ, թե ովքե՞ր են դեմ եղել Արմեն Սարգսյանին: Առանց այդ էլ, Ելք խմբակցությունն ունի 9 պատգամավոր, մինչդեռ Սարգսյանին դեմ են քվեարկել 10:

Դաշնակցությանը եւս բացառենք, քանի որ եթե դաշնակցականներից որեւէ մեկը իսկապես որոշած լիներ Արմեն Սարգսյանին նախագահ չընտրել, ապա թերթիկի վրա կգրեր ոչ թե Գագիկ Ծառուկյան, այլ Արամ Մանուկյան, օրինակ:

Մի խոսքովՙ կա՛մ Գագիկ Ծառուկյանն է Գագիկ Ծառուկյան գրել, կա՛մ էլ ինչ-որ հանրապետական: Կա՛մ հումոր են արել, կա՛մ էլ այնքան չեն եկել ԱԺ-ի նիստերին, որ ոչ հումոր ունեն, ոչ էլ գիտեն, թե նախագահ ինչպես են ընտրում: Լավ է, որ այդպիսի մեկ մարդ կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ