RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4210, Տպվել է` 491, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսաստանում պարզել են աշխարհի բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենաերեւելի, ազդեցիկ մարդկանց: Սոցիոլոգիական հետազոտություններիՙ Լեւադա-կենտրոնը անցել է անծայրածիր Ռուսաստանով մեկ, եղել է եւ Սանկտ Պետերբուրգում եւ Տամբովում եւ խուլ Սիբիրում, զրուցել է ակադեմիկոսների հետ, ձկնորսների հետ, ալկոհոլիկների հետ, հավատացյալների հետ, կանանց ու տղամարդկանց հետ... ու պարզել, որ ռուսաստանցիների 38 տոկոսի համոզմամբ աշխարհի բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենաերեւելի, ազդեցիկ մարդը Իոսիֆ Ստալինն է:

34 տոկոսն էլ սակայն համոզված է, որ Ստալինը չէ, այլ կա՛մ Պուշկինը, կա՛մ Պուտինը: Ռուսաստանցիների 32 տոկոսի կարծիքով աշխարհի բոլոր ժամանակների ամենաերեւելին ու ազդեցիկը Վլադիմիր Լենինն է: 29 տոկոսը համոզված է, որ ամենաազդեցիկ մարդը Պետրոս Առաջինն է, իսկ 20 տոկոսն իր ձայնը տվել է Յուրի Գագարինին:

Ի դեպ, մարտի 6-ին Գաբրիել Գարսիա Մարկեսի 91-ամյակն էր, բայց դա, հասկանալի է, կապ չունի այս պատմության հետ:

Թե ո՞ւր է գնում այս ամենից հետո Ռուսաստանը, թող իրենք պարզեն, մանավանդ որ դրա համար ե՛ւ բավականաչափ մարդ ունեն, ե՛ւ բավականաչափ տարածք, ե՛ւ իմաստուն, բայց փաստորեն անտեսված գրականություն: Մեր խնդիրն է հասկանալը, թե ո՞ւր ենք գնում Ռուսաստանի հետ: Հասկանալի է, որ առանց նրա չենք կարող. համ ձմռանն անգազ կսառենք, համ էլ գազան Թուրքիան Աֆրինը հաճախ կշփոթի Հայաստանի հետ, բայց Ստալին, Պուշկին եւ Պուտինՙ իրար հավասա՞ր, հետո Լենի՞ն, որին, ի դեպ, չեն թաղում, քանի որ խուսափում են հասարակական հուժկու բողոքից:

Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը: Դե հիմա, յուրաքանչյուրս էլ ունենք բարեկամներ, որոնց հետ ստիպված ենք շփվում. մենք շա՞տ ենք տարբերվում: Ասենք, եթե Հայաստանում նման հարցում անցկացվեր, Ստալինը տասնյակում, ներողություն, հնգյակում չէ՞ր լինի: Հենց Ստալինը, ոչ թե Լենինը: Գուցե առաջինը չլիներ, քանի որ առաջինը հավանաբար Նժդեհը լիներ, բայց կլիներ չէ՞ ու դա սարսափելի չէ՞, ավելին քան Ստալինի ժամանակներն էին:

Մեզ եւ ռուսներին ամենեւին էլ ընդհանուր շահերը չեն միավորում, կամ առավել եւս ընդհանուր թշնամիները (մենք եւ ռուսները ընդհանուր թշնամի չունենք): Ոչ էլ Իսկանդերն ու Կալաշնիկովն են մեզ միավորում, ոչ էլ աչքերի գույնը: Մեզ չեն միավորում նույնիսկ ԵԱՏՄ-ի լայնարձակ շուկաները, հայկական կոնյակը, ռուսական օղին ու Գազպրոմը, կամ էլ անգամ ռուս գրականության հանդեպ ակնածանքն ու կանանց նկատմամբ սերը: Ոչ Պուտինը, ոչ Սարգսյանը (կապ չունիՙ որը) չեն միավորում մեզ, ինչպես չի միավորում Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի քույր քաղաքներ լինելու փաստը կամ Հովհաննես Այվազովսկիի անծայրածիր ծովը, կամ ռուսալեզու Նարինե Աբգարյանի արձակը, կամ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Նույնիսկ Տիգրան Քեոսայանն ու Գարիկ Մարտիրոսյանը մեզ չեն միավորում, էլ չեմ խոսում Միշա Գալուստյանի, կամ, օրինակ, Արտաշես Գեղամյանի մասին:

Մեզ միավորում է Ստալինը, ներողություն, ընկեր Ստալինը: Եւ մեզ երեւելի ապագա է սպասվումՙ ազդեցիկ դաշնակցի հետ: Կազմո՞ւմ, դա դո՛ւք ասացիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ