RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



ՊՈԼՍԱՀԱՅ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4019, Տպվել է` 407, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՄԶԿԻԹԻ ՍՊԱՍԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԻՆ

ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆ

Բասքըն Օրանը թուրք հայտնի լրագրող է: «Ակօս» թերթում նա անդրադարձել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցինՙ քննադատելով երկրի պետական մարմինների կամայականությունները այդ հարցում: Հոդվածը ներկայացվում է թարգմանաբարՙ թուրքերենից:

Նամակն ստանալուն պես Պոլսո պատկառելի Կրոնական Ժողովը մի կողմ է թողնում իր իսկ ընտրած Բեքչյանին, վերստին անցնում է պատրիարքի նախկին ընդհանուր փոխանորդ Աթեշյանի ենթակայության տակ: Երբ մեծամասնությունը դողդողում է, ամոթ է փոքրամասնությունից հանդգնություն ակնկալելը:

Նախքան սպասավորի կամ փոխանորդի հարցին անդրադառնալը ուզում եմ հարցնելՙ մենք այսուհետեւ ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Հունաստանին, ասելով. «Ինչո՞ւ եք Արեւմտյան Թրակիայում խոչնդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն»:

***

Մեր թեման հայոց պատրիարքի ընտրությունն է: Դա թերեւս պայմանավորված է Լոզանի պայմանագրում պատրիարքարանների մասին որեւէ հոդվածի բացակայությամբ: Պետությունը մինչեւ ուղն ու ծուծը մշտապես միջամտել է պատրիարքական ընտրություններին: Ընդ որում ոչ թե Ստամբուլի նահանգապետի, այլ նրա տեղակալներից մեկի միջոցով : Ավելի բարձր ինստանցիաներն անհասանելի են պատրիարքարաններին, քանի որ նրանք արդեն իրավաբանական անձի կարգավիճակ էլ չունեն:

Նախքան թեմային անցնելը վիճակագրական երկու տվյալ եմ ներկայացնում, հստակեցնելու համար մեր ազգազգացմունքային իրավիճակի պատկերը: 1) Թուրքիայի բնակչությունը 80 մլն. Է, որի 99 %-ըՙ մահմեդական: 2) Հայ բնակչության թիվը մոտ 55 հազար է կազմում, ոչ մահմեդականներն էլ բոլորն իրար հետ շուրջ 100 հազար: Հիմա անդրադառնանք թեմային:

***

Հայոց Պատրիարքարանը հիմնադրվել է 1461-ին սուլթան Մեհմեդ II-ի կողմից: Աշխարհականների կշիռը բարձրացնող, ուժերի հարաբերակցության սկզբունքին հետեւող Հայ Ազգային Սահմանադրությունը (1863) պատրիարքի լիազորությունը բաշխեց համայնքային խորհուրդների եւ հանձնաժողովների միջեւ:

Հանրապետության հռչակումից հետո պատրիարքարանը կառավարվում էր պատրիարքի տեղակալի (աթոռի սպասավորիՙ տեղապահի) միջոցով: Երկրում հնարավոր եղավ պատրիարքի ընտրություն անցկացնել 1950-ին միայն, այն էլ մեկ անգամվա համար եւ այդ «մեկ անգամվան» մինչեւ մեր օրերը մնացել է ուժի մեջ: 1998 թվի վերջին ընտրությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր: Արդյունքում պատրիարք ընտրված Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության (զառամախտի) պատճառով դարձավ անաշխատունակ:

Եկեղեցու կանոնադրության համաձայն, Կրոնական պատկառելի ժողովը գումարվում է այն ժամանակ, երբ մահվան, հրաժարականի կամ էլ անհետանալու պատճառով թափուր է մնում պատրիարքի աթոռը: Նրա միակ առաջադրանքը տեղապահի ընտրությունն է, որպեսզի կարգավորի անհետաձգելի խնդիրներն ու ձեռնամուխ լինի պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը: Ընտրությունների ընթացքը կարգավորելու համար ստեղծվում է նաեւ կրոնականներից ու աշխարհականներից կազմված նախաձեռնող մարմին: Ընտրությունները երկկարգ են: Պատվիրակների 1/7-ն ընտրվում է հոգեւորականների, իսկ 6/7-ն աշխարհականների միջից: Պատրիարքին հենց պատվիրակներն են ընտրում: Ամենայն հավանականությամբ Հայկական եկեղեցին երկրագնդի ամենաաշխարհիկ եկեղեցին է:

***

Ինչ վերաբերում է սպասավորի նշանակման հանգամանքին, ապա դրա պատմությունն սկսում է հետեւյալ կերպ.

Երբ վատթարանում է Մեսրոպ Պատրիարքի առողջական վիճակը, եպիսկոպոս Արամ Աթեշյանը, որին վերջինս երկրից բացակայելու ժամանակ փոխանորդ էր թողնում, գնում է նահանգապետարան եւ առաջ է քաշում առ այսօր չլսված աթոռակից պատրիարք ընտրելու գաղափարը: Իմանալով այդ մասինՙ նախաձեռնող խումբը իսկույն գործի է անցնում, իրազեկելով, որ ուզում են ոչ թե աթոռակից, այլ նոր «պատրիարք ընտրել»:

Պատասխանը չի ուշանում. «Ձեր պատրիարքը ողջ է, իսկ «աթոռակից պատրիարքի պաշտոն, որպես այդպիսին գոյություն չունի, հետեւաբար դուք պետք է «պատրիարքի փոխանորդ» ընտրեք»: Ի դեպ, մինչ այդ Կրոնական Ժողովով պատրիարքի ընդհանուր փոխանորդ չէր ընտրվել կամ նշանակվել ու ոչ էլ այդ մասին լսվել էր: Սակայն, դա պետությունն էր (նահանգապետի տեղակալը) կամենում: Oգտվելով այդ հանգամանքից, Աթեշյանը Հոգեւոր խորհրդի նիստ է հրավիրում եւ մեկ գիշերվա մեջ հապճեպ դառնում է ընդհանուր փոխանորդ:

Համայնքը, սակայն, հակազդեցությամբ իսկույն արձագանքում է դրան, հավաքելով 6 հազար ստորագրություն, պատրիարքական ընտրություններ է պահանջում: Ի պատասխան Աթեշյանն ասում. « Ոչ թե 6 հազար, այլ 60 հազար ստորագրություն էլ հավաքելու լինեք, այս իրավիճակը պահպանվելու է մինչեւ պատրիարքի մահը»: Ասեմ, որ նա 11 տարով փոքր է ինձնից, ծնվել է 1956-ին:

Այնուամենայնիվ, 2016-ի հոկտեմբերին, երբ Կրոնական Ժողովը բժշկական եզրակացության հիման վրա Մութաֆյանին թոշակի է ուղարկում, Աթեշյանը մի քիչ փափկում է, ասելով. «Ես որպես փոխանորդ հանդիպում եմ խնդրել նահանգապետարանից, մի քիչ սպասենք»:Հետագայում, մի ծանոթի նահանգապետարարից ստացած տեղեկության համաձայն պարզվում է, որ հանդիպման որեւէ խնդրանք իրականում չի ներկայացվել:

Այդ ընթացքում Կրոնական ժողովի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, տեսնելով տարիներ շարունակ ընտրությունների ձգձգումը, հակադրվում է Աթեշյանին, որից հետո Աթեշյանը վերջապես համաձայնվում է տեղապահի ընտրությանը եւ փոխանորդի պաշտոնից հրաժարվելու խոսք է տալիս, ով էլ որ տեղապահ ընտրվի:

Տեղապահի ընտրությունն սկսում է 2017թ. մարտի 15-ին, ժամը15.00-ին, որը շահում է Գերմանիայի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը, ստանալով 34 հոգեւորականներից 23-ի ձայնը:

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո տեղի է ունենում շատ հետաքրքրական մի բան: Աթեշյանը, որ ժողովին անդադար «պետությանը ենթարկվելու» հորդորներ էր անում, հանկարծ մեջտեղ է բերում Ստամբուլի նահագապետի տեղակալից ստացված ֆաքսն ու կարդումՙ «Ըստ պատրիարքի ընտրության մեթոդների, ընդունված կարգի ու ավանդույթի, փաստորեն հնարավոր չէ տեղապահի ընտրության անցկացումը»:

Ժողովի անդամներից մեկը նայում է, որ ֆաքսն ուղարկվել է ժամը13.47-ին: Այսինքն, եթե Աթեշյանն ինքը ընտրված լիներ, ապա ֆաքսը թաքցնելու էր:

***

Ի վերջո Նախաձեռնող մարմինը 2017-ի դեկտեմբերի 13-ին պատրիարքական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտնում է նահանգապետարանին, իսկ Աթեշյանը ճամարտակումՙ « Թույլ չեն տալու: Խաչ են քաշել Բեքչյանի վրա, ես ձեզ ասում էի»:

Հաջորդաբար ուղարկված 6 նամակին ի պատասխան, պատրիարքարանը 2018-ի փետրվարի 5-ին ստանում է Ստամբուլի նահանգապետի ստորագրությամբ մի նամակ, որն սկսում է հետեւյալ կերպ. « Պատրիարքի հիվանդությունը պատճառ չէ աթոռը թափուր համարելու», ապա ընդգծում, որ ուժի մեջ է մնում Արամ Աթեշյանի փոխանորդի պաշտոնը եւ անվավեր են Գարեգին Բեքչյանի պատրիարքի տեղապահ ընտրվելու հետ կապված բոլոր գործողությունները:

Նամակում Բեքչյանի մասին արտահայտվելիս օգտագործվում է « այսպես կոչված» բառակապակցությունը:

Ստանալով այդ նամակը, Կրոնական պատկառելի ժողովը մի կողմ է դնում տեղապահ ընտրված Բեքչյանին եւ իրեն ղեկավար է կարգում նախկին փոխանորդ Աթեշյանին (առանց ժողովներին բնորոշ կարգ ու կանոնը հարգելու): Բայց հանկարծ չդատապարտեք, եթե մի երկրում մեծամասնությունն է սարսափահար դողդողում, ապա ամոթ է հանդգնությունը փոքրամասնությունից ակնկալելը:

***

Գործին միջամտում է նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն . Չրաղան պալատում անվտանգության գերատեսչության պետի եւ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի մասնակցությամբ հանդիպման է հրավիրում հայ «երեւելիներին»: Բացման խոսքում նա անդրադառնում է Թուրքիայի ներքին եւ արտաքին կացությանը, ընդգծում է ժողովրդավարության կարեւորությունը, ապա ասումՙ «Լսում եմ ձեզ»:

Հիմնադրամի ղեկավարներից Պետրոս Շիրինօղլուն նշում է. «Մեր պետությունը հարցի կարգավորմանն ուղղված լուրջ քայլ է կատարել: Մեծապես շնորհակալ ենք»: Սակայն, ի տարբերություն նրան, հանդիպմանը ներկա մյուս հիմնադրամների ղեկավարները պահանջում են «պատրիարքական ընտրությունների անհապաղ անկացումը»:

Հայ երեւելիներից փաստաբան Սեպուհ Ասլանգիլը պարզորոշ ասում է. «Շեշտադրեցիք ժողովրդավարության կարեւորությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ», ապա հավելում է, որ տեսել է պատրիարքարան հասցեագրված նամակը, որը իր տեսած ամենաանմիտ պաշտոնական գրությունն է, եկեղեցու կանոնակարգի համաձայն Կրոնական ընդհանուր ժողովի որոշումով պաշտոնանկ արված Աթեշյանն այդ նամակով համայնքին է պարտադրվում: Այնուհետեւ նա դատապարտում է տեղապահ ընտրված Բեքչյանի համար «այսպես կոչված» բառակապակցության օգտագործումն ու դրանով ավարտում է խոսքերը: Սոյլուն իր հերթին ասում է. «Ի նկատի կունենանք ձեր մտահոգությունները, նորից ենք հանդիպելու»:

***

1. Հիմա արդեն մենք ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Հունաստանին, ասելով. «Ինչո՞ւ եք Արեւմտյան Թրակիայում խոչընդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն»:

2. Սպասավոր ասելիս պետք է խոստովանել, որ սպասավորների միջեւ կա տարբերություն, պարզապես չգիտեմ, դա լավ է, թե՞ վատ, համենայնդեպս պատրիարքարանում նշանակված սպասավորը հայ է:

Կան նաեւ նմանություններ: Նշանակված սպասավորներն առհասարակ ունենում են այնքան կյանք, որքան թիթեռնիկը, սակայն նրանց պատճառած վնասը նշանակող իշխանություններին (պետությանը եւ այն ընտանիքին, որի միջից ծնունդ են առել) մնայուն է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ