ՀԱՅ ԿԻՆՈՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ՆԱԻՐ ՅԱՆ Հայրենի ֆիլմարտադրությունըՙ առողջ ու մրցունակ. ապագայի նման հեռանկար են տեսնում մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ կինոյի հանձնակատարը: Նրանք կինոհայտերի ընդունման կարգ-կանոնը փոխելու են: Սա է լինելու կինոարտադրության փոփոխության հիմքերի հիմքը: Բոլորն են դժգոհ այն կանոնակարգից, որով ընտրվում եւ նկարահանվում են կինոհայտերը: Բոլորն են քննադատում, որ անընդհատ նույն մարդիկ են ֆիլմ նկարելու բախտին արժանանում, բայց նկարահանված ֆիլմերը բանի պետք չեն: Այս անմխիթար պատկերն է դրդել, որ ֆիլմարտադրության կանոնակարգը փոխվի: Ազգային կինոկենտրոնն ունենալու է տեխնիկական ու գեղարվեստական հանձնախմբեր, որոնց էլ ներկայացվելու են կինոհայտերը, ընդ որումՙ առանց նշելու հայտատուի անուն-ազգանունը: Հայտերը լինելու են համարակալված: Փոխվել են կինոնախագծերի ներկայացման պահանջները. փաթեթները պետք է լինեն լավ մշակվածՙ սցենարական նախագծով ու նախահաշվարկով, իրավական, տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: Սակայն հենց այստեղ է առաջանում խնդիրը: Մենք չունենք սցնարիստներ, կինոնախագծերի լիարժեք փաթեթներ պատրաստող մասնագետներ: Իսկ թե ովքեր են լինելու կինոկենտրոնի տեխնիկական ու գեղարվեստական հանձնախմբերի անդամները, դեռ անուններ չեն նշվում: Եվ ովքե՞ր պիտի լինեն, եթե դաշտը դատարկ է: Մինչեւ հիմա նկարահանված ու հանրությանը ներկայացված ֆիլմերն են վկայում, թե ովքեր են կինոհայտերն ընդունող, կարդացող ու ընտրող «մասնագետները»: Իսկ թե ովքեր են փոխարինելու նրանց, որպեսզի նույն պատկերը չկրկնվի նաեւ այսուհետեւ, դեռ պարզ չէ: Այստեղ էլ շատ անելիք ունենք. պետք է համապատասխան մասնագետներ պատրաստվեն: Կինոհայտերի ընդունման ու գնահատման նոր կանոնակարգը շեշտը դնելու է համարտադրողներ գտնելու վրա: Ազգային կինոկենտրոնը ֆիլմարտադրությամբ չի զբաղվելու, այլ ընդամենն աջակցելու է ֆիլմարտադրողին: Կինոոլորտին տարեկան տրամադրվում է 274 միլիոն դրամ. այդ գումարի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտներին, 5 տոկոսըՙ կինոնախագծերի զարգացմանը: Նպատակ կա երիտասարդներին խրախուսել ու աջակցել, որպեսզի նոր անուններ ի հայտ գան ու բացահայտվի, թե երիտասարդներից ինչ նոր գաղափարներ կարելի է սպասել: Կինոարտադրության ոլորտի փոփոխություններն ուղիղ կապ ունեն կինոյի մասին օրենքի հետ, որը դեռ չի մտել կառավարություն ու Ազգային Ժողով: Այն, որ հայրենի կինոարտադրությունն առողջացման կարիք ունի, անհերքելի, բայց թե որքանով հնարավոր կդառնան առողջացման հեռանկարները, հեռանկարում դեռ տեսանելի չեն: |