ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ (Զրույց թիվ 4) Առաջին աշխարհամարտի ավարտից հետո լավատես եւ ավելի ինքնավստահ դարձած Հայ Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ցանկություն հայտնեց մաս կազմել ստեղծվելիք նոր կոալիցիոն կառավարությանը («Ժողովրդի ձայն», 6 դեկտեմբերի 1918 թ.) եւ ստացավ նախարարական չորս պորտֆել: ՀՅԴ-ի հետ բանակցությունների արդյունքում (ձախ ուժերը հրաժարվեցին մտնել կառավարություն) ստեղծված կառավարության ինն անդամներից չորսը ՀԺԿ անդամներ էին` Արտաշես Էնֆիաջյան` ֆինանսների, Սամսոն Հարությունյան` արդարադատության, Միքայել Աթաբեկյան` ժողովրդական լուսավորության, Լեւոն Ղուլյան` պարենավորման նախարար : Նախարարներ Ա. Էնֆիաջյանի, Մ. Աթաբեկյանի եւ Լ. Ղուլյանի (պաշտոնավարությունից մեկ ամիս չանցած Մ. Աթաբեկյանը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց Գ. Մելիք-Ղարագյոզյանը, իսկ Լ. Ղուլյանին փոխարինեց Ք. Վերմիշյանը) բացակայության պատճառով վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարի պարտականությունը դրվեց Խ. Կարճիկյանի (նշանակումից հետո` նոյեմբերի 13-ին, Խաչատուր Կարճիկյանը սպանվում է իր աշխատասենյակում: Նրա փոխարեն խնամատարության նախարար է նշանակվում Ալ. Խատիսյանը: 1919 թ. հունվարին (Արամ Մանուկյանի մահից հետո) վերջինիս վրա դրվեց նաեւ ներքին գործերի նախարարի պարտականությունները, լուսավորությանը` Ս. Հարությունյանի եւ պարենավորմանը` Ա. Մանուկյանի վրա: Դրանով ՀԺԿ-ն «լծվեց հայկական պետական նավին» («Ժողովրդի ձայն», Թիֆլիս, 10 նոյեմբերի 1918 թ.) եւ ՀՀ ղեկավար կենտրոնը մի փոքր թեքվեց դեպի աջ: Ընդդիմություն մնացին էսեռներն ու սոց. դեմոկրատները, որոնց ընդդիմությունը «ուժեղանում էր մահմեդական առաջնորդների աջակցությամբ» (Hovhannissian R., Republic of Armenia, h. 1, էջ 153): Հայ իրականության մեջ տվյալ պահին ՀԺԿ-ն անգերազանցելի էր մի շարք առումներով: Նախ կուսակցության շարքերում ֆինանսա-տնտեսական, վարչա-իրավական բնագավառների բարձրակարգ մասնագետներ ավելի շատ կային, քան մյուս բոլոր քաղաքական ուժերը միասին: Տեսական գիտելիքներին զուգընթաց ժողովրդականների մի զգալի մասն ուներ նաեւ գործնական աշխատանքի փորձառություն: Ժողովրդականները, մտնելով կառավարություն, նպատակ ունեին կարգուկանոն հաստատել երկրում: Սակայն մի քանի ամիսների համատեղ աշխատանքը ցույց տվեց, որ երկրի իշխանությունը չդարձավ համախմբված, միասնական, կուռ ու համերաշխ մարմին: Նախարարությունները, ըստ կուսակցական պատկանելության, գործում էին իրարից անջատ, չէին կիսում ընդհանուր պատասխանատվությունը: Նրանց միջեւ մշտապես առկա էր ներքին պայքար, որն իր գագաթնակետին հասավ 1919 թ. Մայիսի 28-ի «Միացյալ եւ Անկախ Հայաստանի» մասին եւ դրանից բխող «Հայաստանի խորհրդի համալրման մասին» կառավարության հայտնի հայտարարության առիթով, որով պետք է ՀՀ խորհրդարանը համալրվեր արեւմտահայ ներկայացուցիչներով: 1919 թ. փետրվարի 6-13-ին տեղի ունեցած Արեւմտահայերի երկրորդ համագումարի որոշմամբ խորհրդարանը համալրող 12 պատգամավորները ՀՅԴ անդամներ էին կամ դրան հարողներ: Մինչդեռ հայտնի էր, որ գաղթականության մեջ զգալի կշիռ ու ազդեցություն ունեին ռամկավարները եւ անաչառ մոտեցման դեպքում այդ 12 անդամների թվում անկասկած կլինեին նաեւ ռամկավարներ: Մյուս բոլոր կուսակցություններն էլ դեմ էին այդ քայլին, իսկ ՀԺԿ-ական պատգամավոր Գ. Տեր-Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը անօրինական քայլ է կատարել, փաստորեն պետական հեղաշրջում, ուստի իրենք հրաժարվում են խորհրդի աշխատանքներին մասնակցելուց (ՀԱԱ ֆ. 393, ց. 2, գ. 118, թ. 1, «Ժողովուրդ», 6 հունիսի 1919 թ.): Բայց քանի որ նրանք հեռացել էին համագումարից եւ Արեւմտահայ նորընտիր գործադիր մարմինը բաղկացած էր միայն ՀՅԴ անդամներից, ուստի եւ նրա ընտրած ներկայացուցիչներն էլ դաշնակցականներ էին: Հունիսի կեսերին ժողովրդական նախարարները պաշտոնապես դուրս եկան նաեւ կառավարության կազմից եւ ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիան վերջ գտավ : Ավելին, ուժեղ քաղաքական պայքար սկսվեց Հայաստանի երկու ազդեցիկ ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ: ՀԺԿ պաշտոնաթերթեր «Ժողովրդի ձայնը» եւ «ժողովուրդը» սխալ, ապօրինի եւ արեւմտահայության իրավունքների բռնաբարում էին համարում այն, որ «կառավարությունը, որ կազմված է միայն ռուսահայերից, առանց թուրքահայերի մասնակցության, իրեն համարում է Միացյալ ՀՀ կառավարություն» («Ժողովրդի ձայն», 3 հունիսի 1919 թ.: Տես նաեւ «Ժողովուրդ», 11 հունիսի 1919 թ.): Նկատենք, որ ստեղծման պահից արեւելահայերի հիմնախնդիրներով մտահոգ ՀԺԿ-ի այս շրջադարձը, որպես հակակշիռ ՀՅԴ-ի, կատարվեց ի նպաստ սկսված Հայ ռամկավարների հետ մերձենալու գործընթացին: Ստեղծված իրավիճակից որպես ելք ՀԺԿ-ն առաջարկում էր, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմի Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակությանը, որը արեւմտահայության շահերի գլխավոր արտահայտիչն էր, եւ առաջարկի հայության երկու հատվածներից կազմել ժամանակավոր կառավարություն եւ հրավիրել Միացյալ Հայաստանի Սահմանադիր ժողով (ՀԱԱ, ֆ. 200, ց 11, գ. 35, թ. 116): Ժողովրդականները գտնում էին, որ խորհրդարան հրավիրված արեւմտահայ 12 ներկայացուցիչներն ընտրված են միայն Հայաստանի սահմաններում ապաստանած մոտ 200 հազար արեւմտահայերի կողմից եւ այն էլ ոչ լրիվ օրինական: Նրանց կարծիքով գաղութահայության շահերի գլխավոր արտահայտիչը Փարիզի Արեւմտահայ գործադիր մարմինն է, առանց որի այդ 12-ին խորհրդարան ուղարկելն անօրինական էր: ՀՅԴ եւ ՀԺԿ միջեւ դիմակայությունն ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ Միքայել Պապաջանյանի ստորագրությամբ Փարիզից ստացվեցին հրահանգներ, որոնցում պահանջվում էր իր կուսակիցներից «շարժվել համաձայն Պ. Նուբարի ցուցմունքների» (Վրացեան Ս., Բանակցութիւններ ազգային պատվիրակութեան եւ ՀՀ միջեւ, Պոսթըն, 1920, էջ 13): ՀԺԿ-ն բոյկոտեց նաեւ 1919 թ. ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանց նախօրյակին ընտրացուցակներից հանեց իր թեկնածուների ցանկը: ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ հարաբերություններն այն աստիճան լարվեցին, որ կառավարախորհրդական ճգնաժամը հնարավոր չեղավ հաղթահարել: Սակայն «Ճշմարտությունը պահանջում է ասել,-նշում է պատմաբան Ա. Հակոբյանը,-որ եթե ՀԺԿ-ն չբոյկոտեր ու մասնակցեր ընտրություններին, ապա անկասկած կշահեր մի շարք տեղեր» (Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 187): Արձանագրենք, որ թեեւ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելուց հետո ՀԺԿ-ն այլեւս գործուն մասնակցություն չունեցավ ՀՀ պետական կյանքին, սակայն շարունակում էր մնալ ՀՅԴ-ից հետո ՀՀ եւ կովկասահայ երկրորդ ամենաազդեցիկ ուժը: ՀԺԿ-ն մեծ թվով ներկայացուցիչներ ուներ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ ամենաուժեղ ընդդիմությունն էր: Ճիշտ է, ընտրություններից հետո ժողովրդականները պահանջեցին անվավեր համարել հունիսյան ընտրությունները եւ նշանակել նոր ընտրություններ, բայց այս բողոքն ընդամենը ինքնահանգստացման միջոց էր եւ որեւէ գործնական նշանակություն այլեւս ունենալ չէր կարող: Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության տարիներին արտախորհրդարանական կուսակցություններից հայ գաղթականության շրջանում մեծ կշիռ ուներ Ժողովրդականների գաղափարական դաշնակից եւ գրեթե բոլոր հարցերում համախոհ Հայ Սահմանադիր Ռամկավար կուսակցությունը (ՀՍՌԿ), որի եւ իրադարձությունների հետագա զարգացման մասին կխոսենք մյուս անգամ : |