ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ «ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ» ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ Հ.Ծ. Արդեն ավանդույթ է դարձել, որ Նյու Յորքի «Թայմս Սքուերում» հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի այն կկայանա ապրիլի 22-ին ժամը 14:00-ից-16:00-ը, Վարդանանց ասպետների եւ դուստրերի միջատլանտյան մասնաճյուղերի կազմակերպությամբ եւ ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի ազգային կոմիտեի (Հայ դատի), Ամերիկայի հայկական խորհրդի եւ Ռամկավար Ազատական կուսակցության համահովանավորությամբ: Մասնակցելու են Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան եւ արեւմտյան թեմերը, Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիան, Մ.Ն.ի եւ Կանադայի հայկական կաթոլիկական թեմը, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը, Հայ երիտասարդաց դաշնությունը եւ հայ համալսարանականների ակումբները: Ցերեկույթ-հավաքին ելույթներ են ունենալու ճանաչված քաղաքական գործիչներ, մտավորականներ եւ արվեստագետներ: Միջոցառմանը, որը կրելու է «Ճշմարտություն, արդարություն եւ ճանաչում» կարգախոսը, նախագահելու են էսկվայր Արմեն ՄկՕմբերը եւ պրոֆ. Նվեր Բեյլերյանը (Բերգենի համայնքային քոլեջի «Խաղաղության, արդարության եւ հաշտության» կենտրոնի համատնօրենը): Տեղեկատվական հաղորդագրությունը առանձնացնում է այս տարվա 103-րդ հիշատակումը, որովհետեւ այն տեղի է ունենալու ցեղասպանագետ դոկտ. Թաներ Աքչամի վերջերս լույս տեսած «Սպանելու հրամանները» (Killing Orders) գրքի հրատարակումից անմիջապես հետո: Այդ գրքում նա բացառապես օգտագործել է թուրքական աղբյուրները եւ կառավարության հրամանների բնօրինակները: «Նյու Յորք Թայմսին» տված Աքչամի հարցազրույցը թերթը վերնագրել էր «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմսը կորած ապացույցներ է երեւան հանում»: Դրանում նա ասում է. «Իմ կարծիքով Թուրքիայում ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն կհաստատվեն միայն այն դեպքում, երբ երկիրը առերեսվի իր պատմության հետ եւ ճանաչի պատմական իրավազանցություններն ու հանցագործությունները»: |